ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու ԵՄ որոշման մասին

Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու  վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում  ԵՄ ԱԳ նախարարների որոշմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Փոխնախարարը նշել է, որ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ «Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսելուն։ Գործընթացն այսպիսով տեղից շարժվել է։ Կարևոր է, որ չի եղել որևէ երկիր, որն առարկել է, որովհետև այդ կոնսենսուսն ապահովելը բարդ է։ Սա շատ դրական զարգացում է։ Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության և անդամ երկրների հետ, որպեսզի այս գործընթացը հնարավորինս արագացնենք»,- ասել է Հովհաննիսյանը։

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։