«Ջրբաժանի օր». կարո՞ղ են արդյոք երկխոսության գնալ իշխանությունն ու ընդդիմությունը

Թեև ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ամսի 28-ը կդառնա ընդդիմության և իշխանության միջև ջրբաժանի կամ երկխոսության օր, այդուհանդերձ փորձագետներն արձանագրում են, որ քաղաքական երկու ուժերը կարծես թե լեզու են գտնում: Ամենայն հավանականությամբ, «ջրբաժանի օրը» կհետաձգվի:
«Մեր քաղաքական դաշտում կատարվում է կատարյալ «բազար»: Ընդ որում, կարելի է ասել` թուրքական բազար, երևի գիտեք` տարբերությունը ո՞րն է: Երբ սակարկում ես ինչ-որ ապրանքի գին, ապա տապալումը կարող է շատ մեծ լինել: Քաղաքական թուրքական բազար է գնում, որտեղ ամեն մեկն իր ռեսուրսներն է հաշվում»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Այդուհանդերձ երկու կողմերից կարծես թե ավելի զիջող դերում են երկրի իշխանությունները: Ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է մարտի 1-ի իրադարձություններին:

«Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են, և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում’ նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիր­ներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել են մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` հարցի նշանակությունը չափազանց մեծ է և´ մեր պետության, և´ մեր հասարակության, և´ նաև տարբեր շահար­կումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք:

«Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել»,- հանձնարարել է նախագահը:

Իշխանությունների հաջորդ «զիջումը» Ազատության հրապարակի մուտքի բացելն է ընդդիմության առաջ: Եռամյա անդադար արգելքներից հետո Երևանի քաղաքապետարանն ընդդիմադիր ՀԱԿ-ին թույլատրել է ապրիլի 28-ի հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում։

Այս ամենից ոգևորված Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել է, թե կարող է միջնորդ լինել ընդդիմության և իշխանության երկխոսության գործընթացում:

Թեև կողմերը չեն ընդունել առաջարկը, իսկ առաջին օմբուդսման Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ քաղաքական ուժերին հաշտեցնելը օմբուդսմանի գործառույթների մեջ չի մտնում, այնուամենայնիվ, Անդրեասյանը կարծես թե չի ցանկանում տեղի տալ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ չնայած արձագանքին` չի կարծում, «որ սպառվել է հնարավորությունը»:

Այնուհանդերձ, իշխանություն-ընդդիմություն երկխոսության հնարավորությունը որքան անորոշ, այնքան էլ շատերին զգուշավոր խոսելու առիթ է տալիս:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով` իրենք միշտ պատրաստ են երկխոսության երկրի ցանկացած քաղաքական ուժի հետ:

«Շատ դրական եմ վերաբերվում… ընդդիմության հետ, ցանկացած քաղաքական ուժի հետ մենք պատրաստ ենք երկխոսության, որովհետև քաղաքական դաշտը մեկն է»,- «Մեդիալաբին» ասում է Գալուստ Սահակյանը:

Հստակ չէ նաև ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի պատասխանը:

«Մարտի 1-ին նախագահ Տեր-Պետրոսյանը 15 պահանջ ձևակերպեց, որոնք առաջնային են, իսկ ապրիլի 8-ին այդ 15 պահանջներից առանձնացրեց այն երեքը, որոնք առաջին փուլի փաթեթի մեջ են մտնում, և որոնց կատարումը կորոշի` արդյոք ապրիլի 28-ին մենք կունենա՞նք երկխոսության սկզբնավորման օր, թե՞ վերջնական ջրբաժանի օր»,- «Մեդիալաբին» ասում է Զուրաբյանը:

Հավանաբար նման մեկնաբանություններն են հասարակության մեջ տարատեսակ լուրերի տարածման պատճառ դառնում: Դրանցից մեկի համաձայն` իշխանություններն ու ընդդիմությունը գաղտնի բանակցություններ են վարում և համագործակցում են, որպեսզի թույլ չտան Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն: Կարճ ասած` աշխատում են «քո թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով:

«Անկախ նպատակներից», ըստ անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի, այսօր քաղաքական դաշտում որոշակի գործընթաց է ծավալվում, որն անհնար է չնկատել:

«Ոչ թե պայմանավորվածություն, այլ պրոցես կա: Այսինքն` կան բանակցություններ, որոնք ընթանում են ընդդիմության և իշխանության միջև, և հիմնական խնդիրը հետևյալն է. ընդդիմությունը հասկանում է, որ ինքը չի կարող հասնել իշխանափոխության, իշխանությունն էլ հասկանում է, որ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքով կորցնում է իր լեգիտիմությունը: Այս պարագայում իշխանությանը շահավետ է, որ ինքը լեզու գտնի ընդդիմության հետ, ընդդիմությանն էլ շահավետ է, որ խաղաղ ընտրությունների արդյունքում որոշակի իշխանություն ձեռք բերի»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am