Փաստացի սրանով արվում է խորհրդարանում երեք հինգերորդին վերապահված իշխանության յուրացումը. Նահապետյանը՝ հետընտրական փուլի մասին

Լուսանկարը՝ անձնական արխիվ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» շարժման անդամ Միքայել Նահապետյանը

– Պարո՛ն Նահապետյան, ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր քաղաքական ուժերի հետընտրական գործողությունները:

– Փաստն այն է, որ ՔՊ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաղաքական նշանակումների արդյունքում նախապատրաստել էր մի վիճակ ու հիմա գործադրում է այդ վիճակը ընտրությունների արդյունքները հետընտրական փուլում կեղծելու համար: Փաստացի սրանով արվում է խորհրդարանում երեք հինգերորդին վերապահված իշխանության յուրացումը, այսինքն՝ ժողովուրդը ՔՊ-ին չի տվել այդ երեք հինգերորդի իրավունքը, բայց ՔՊ-ն իր կուսակից ընկերոջը ԿԸՀ-ում նշանակելու միջոցով ստեղծել է սխեմա, որի միջոցով յուրացրել է երեք հինգերորդին վերապահված իշխանություն: 

Ընդդիմության գործողություններն ինձ համար անհասկանալի են, ու որպես այդպիսին բացատրություններ էլ չեն հնչում, թե ինչպես է պետք հասկանալ այդ գործողությունները, մնացածը ժամանակը ցույց կտա: 

– Ինչո՞ւ է անհասկանալի, ասում են՝ օրենքով սահմանված բոլոր գործիքակազմերը կիրառելով հասնելու են այս իշխանության հեռացմանը:

– Ես տեսնում եմ, որ իրենք որոշակի ստրախովկաներ են պահում՝ ցանկացած ելքի դեպքում, հարմար իրավիճակում լինելու համար, ինչն ինձ վրա լավ տպավորություն չի թողնում: 

– Խորհրդարան անցած ընդդիմադիր բոլո՞ր ուժերին նկատի ունեք:

– Այո՛, այդ թվում ես չեմ տեսնում, որ ԲՀԿ-ն խիստ նախանձախնդիր է, որ հայտնվի խորհրդարանում: Աբսուրդ իրավիճակ է, երբ այլ մարդիկ ավելի մահոգ են թվում այդ թեմայով, քան բուն հասցեատերը: Լիքը բան կարելի անել, որ չի արվում: 

– Ի՞նչ պետք է անեն օրինակ:

– ԲՀԿ-ն նախ լավ կլինի, որ հասկանալիորեն ցույց տա, որ իսկապես շահագրգռված է մանդատները ստանալու հարցում: Ուղերձների մակարդակում ես ընդդիմության հստակ գործողությունների պլան չեմ տեսնում՝ ցանկացած ելքի պարագայում: Չեմ տեսնում քաղաքական կազմակերպչական աշխատանք: Իրենց որոշելիքն է, որովհետև, խոշոր հաշվով, հարցը նախևառաջ իրենց շահերին է վերաբերում, ես որպես քաղաքացի ու քաղաքական մարդ նախանձախնդիր եմ բացառապես ընդհանուր առմամբ ժողովրդավարություն ունենալով, ինչը այս պահին ոտնահարվում է, ու քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքով, ինչը ևս այս պահին ոտնահարվում է: 

– Ընդդիմադիր ուժերը սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո նրանց քայլերը պարզ կլինեն: Պարո՛ն Նահապետյան, դուք ի՞նչ ակնկալիք ունեք ՍԴ-ից:

– ՍԴ-ի մասով ունեմ բացասական կանխազգացումներ, բայց հույս ունեմ, որ ՍԴ-ն չի ամրապնդի այն ընկալումը, որ իշխանության բոլոր ճյուղերը փաստացի Նիկոլ Փաշինյանի տակ են դրված, ու որ այս պահին տեղի է ունենում իշխանության ու, փաստացի, եթե ՍԴ-ն էլ դա վավերացնի, ապա՝ պետության զավթում: 

– Ստացվում է, որ կե՞ղծ եք համարում Փաշինյանի այն պնդումը, թե իր թիմը ստացել է 100 տոկոս օրգանիկ քվե:

– Փաշինյանի ձայներն օրգանիկ չեն, դրանք ձևավորվել են վարչական ռեսուրսով, վախի մթնոլորտ, ատելություն, բևեռացում սերմանելով: Իսկ խորհրդարանի լեգիտիմության վրա ամենաշատը ազդող հանգամանքն այն է, որ որևէ կերպ ձևավորված արդյունքները, որոնք կարող էին այդպես չձևավորվել, եթե ԿԸՀ-ն բոլոր խախտումներին պատշաճ գնահատական տար՝ անկախ խախտում կատարողից, բայց ամեն դեպքում որևէ եղանակով ձևավորված արդյունքները բիրտ ձևով խմբագրվել են:

– Ձեր խոսքում ասացիք, որ ընդդիմադիր ուժերի մոտ շահագրգռություն չեք տեսնում, նկատի ունեք, որ պայմանավորվածությո՞ւն կա այդ ուժերի ու ՔՊ-ի միջև, թե՞ այդ ուժերն այնուամենայնիվ հակված են մանդատները վերցնելու և գնալ խորհրդարան:

– ՔՊ-ի հետ պայմանավորվածություն ունենալու մասին այս պահին փաստարկ չեմ կարող բերել, բայց տեսնում եմ, որ նրանք ընդդիմություն լինելն էլ են շահեկան համարում ու նրանք «և՛-և՛»-ով են առաջնորդվում՝ մի քիչ կպայքարենք, բայց մի քիչ էլ տեղ թողնենք, որ եթե չհաջողենք, ընդդիմություն լինենք:

– Իսկ այս պահի իրավիճակը գնահատելով՝ փողոցային պայքարը հեռանկար ունի՞, որ ընդդիմությունը, օրինակ՝ փորձի հարցը փողոցով լուծել:

– Նայած թե ո՛վ է այդ պայքարը կազմակերպում, ինչքանո՛վ է այդ գործից հասկանում, ի՛նչ խնդիր է դնում, ու ինչքանո՛վ է այդ խնդիրը արդար հանրության համար: Շատ հարցեր կան, որոնցից կախված է ձեր հարցի պատասխանը: Դա անհնար չէ, դա երաշխավորված չէ, հաստատ ավելի շառոտ տարբերակ է, քան մանդատ վերցնելն ու գնալ Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատելը: Քաղաքական որոշումների հարց է:

– Պարո՛ն Նահապետյան, իսկ մանդատ վերցնե՞լը, թե՞ չվերցնելն է իսկապես բխում պետության շահերից:

– Նրանք թող կայացնեն քաղաքական որոշում ու դրա համար էլ պատասխանատվություն ստանձնեն, մենք այդ քաղաքական որոշումը ընտրություններից առաջ կայացրած գնացել ենք ընտրության, ասել ենք՝ կա՛մ մեր պլանը իրագործվում է, կա՛մ մենք ընդդիմադիր պատգամավոր չենք աշխատելու: 

Մեր ընդդիմադիր պատգամավոր աշխատելը պետության շահերից չէր բխելու, ես կարծում եմ, որ իրենց աշխատանքի մեջ էլ որևէ օգտակար գործողության գործակից չի լինելու, բայց որոշողն ու այդ որոշման պատասխանատուն իրենք են: 

Քրիստինե Աղաբեկյան