Տարածվող լուսանկարները «Թոքաբանության ազգային կենտրոնի» հետ որևէ առնչություն չունեն․ հայտարարություն

Թոքաբանության ազգային կենտրոնից հայտնում են․

Հաշվի առնելով վերջին օրերին տարբեր լրատվամիջոցների կողմից զոհված զինծառայողների մասունքների պահման պայմաններին վերաբերող և ակտիվ տարածվող հրապարակումները, որտեղ շոշափվում են Աբովյանի տուբերկուլոզային հիվանդանոցի կամ Աբովյանի տուբերկուլոզային դիսպանսերի անվանումները, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես հայտնում է.

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն (2014-2020թթ.-ին «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ) իր կազմի մեջ մինչ 2019թ.-ի ապրիլի 18-ը ունեցել է նաև դիահարձարան, որը գտնվում է կենտրոնի տարածքում: Սակայն, ՀՀ Կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի թիվ 427-Ա որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի դիահերձարանի շենքը, իրեն կից հողատարածքով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին (http://www.irtek.am/views/act.aspx?aid=99238 ):

Ելնելով վերոնշյալից հայտնում ենք, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և նրա ղեկավարությունը որևէ վերահսկողական գործառույթ չունի այլ պետական կառույցի ենթակայության տակ գտնվող դիահերձարանի գործունեության նկատմամբ, հետևաբար, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է, որ տարբեր լրատվական միջոցներով ակտիվ տարածվող լուսանկարները «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ որևէ առնչություն չունեն: