Դեկտեմբերի 10-ին կայացած «Հոդված 3․ Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Մեդիալաբի» լրագրող Սոնա Մարտիրոսյանը ստացավ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակ։ Մրցանակը շնորհվեց կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հետևողական աշխատանքի, կարծրատիպեր չվերարտադրելու, ոգեշնչող խոսքի և հերոսներ գտնելու կարողության համար։
«Շատ դժվար էր ընտրել կանանց խնդիրներին վերաբերող լավագույն աշխատանքը։ Սակայն մեր թիմն ընտրեց մի պատմություն, որն իր բնույթով ուժեղ էր և ոգեշնչեց մեզ»,- իր խոսքում նշեց ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Տոնոյանը։
Մրցանակը նախատեսված էր «Ապրելով անհագ. կյանքը հոգեբուժարանից հետո. «Հասկացա, որ պետք է պայքարեմ» հրապարակման համար։
Միջոցառմանը ներկա էր նաև նյութի հերոսը՝ Գայանե Ասատրյանը, ով ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության և հեղինակի որոշմամբ ստացավ նախատեսված նյութական մրցանակը։
Այս պատմությունը դարձել է ոգեշնչման աղբյուր և խրախուսել է հասարակությանը՝ ուշադրություն դարձնելու կանանց իրավունքների և հասարակության մեջ նրանց դերի կարևորությանը։
Մեկ այլ մրցանակով խրախուսվեց «Մեդիալաբի» աշխատանքը՝ պրոֆեսիոնալիզմի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած անփոխարինելի դերի համար:



















