Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 161 հատ 7.5 և 8.5 մետրանոց ավտոբուսներ

Երևանի տրանսպորտային համակարգը բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 161  7.5 և 8.5 մետրանոց ավտոբուսները ձեռք կբերի:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Անգլիական WIG ընկերությունը մեզ համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել: Նախատեսվում է մոտ 850 ավտոբուս  ձեռք բերել, որից 450-ը պետք է լինի 7.5, 8.5 մետրանոց, իսկ մնացածը՝ 12 և 18 մետրանոց: Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 7.5-ից 8.5  մետրանոց ավտոբուսների  գնումը, որը բավականին երկար աշխատանք  է պահանջել»,-ասաց Մարությանը:

Նա շեշտեց, որ ավտոբուսների գնումը հնարավորություն կտա ձերբազատվել միկրոավտոբուսներից, որոնք և՛ վտանգավոր են, և՛ պրոբլեմատիկ, և՛ անհարմար:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ 7.5-ից 8.5 մետրանոց ավտոբուսների 90 տոկոսը  արտադրվում է միայն Չինաստանում: Հայկ Մարությանի խոսքով՝ վերջին տարիներին չինական ավտոբուսների արտադրությունը առաջ է գնացել և այսօր գերմանական, շվեդական, հոլանդական  քաղաքներում տենդերները հաղթում են հենց չինական ավտոբուսները: «Մեզ համար կարևոր է ոչ թե այն երկիրը, որը արտադրում է ավտոբուսները, այլ այն պարամետրերը, որոնք մենք դնում ենք, իսկ մենք ամենաբարձր պարամետրերն ենք սահմանել այդ դասի ավտոբուսների համար: Հպարտությամբ եմ ասում, որ շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար: Եթե գործարքը  կայանա, ամեն ինչ լավ անցնի, մատակարարումը լինի, սա Երևանի համար լավագույն  ձեռքբերումը կհամարեմ»,-եզրափակեց Երևանի քաղաքապետը: