«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը
– Պարո՛ն Պարսիլյան, ինչպես եք գնահատում «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ երկու ամսով կալանավորելու որոշումը և նրանցը խուլիգանության մեղադրանքով կալանավորելու իրավաչափությունը։
– Իրականում տրամաբանական էր ու սպասելի, որովհետև նրանք արդեն հատել էին նույնիսկ քրեական պատժելիության սահմանը, քանի որ ուղիղ հաշվեհարդարի սպառնալիք էին հնչեցրել: Եթե հայտնեմ անձնապես իմ կարծիքը՝ լրատվական դաշտի վրա նրանց գործունեության ունեցած հետևանքների մասին, ապա նրանք ու ևս մի քանի հոգի կլինեն, լրատվական դաշտը վերածել են հայհոյանքի մշակույթի ու անտանելի մթնոլորտի, որի պատճառով ես նույնիսկ անհանգստանում էի, որ մեր անչափահաս երեխաները սոցիալական ցանցերում կարող են հանդիպել նրանց հաղորդումներին:
– Իրավապահ մարմինների գործողություններն իրավաչա՞փ եք համարում:
– Իհարկե, ես անձամբ օրինաչափ եմ համարում ու, ինչպես արդեն ասացի մտահոգություններիս մասին, այդ առումով էլ լավ եղավ, որովհետև եթե նրանք դադարեն դաշտում լինել, ապա այդ հայհոյանքի մշակույթը քիչ թե շատ կմաքրվի:
– Դուք ասում եք, թե հայհոյանքի մշակույթը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն են բերել, բայց որոշ տեսակետների համաձայն՝ երկրում տիրող անհանդուրժողականության, հայհոյանքի մթնոլորտը ստեղծել է ձեր քաղաքական թիմի առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, նույն հոգևորականների հասցեին հնչեցնելով տարբեր բնորոշումներ, տարաբնույթ հայտարարություններով:
– Դա հայհոյանքի մշակո՞ւյթ է, երբ քաղաքական թիմի ղեկավարն օգտագործում է բառ, որը շատ անթույլատրելի կամ 18+ չէ: Այդ ամենն իրականում մեզանից չի սկսվել, որովհետև մենք դրա կրողներն էլ չենք, ու չպետք է համեմատություններ տանել: Այս վերջերս ականջովս ընկավ Էջմիածնում Անդրանիկ Թևանյանի աջակիցներից մեկի տեսանյութը, որտեղ հայհոյանքից բացի ուրիշ բան չկար: Ես վստահ եմ, որ մեզանից նման խոսույթ դուք փնտրեք էլ չեք գտնի: Այդ ամենն ընդամենը հակադարձման միջոց է, իսկ հոգևորականների հետ կապված, եթե հոգևորական են, դա նշանակում է, որ նրանց մասին ունեցած ինֆորմացիան, նրանց սխալների մասին խոսելը տաբո՞ւ են, իրավունք չունե՞նք խոսելու:
– Պարո՛ն Պարսիլյան, ընդդիմության աջակիցների մասին խոսեցիք, Հովհաննավանքում իշխանության աջակիցների վարքն ու բառապաշարն էլ շատ քննադատվեցին, նրանց վարքի մեջ խնդիրներ չե՞ք տեսել:
– Ցանկացած տեղ, որտեղ մարդը կարող է սովորականից այլ կերպ խոսել զրուցակցի հետ, ես չեմ արդարացնում, բայց և ընդունում եմ, որ ես էլ կարող եմ նման բան թույլ տալ: Առնվազն չեմ տեսել այն հայհոյախոսությունը, ինչի մասին ասացի, ու նաև նկատել եմ, որ լրագրողների հարցերն էլ, օրինակ՝ մենք հենց հիմա խոսում ենք, ու ես չեմ կարող ձեր հարցադրումների որակը, մակարդակը ու նաև սադրանքի չափը, որովհետև այստեղ չկա, դնել նույն հարթության վրա, ինչ այնտեղ էր լրագրողների կողմից: Եկեք ամեն ինչում հասկանանք պատճառահետևանքային կապը:
– Իշխանության հանդեպ հաճախ են հնչում քննադատություններ, թե դատական ու իրավապահ մարմինները գործում են ընտրովի մոտեցմամբ՝ խիստ վերաբերվելով իշխանությանը քննադատողներին, մինչդեռ իշխանությանը մոտ կանգնած անձանց դեպքում նույն չափանիշները չեն կիրառվում։ Որպես օրինակ հաճախ հիշատակվում է նաև Ալեն Սիմոնյանի՝ մարդու վրա թքելու միջադեպը։ Ի՞նչպե՞ս կպատասխանեք այս գնահատականներին։
– Պետք է հասկանալ, թե խոսքը պարզապես վիրավորա՞նք է, թե՞ սպառնալիք է, թե՞ զրպարտություն: Կրկնում եմ՝ ցանկացած վատ դրսևորում ինձ համար ընդունելի չէ, բայց եկեք ամեն ինչ չխառնենք: Շատ կարևոր է, որ սխալ արարք կատարողը ընդունի՝ առանց հետո «բայց»-երի, իսկ ԱԺ նախագահի հետ կապված ձեր նշած դեպքը, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է դրա սխալ լինելու մասին ու ներողություն խնդրել, բայց հակառակ կողմից դա նկատելի չէ:
Խտրական մոտեցման, ընտրովի արդարադատության մասին չի կարող խոսք լինել, որոհետև նույն ընդդիմադիրները, որոնք մեզ դրանում մեղադրում են, կարող են մեկ էլ մեզ մեղադրել, երբ մեր շրջապատից ինչ-որ մեկի դեմ է քրեական գործ հարուցվում, ու գան մեզ վախեցնեն, թե տեսեք՝ Նիկոլը ոչ մեկիդ չի խնայելու:
– Պարո՛ն Պարսիլյան, ձեր գնահատմամբ՝ ձեր քաղաքական թիմը որքանո՞վ է պայքարում ատելության մթնոլորտի, հայհոյախոսության վերացման համար, որքանո՞վ է սեփական վարքով օրինակ ծառայում:
– Այնքանով, որքանով ամենաուղիղ տուժողներից ենք, պարզ է, չէ՞, որ իմ ընտանիքը ամենակարևորն ու ամենախոցելին է ինձ համար, ու ուղիղ մեզ վրա է ազդում այդ մթնոլորտը: Ես լրագրողների հետ զրույցում բազմիցս կադրից դուրս ասում եմ, որ խնդրահարույց մտքերը վերնագիր չդարձնեն, ՄԻՊ-ը պանելային քննարկումներ է կազմակերպում այդ թեմայով:
Կարող է թվալ, թե ոչինչ չի փոխվում, բայց ես հույս ունեմ, որ քիչ-քիչ մենք կհասնենք այս ամենը բացառելուն, որովհետև այդ ատելության խոսքը մեր ժամանակ չէ որ ծնվել է: Խնդիրն այն է, որ նման քննարկումներին ընդդիմադիր պատգամավորները մասնակցություն չեն ունենում, չնայած հրավերին, կամ մասնակցում են օգնականների մակարդակով, իսկ այդ պարագայում ցանկալի արդյունք ապահովելն այդքան էլ հեշտ չի դառնում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















