Մարզաառողջարանային համալիր, զբոսայգի, շատրվաններ, հանգստի գոտի. Կապանում շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում է կատարվում

Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որին հարակից մի քանի դիրքային ամրություններ Արցախյան պատերազմից հետո հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, այս օրերին ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում:

Բացի փողոցների հիմնանորոգումից և ջրագծերի անցկացումից, այստեղ կառուցվում է բարձրահարկ բնակելի շենք, ինչպես նաև խոշոր մարզական ժամանցային կենտրոն:

«Insport Սյունիք» կոչվող այս կենտրոնը կառուցվում է Կապանի կենտրոնամերձ հատվածում, այնտեղ, որտեղ խորհրդային տարիներին քաղաքային լողավազանն է եղել: Հանրային նշանակության գոտում 1700 հա տարածքի վրա գործելու է մարզական կենտրոն՝ լողավազանով, մարզասրահներով: Կառուցապատողը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն է: 

«Մենք որոշեցինք վերականգնել իր նախորդ նշանակությունը՝ ունենալ մարզաառողջարանային համալիր, զբոսայգի, շատրվաններ, երեխաների համար նախատեսված հանգստի գոտի»,- ասում է ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը:

Ընդհանուր առմամբ ծրագրի իրականացման համար կատարվել 1,74 մլրդ դրամի (2 մլն դոլար) ներդրում: Առաջին փուլում նախատեսվում է 2022-ի ապրիլին շահագործման հանձնել համալիրը, իսկ երկրորդ փուլում՝ 10 ամիս անց՝ զբոսայգին, շատրվանները, խաղահրապարակը: Խոստանում են ստեղծել 40 աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Քարամյանն ասում է՝ անգամ պատերազմական իրավիճակն ու դրանից հետո ստեղծված սահմանային անորոշությունը չեն կանգնեցրել ներդրում կատարելու ծրագրից: «Շինարարությունից որևէ մեկ օր կանգ չենք առել, որովհետև կանգառը արդեն կնշանակեր պարտություն, իսկ սահմանը անվտանգ է աշխատանքով: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա»,- նշում է նա:

Ավելին, նրա խոսքով՝ Հայաստանին սպառնացող խնդիրներից մեկը նաև տարածքային անհամաչափ զարգացումն է, հետևաբար հնարավորություն ունեցող բոլոր ներդրողները կարևոր է մտածեն՝ ներդրում պետք է կատարել Հայաստանի մարզերում:

«Մի փոքր ներդրումը Հայաստանի մարզերում շատ կարևոր է՝ Երևանից հեռու ապրող մեր հայրենակիցների կյանքը փոքր-ինչ բարելավելու համար»,- նշում է Արսեն Քարամյանը:

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հույս ունի՝ կառուցվող համալիրը կակտիվացնի Կապանի ու հարակից շրջանների բնակչության կյանքը, նոր ուղղություն կստեղծի նրանց համար:

«Նման նշանակության համալիրը եզակի է տարածաշրջանում, ինչը, կարծում ենք, բավականին կակտիվացնի մարդկանց կյանքը»,- հույս ունի քաղաքապետը:

Տեղի գործարարներից մեկի ներդրմամբ քաղաքի կենտրոնում բարձրահարկ բնակելի շենք է կառուցվում: Ճիշտ է՝ «էլիտար» շենքում ապրելու ցանկություն դեռ շատերը չէ, որ հայտնել են, բայց քաղաքապետարանում հույս ունեն, որ նորակառույցում բնակարան գնել ցանկացողների թիվը կավելանա, երբ շենքի շինարարությունն ավարտվի:

Քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասում է՝ կապանցիների սոցիալական վիճակը համեմատաբար լավ է, կան աշխատատեղեր մարզային գործարաններում, և աշխատավարձն էլ ցածր չէ: Բացի այդ, կարծում են՝ մարզային շրջաններում նորակառույցում հիփոթեքով բնակարան գնելու դիմաց եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կարող է ակտիվացնել շուկան:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am