Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել Հայաստանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի շուրջ լսումները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանը դատարանից պահանջել է Հայաստանի դեմ անհապաղ միջանկյալ միջոց կիրառել։

Բաքվի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը հայտարարել է, թե Հայաստանը, իբր, շարունակում է տասնամյակներ տևող էթնիկ զտման քաղաքականությունը։

«Այդ անմիջական սպառնալիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ժամանակավոր միջանկյալ միջոցներ կիրառել»,- հայտարարել է Մամեդովը՝ նշելով, թե Հայաստանը, իբր, շարունակում է ադրբեջանցիների դեմ ատելություն ու բռնություն հրահրել, ապաստան է տալիս զինված խմբերի, ինչպես նաև «ֆինանսավորում կամ սատարում է ապատեղեկատվության տարածման օպերացիաները»։
Հավելենք, որ այսօր ավելի ուշ հայկական կողմի ներկայացուցիչները պատասխանելու են Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքներին։ Լսումներ են անցկացվելու նաև վաղը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-15-ին ՄԱԿ-ի դատարանը քննում էր Հայաստանի պահանջը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարան էր հայտ էր ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով։ Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է կոտորածներով, խոշտանգումներով և այլ խախտումներով: Սեպտեմբերի 23-ին էլ նույն կոնվենցիայի խախտման համար Ադրբեջանն է հայց ներկայացրել Հայաստանի դեմ։

Աղբյուր՝ Factor.am