Արցախի չլսվող ձայները. Նարեն

Տասնմեկերորդ դասարանցի Նարե Առուշանյանն ամեն օր Ստեփանակերտում կամավոր հաց բաժանողների մեջ է: 

Արցախում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, վերջին ութ ամիսներին շարունակվող շրջափակման հետևանքով երկիր պարեն, դեղորայք և առաջին անհրաժեշտության առարկաներ չեն մտնում: Երկրում հուլիսի 25-ից չի գործում միջքաղաքային և միջհամայնքային տրանսպորտը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ստեփանակերտում կամավոր հիմունքներով կազմված խումբը գնում է հացի փուռ, վերցնում հացերն ու տանում խանութներ, ինչպես նաև՝ տարեց և միայնակ մարդկանց տներ: 

Նարեն իր հասակակիցների կյանքով չի ապրում. խնդիրներն ուրիշ են, երբ շրջափակման մեջ ես: Հայաստանում իր տարիքի երեխաների կյանքն ուրիշ է, բայց ինքն էլ չի նեղանում անտարբերությունից. կաջակցե՞ն՝ լավ է, չէ՞՝ իրենց ընտրությունն է: Տրտնջալ չի սիրում, համբերատար չլինելու այլընտրանք չունի: Ինքն արդարության դեմ պայքարելու իր ձևն է գտնել՝ օգնում է մարդկանց, որոնց համար շրջափակումն ավելի դժվար հաղթահարելի է թվում, քան իր՝ ինքը երիտասարդ է: 

– Միայնակ տարեցների տուն ենք տանում: Երբ առաջին անգամ գնացինք Ռիմա տատիկի տուն, ոտքերը ուռած էին, դուռն անգամ չէր կարողանում բացել: Ես լաց եղա՝ նրան այդ վիճակում տեսնելով: 

Հետո մտերմացան Ռիմա տատիկի հետ, պնդեցին, որ եթե որևէ բանի կարիք ունենա, հենց իրենց դիմի: Վերջերս զանգել էր Գայային ու խնդրել, որ հեռախոսը վերանորոգման տանեն, որ կարողանա երեխաների հետ խոսել: 

Առավոտյան 6-ին է արթնանում, քանի դեռ էլեկտրաէներգիա կա, որ հասցնի լոգանք ընդունել ու մեկ ժամ քայլում է մինչև Սամվելի փուռը, որտեղից էլ կամավորների խումբը շարժվում է քաղաքի տարբեր ուղղություններով՝ կախված այն բանից, թե ով է հեծանիվով, ով՝ ոտքով: Նարեի հետ է իր լուսանկարչական ապարատը, որն ասում է՝ հեչ էլ ծանր չի: 

– Առաջ տոպրակներով էինք հացը վերցնում, հիմա սև կամ ոչ թափանցիկ մի բանի մեջ ենք դնում, որ անցորդները չտեսնեն՝ ինչ է մեջը: Թե չէ կանգնեցնում էին, հարցուփորձ անում՝ թե որտեղից եք վերցրել, ուր եք տանում: Հացը քիչ է, անցնող-դարձողը՝ շատ: 

Նարեն մարտից կամավորություն էր անում: Այն ժամանակ Արցախում դեռ գործում էր տրանսպորտը (հուլիսի 25-ից երկրում չի գործում թե՛ քաղաքային, թե՛ միջհամայնքային տրանսպորտը): 

Նա լուսանկարիչ է ու տրանսպորտի գործելու ժամանակ ընկերների հետ շրջում էր գյուղերով և նկարում մարդկանց: Հիմա գյուղեր չեն գնում, հազիվ հասցնում են Ստեփանակերտի մի ծայրից մյուսը գնալ, որ հաց հասցնեն խանութներին: Ամենամոտ խանութը 10 րոպեի հեռավորության վրա է, ամենահեռուն՝ մոտ 30 րոպեի ճանապարհ է ոտքով: 

– Ուզում ենք տարբերանշանով շապիկ ունենալ, որովհետև ոչ բոլորը մեզ գիտեն, երբեմն ջղայնանում են կամ սկսում են հարցեր տալ, իսկ որ տարբերանշանով լինենք, կիմանան, որ կամավոր ենք: 

Մի խանութ կա, որի սեփականատերը միշտ պաշտոնական, նույնիսկ զայրացած հայացքով ընդունում է հացն ու ճանապարհում: Բայց այդտեղ մի տատիկ է միշտ սպասում հացի, ու այն օրհնանքը, որ ստանում են, շատ ավելին է, քան մարդիկ, որոնք գուցե այս դժվարին իրավիճակում զայրանալու իրավունք ունեն ու չեն կարող հավերժ համբերատար լինել: 

– Մարդիկ կան՝ այնքան լավ բաներ են մաղթում, որ վատն արագ մոռանում եմ: Այդ տատիկը, օրինակ՝ օրհնում է, շնորհակալ լինում, դա չես կարող մոռանալ կամ չգնահատել: 

Կամավորների խումբն ամեն առավոտ սոցհարթակում խմբի ղեկավարից՝ Գայայից, ստանում է օրակարգ, որոշում են՝ ում է հարմար միանալ օրվա հացի բաժանմանը: Եթե կամավորների թիվը սկզբում 30 էր, հիմա արդեն՝ 130: Հիմնականում դպրոցահասակ երեխաներ են կամ 15-ից բարձր պատանիներ: Շատերը հեծանիվով են հացի առաքումներն անում, բայց Նարեն սիրում է քայլել, ճանապարհին էլ կարելի է սիրուն դրվագներ գտնել լուսանկարելու համար: 

Սամվելը՝ փռի սեփականատերը, կատակասեր մարդ է, իրենք էլ թեթևությամբ են գնում հաց վերցնելու, չեն համարում իրենց արարքը հերոսացմանն արժանի: 

Յուրաքանչյուր կամավոր 15 հաց է վերցնում, որը հիմնականում սև ալյուրից է պատրաստված , քանի որ նախատեսված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար: Պատահել է, որ ամեն մեկը 30 հաց է վերցրել, երբ կամավորների թիվը քիչ է եղել: Սամվելը հացերի վրա խաչեր է անում, ասում է, որ այդպես լավ է, լավի հույս է տալիս: 

– Հացերը ծանր չեն, երևի մի 2 կգ,- ասում է Նարեն: 

Իրականում 30 հացը չի կարող 2 կգ կշռել, պարզապես կամավորները պատանիներ են՝ հասուն մտքով, թեթև սրտով և թռվռուն: 

Նարեն ասում է, որ հացի համար հերթերն աստիճանաբար պակասում են, հացն էլ քիչ քանակությամբ է: Ծխախոտն է, որ երբեմն մարդկանց մոտ տարաձայնությունների պատճառ է դառնում, սկսում են նեղսրտել, երբեմն՝ իրար թթու խոսք ասել: 

Անգամ շրջափակման պայմաններում նա փորձում է լավատեսությունը չկորցնել՝ սրանից վատ էլ չի կարող լինել, ուրեմն պիտի լավատես մնալ: 

Օնլայն դասեր է վերցրել, պարապում է, վերջին երկու ամսում Ստեփանակերտի ռեստորաններից մեկի սոցիալական հարթակներում առաջխաղացման պատասխանատուն է: 

Քանի որ Արցախում գնելու ոչինչ չկա, գումարը հավաքում է կամ էլ վճարում օնլայն պարապմունքների համար: Սեպտեմբերին գրենական պիտույքներ են պետք գալու, նոր հեռախոս է ուզում գնել, հավաքած գումարը կբավականացնի, որ հոգա կարիքները: 

– Դպրոցում աշակերտներ ունենք, որոնց վրա շրջափակումը վատ է ազդել, չեն ուզում սովորել, ասում են՝ ինչո՞ւ սովորել, եթե այստեղ հեռանկար չկա: Ես համաձայն չեմ, ես մնալու եմ Արցախում: Շատ են հարցնում՝ որ շրջափակումն ավարտվի, առաջինն ինչ եմ անելու: Ոչ մի բան էլ չեմ անելու, մնալու եմ, ես ոչ մի բանից չեմ վախենում՝ ինչ տեսնելու էինք, տեսանք, էլ ինչ: 

Նարեի յոթ հոգանոց ընտանիքը դեռ կարողանում է հոգալ իր կարիքները: Այգում աճեցրած բանջարեղենը որոշ ժամանակ կբավականացնի, ինքը միայն կարտոֆիլով ու թեյով էլ կապրի: Ասում է, որ picky eater է, որը բավական նոր հասկացություն է սննդաբանության մեջ և վերաբերում է մարդկանց, որոնք սպառում են անբավարար քանակությամբ սնունդ՝ հրաժարվելով թե՛ իրենց ծանոթ, թե՛ անծանոթ մթերքներից: 

Լավագույն բանը, երբ դու հաց բաժանող կամավոր ես, կարող է լինել այն է, որ ձեռք ես բերում ընկերներ, որոնց հետ կարող ես ամբողջ կյանքում հաց կիսել: Շրջափակման ընթացքում բացահայտում ես մարդկանց և, ամենակարևորը՝ բացահայտում ես քո մարդ տեսակին: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Նարե Առուշանյանի

MediaLab.am