Հատուկ մրցանակ «Մեդիալաբին»՝ պրոֆեսիոնալիզմի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած անփոխարինելի դերի համար

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Հոդված 3․ Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում «Մեդիալաբն» արժանացավ հատուկ մրցանակի՝ մարդու իրավունքների լուսաբանման ոլորտում իր հետևողականության և պրոֆեսիոնալ մոտեցման համար։ Միջոցառումն անցկացվեց «Դաբլ Թրի Հիլթոն» հյուրանոցի Միլանո սրահում։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը մրցանակը հանձնեց «Մեդիալաբի» ստեղծագործական ղեկավար, «Դափնե» նախագծի համահիմնադիր Էմմա Գրիգորյանին։ 

«Շատ շնորհակալ եմ, մի փոքր էլ հուզված եմ։ Իրականում մենք բավականին լավ թիմ ունենք, և դա մեր հաջողության գրավականներից մեկն է։ Բոլորս կարողանում ենք հասկանալ, թե ի՛նչ ֆորմատով պատմություններ ներկայացնենք, որ ներգործեն մարդկանց վրա։ Մեր քաղաքականությունն է՝ համախմբել արվեստն ու լրատվությունը՝ ստեղծելով բազմատեսակ ձևաչափեր, որպեսզի ինչ-որ փոփոխություններ բերենք հասարակության կյանքում։ Շնորհակալ եմ «Մեդիալաբի» մեր թիմին»,- իր խոսքում նշեց Էմմա Գրիգորյանը:

Ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Մեդիալաբի» լրագրող Սոնա Մարտիրոսյանը ևս մրցանակի արժանացավ՝ ստացալով ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակ։ Մրցանակը շնորհվեց կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հետևողական աշխատանքի, կարծրատիպեր չվերարտադրելու, ոգեշնչող խոսքի և հերոսներ գտնելու կարողության համար։ Հոդվածն՝ այստեղ

«Շատ դժվար էր ընտրել կանանց խնդիրներին վերաբերող լավագույն աշխատանքը։ Սակայն մեր թիմն ընտրեց մի պատմություն, որն իր բնույթով ուժեղ էր և ոգեշնչեց մեզ»,- իր խոսքում նշեց ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Տոնոյանը։

«Մեդիալաբը» «Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ի առաջին նախագիծն է, որը հիմնադրվել է 2009 թվականին։ Կազմակերպության այլ նախագծերից են Դափնեն և www.Comics.am-ը: Վերջինը մի հարկի տակ է համախմբել հանրային հետաքրքրություն ներկայացնող տարբեր խնդիրների շուրջ ստեղծված կոմիքսներ, գրաֆիկական նովելներ և պատկերազարդ պատմություններ։

Վերջին 15 տարիների ընթացքում կազմակերպությունը հաջողությամբ համատեղել է արվեստը, քաղաքացիական ակտիվությունը և բարձրորակ լրագրությունը՝ լուսաբանելով քաղաքական և սոցիալական կարևորագույն խնդիրներ։ «Մեդիալաբի» աշխատանքը նպաստել է հանրային իրազեկության բարձրացմանը հատկապես զգայուն և բարդ թեմաների շուրջ։

«Մեդիալաբը», որն ավելի քան 10 տարի հետևողականորեն լուսաբանում է մարդու իրավունքների կարևորագույն խնդիրները, այդ թվում՝ հատուկ նախագծերի միջոցով, լիովին արժանի է այս մրցանակին։ Սա նվազագույնն է, ինչ կարող ենք անել՝ խրախուսելու այս լրատվամիջոցի բարձր պրոֆեսիոնալիզմը»,- շնորհավորելով «Մեդիալաբին» ասաց «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը։

Մրցանակաբաշխության հիմնական նպատակը մարդու իրավունքների թեմաների լուսաբանման խթանումն է, ինչպես նաև բովանդակության որակի բարձրացումը և զգայուն թեմաներ վերհանելիս նրբանկատ և պատասխանատու մոտեցում որդեգրելը: