Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին. «Ազատություն»

Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտա Պատելը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Հարցին, թե արդյո՞ք այլ հանդիպում նախատեսված է Վաշինգտոնում, բացի պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումից հաջորդ շաբաթ, Պատելը պատասխանել է․ – «Ես կոնկրետ տեղեկատվություն չունեմ ժամկետների կամ պետքարտուղարի ժամանակացույցի մասին։ Բայց՝ այո՛, մենք անհամբեր սպասում ենք այս ամիս Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային»:

Պատելը վերահաստատել է՝ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է:

«Միացյալ Նահանգները գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են տարբեր հարթակներում, այդ թվում՝ վերջերս կայացած առաջնորդների հանդիպումը։ Բայց ես այլևս ոչինչ չունեմ ասելու այս մասին»,- ասել է Պատելը: