«Այն արձանը, որի մոտ չեն նկարվում մեռած է». Նուռը վստահ է, որ Ընթերցողի արձանն իր շուրջը կհամախմբի գրքի սիրահարներին

«Այն արձանը, որի մոտ չեն նկարվում մեռած է».  Նուռը վստահ է, որ Ընթերցողի արձանն իր շուրջը կհամախմբի գրքի սիրահարներին
«Այն արձանը, որի մոտ չեն նկարվում մեռած է». Նուռը վստահ է, որ Ընթերցողի արձանն իր շուրջը կհամախմբի գրքի սիրահարներին

Իր յուրահատուկ աշխատանքների շնորհիվ մեծ ճանաչում ունեցող նկարիչ, քանդակագործ և դիզայներ Նուռը (Արման Դավթյան) պատրաստվում է առաջիկայում անակնկալ մատուցել երևանցիներին, որը, ըստ նրա, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև օտարերկրացիների շրջանում:
Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շրջակայքում կտեղադրվի Ընթերցողի արձանը: Նման արձան կերտելու միտքը Նուռի մեջ առաջացել է այս տարի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուց հետո, թեև մեր օրերում ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ աշխարհում գրքի ընթերցանությունը խիստ նվազել է:
«Ոչ մի մայրաքաղաք այսօր չի կարելի գրքի մայրաքաղաք համարել, և ես չեմ կարծում, որ մեզանում այդ կարգավիճակն ավելի շատ է ընկած, քան ուրիշ տեղ: Եթե մենք ունենք խորհրդային շրջանի ինչ-որ սերունդ, որը դեռ կարդում է, արտասահմանում արդեն դա էլ չկա: Միգուցե գիրքը պարզապես տրանսֆորմացիայի ենթարկվի և, հնարավոր է` դառնա ամբողջությամբ էլեկտրոնային կամ գաջեթ»,- ասում է Նուռը:
2,5 մետրանոց բրոնզե քանդակը, որ դեռ պատրաստման փուլում է, նման է բազկաթոռի, որը կազմված է իրար վրա ծուռումուռ շարված գրքերից: Ըստ արձանի մակետի՝ բազկաթոռի ձախ անկյունում լուսամփոփ է վառվելու:
Արձանի հեղինակը նշում է, որ սա լինելու է ինտերակտիվ ու «կենդանի» արձան, որը կպարտադրի անցորդներին բարձրանալ վրան, քայլել, շոշափել և, իհարկե, նստել բրոնզաձույլ բազկաթոռում ու գիրք կարդալ:

«Արձաններ առհասարակ կանգնեցնում են էն մարդու համար, ով կամ արդեն չկա, կամ արդեն էնքան հազվագյուտ է իր տեսակի մեջ, որ նրան կենդանության օրոք արձան են կանգնեցնում: Այս պարագայում, ես վստահ եմ, որ ընթերցողներ դեռ կան, որոնց անձնական արձանը չպետք է լինի: Բայց ես փորձում եմ ստեղծել այնպիսի մի վայր, որտեղ առանց տարիքային սահմանափակման կգան գրքի բոլոր սիրահարներն ու ընթերցողները»,- ասում է Նուռը «Մեդիալաբին»:

Արձանի վրա բազկաթոռի ձախ թիկնաթևին դրված է լինելու բացված գիրք, որի վրա, ըստ քանդակագործի, լինելու է աշխարհի բազմաթիվ լեզուներով գրված տեքստ: Եվ ցանկացած ազգի ներկայացուցիչ կգտնի այստեղ իր լեզուն:

Ընթերցողի արձանի մակետը

Արձանն ունի նաև դաստիարակչական բնույթ՝ դառնալով ակումբի պես մի վայր, որտեղ ընթերցասերները կարող են հավաքվել և գրքեր փոխանակել: Արձանի մոտ լինելու են գրադարակներ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է թողնել իր կարդացած գիրքը, որպեսզի մեկ ուրիշը վերցնի այն կարդալու համար:

«Մարդը, որ ընթերցող չէ, առաջինն ինքը կգա այստեղ նկարվելու, որպեսզի ընթերցողի կերպար ընդունի: Հետևաբար, նստելով այս արձանի վրա, նկարվելով ու ընթերցողի տեսք ընդունելով՝ նրա մեջ միգուցե խղճի խայթ առաջանա` մի օր գիրք կարդալու: Այսինքն` սա նաև դաստիարակչական բնույթ ունի»,- ասում է արձանի հեղինակը:

Այն արձանը, որի մոտ չեն նկարվում, Նուռը համարում է մեռած արձան, իսկ եթե նկարվում են ու լուսանկարները սոցիալական ցանցերում տարածում, ապա այն դառնում է երկրի բրենդը:

«Համոզված եմ` բացումից բառացիորեն մի ամիս հետո համացանցը ողողված կլինի այս արձանի մոտ լուսանկարներով: Քանի որ քաղաքն ընկալվում է հետաքրքիր վայրերով ու նման կետերով, սա կդառնա մեր քաղաքի ամենասիրված ու հետաքրքիր վայրերից մեկը: Այսպես կարելի է ցույց տալ մեր քաղաքի դեմքը, յուրահատուկ ոճն ու տրամադրությունը: Ու բոլորը կուզեն նկարվել այս արձանի մոտ: Երկիրը նման փոքր բանով PR անելու և միաժամանակ հայտնի դարձնելու համար սա շատ ճիշտ ու հեշտ լուծում է»,- ասում է Նուռը:

Պատմելով համաշխարհային գրականության իր սիրած հեղինակների՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի, Ռիչարդ Բախի, Էլի Վիզելի, Ռեմարկի ստեղծագործությունների մասին` Նուռը խոստովանում է, որ շատ է սիրում ընթերցանություն:

«Ցանկության դեպքում միշտ կարելի է գիրք կարդալու ժամանակ գտնել, անգամ քնելուց առաջ` 15-20 րոպե, որից հետո քունը շատ հաճելի է դառնում»,- ասում է Նուռը, ում բնակարանում մի մեծ սենյակ ամբողջությամբ հատկացված է նրա անձնական գրադարանին:

Ընթերցողի արձանի պատրաստման աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերին, իսկ բացումը կլինի 2013-ի ապրիլին` Երևանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա փակմանը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարաները` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am