Կենդանաբանական այգին գարնանային զարթոնք է ապրում․ ծնվել է մեկ շոտլանդական պոնի

Հեղինակ MediaLab

Երևանի կենդանաբանական այգին գարնանային զարթոնք է ապրում՝ թռչունների համար սկսվել է զուգավորման շրջանը, իսկ սմբակավորների համար՝ ծնի։

«Արմենպրես»ի հետ զրույցում՝ կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը խոսեց երկրում հայտարարված արտակարգ դրության ընթացքում կատարվող աշխատանքների, կենդանիների առողջական վիճակի, կենդանիների համար ստեղծվող տարբեր զբաղվածությունների մասին։

Արտակարգ դրությունը` կենդանաբանական այգում

Այգու բոլոր կենդանիներն առողջ են, հիվանդացության դեպքեր, բարեբախտաբար, չկան։ Նրանք մշտապես գտնվում են այգու աշխատակիցների հսկողության տակ։

«Հիմա ավելի շատ է հոգատարությունը մեր կենդանիների նկատմամբ, քանի որ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարվել է արտակարգ դրություն։ Այս օրերին բոլոր միջոցառումները կատարվում են ավելի խիստ ձևով՝ տեղադրված են դեզբարիերներ, ախտահանումներ են իրականացվում, հատկապես, ազատավանդակներում և դրանց մետաղական մակերեսներին»,- նշեց Ասատուրյանը։

Գարնանը կենդանիներն ունենում են ավելի գունեղ և փարթամ տեսք

Այգում բոլոր եղանակները շատ հետաքրքիր են, բայց գարնանն առանձնահատուկ է, և կենդանաբանական այգին զարթնում է ձմեռվանից հետո, ինչպես բնությունն է զարթոնք ապրում։ Թռչունների փետուրներն ավելի գունավոր են լինում, այլ կենդանիների մոտ մազածածկույթն է դառնում ավելի գեղեցիկ ու փարթամ։

«Այս պահին թռչունների մոտ զուգավորման, իսկ սմբակավոր կենդանիների մոտ՝ ծնի շրջան է։ Թռչուններից՝ փասիանների, սիրամարգերի, թութակների համար, որոնք գարնանն ունենում են շատ գունեղ փետրավորում, զուգավորման շրջան է, և դրա հիմքում ընկած է զուգավորման պարը։ Որոշ թռչունների համար սկսվել է նաև թխսի շրջանը, ձվերի մեծ մասն էլ դրված է ինկուբատորում։ Սմբակավոր կենդանիների մոտ մայիսից կսկսվի ծնի շրջանը, չնայած դրան՝ մենք այս տարի ունենք առաջին գրանցված ծինը՝ մարտի 15-ին ծնվել է մեկ շոտլանդական պոնի։ Նա իրեն շատ լավ է զգում, մեծանում է»,- ասաց գլխավոր կենդանաբույծը։

Առաջիկայում կծնվեն եղնիկներ, մուֆլոններ, բեզոարյան այծեր։ 2020 թվականին գրանցվել են բավականին առաջնածին կենդանիներ, և այգում սպասում են, որ 2019 թվականի համեմատ ծնի դեպքերն ավելի շատ կլինեն։

Ավելի շատ զբաղվածություն կենդանիների համար

«Այգում մենք փորձում ենք նաև լրացնել այցելուների բացակայության ջերմությունը, ավելի շատ զբաղվածություն ենք ստեղծում կենդանիների համար։ Անհամբեր սպասում ենք, որպեսզի այս ամենը շուտ ավարտվի և կրկին սկսենք ընդունել մեր այցելուներին»,- նշեց Աննա Ասատուրյանը։