«Անարդար է, որ նույն գործով անցնող Արտակ Դավթյանը ազատության մեջ է, իսկ Դավիթ Տոնոյանը՝ կալանքի տակ». փաստաբան

A solemn event on the occasion of the 25th anniversary of the establishment of the Military University after V. Sargsyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց անփոփոխ թողնել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ-ին զենք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի խափանման միջոց կալանավորումը: Դատարանը մեղադրյալներից միայն մեկին` Արտյոմ Համբարյանին, 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարեց:

Հիշեցնենք՝ Տոնոյանին կալանքից ազատելու համար որպես միջնորդություն ներկայացվել էր ԱԺ երկու իշխանական պատգամավորների՝ Վիլեն Գաբրիելյանի և Քրիստինե Պողոսյանի, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի երաշխավորությունը:

Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը ծանոթացել է դատարանի որոշման բովանդակությանը և պնդում է՝ որևէ հիմնավոր պատճառ չկար, որի համար կարելի էր կալանքի տակ պահել Դավիթ Տոնոյանին:

«Կարծում եմ՝ հասկանում եք, որ անձին կալանքի տակ պահելու որոշումը շատ ավելի հիմնավոր պետք է լինի, քան կալանքից ազատ արձակելու որոշումը: Այս դեպքում դատավորին չի հաջողվել հիմնավորել կալանքի տակ պահելու որոշումը»,-«Մեդիալաբին» ասաց Տոնոյանի փաստաբանը:

Պաշտպանական կողմի համար անսպասելի չի եղել դատարանի մերժումը՝ հաշվի առնելով «նախաքննության փուլում գլխով անցածը», բայց երբ հարցին մոտենում ես իրավական տեսանկյունից, փաստաբանն ասում է՝ Տոնոյանին կալանքից ազատելու միջնորդությունը միանշանակ պետք է բավարարվեր:

Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ անցնում է պաշտպանական համակարգում 2018-2020 թթ. կատարված կոռուպցիոն չարաշահումների գործով: Այս գործը հայտնի է «անորակ հրթիռների գործ» անվանումով, որով, բացի Տոնոյանից, անցնում են ևս 6 մեղադրյալներ՝ զենքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է Պատրոն Դավո անունով, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը և ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը: Վերջին երեքը ազատության մեջ են: Արտակ Դավթյանը և Վլադիմիր Բաբայանը, ավելին, աշխատում են, իսկ  Արտյոմ Համբարյանը այսօր դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, քանի որ ՊՆ-ից ստացված գրության համաձայն՝ նրա գիտելիքներն այժմ պետք են համակարգին:

Նկատենք՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի նյութերի համաձայն՝ նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ (4.7 մլն ԱՄՆ դոլար) գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Հարցին, թե անարդար չէ՞, որ նույն գործով մեղադրյալ Արտակ Դավթյանը ազատության մեջ է, իսկ, օրինակ՝ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ, փաստաբանն արձագանքեց.

«Լիովին արդարացված է, որ Արտակ Դավթյանը գտնվում է ազատության մեջ, և նույնիսկ արդարացված է, որ խափանման միջոց չի կիրառվել նրա նկատմամբ: Դա և՛ իրավական, և՛ մարդկային տեսանկյունից ողջունելի է: Բայց անարդար է, երբ նայում ենք, որ նույն արարքի համար նույն հոդվածով մեղսագրվող անձինք, որոնք նույնիսկ չեն էլ պաշտոնավարում, կալանքի տակ են: Այսինքն՝ պետք է այնպիսի գերակշիռ տվյալներ լինեին, պետք է առնվազն գոնե նման արարքի փորձեր լինեին, որ դատարանը համոզվեր՝ եթե ազատության մեջ լինեն, կխանգարեն դատաքննությանը, կազդեն գործով անցնող անձանց վրա: Բայց նման տվյալներ չկան»:

Այս գործով դատավարությունը մեկնարկել է և ընթանում է դռնփակ ռեժիմով՝ պետական գաղտնիք չհրապարակելու պատճառաբանությամբ: Մեղադրյալներից որևէ մեկը մեղադրանքը չի ընդունում:

Փաստաբան Հովհաննիսյանը չի շտապում ասել, թե այս գործի հիմքում քաղաքական ենթատեքստ կա, բայց բարձրագույն իշխանության ներկայացուցիչների տարբեր հայտարարությունները վերլուծելով՝ նկատում է՝ «քաղաքական կամք է դրսևորվել նման քրեական գործ հարուցելու համար»:

Այդուհանդերձ, նախաքննության ընթացքը, անհիմն կալանավորումները և հիմա էլ՝ դռնփակ ընթացակարգով դատաքննությունները հիմք են տվել եզրակացնելու՝ դատարանի վրա ճնշում է կիրառվում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am