Այնտեղ, որտեղ զինվորներ են մահանում, պաշտոնյաների երեխաներ չկան

Այնտեղ, որտեղ զինվորներ են մահանում, պաշտոնյաների երեխաներ չկան
Այնտեղ, որտեղ զինվորներ են մահանում, պաշտոնյաների երեխաներ չկան

Չնայած հայտարարվող բարեփոխումներին, զորակոչի գործընթացում կոռուպցիոն դրսևորումները շարունակվում են:

Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին օրերի ձերբակալություններին:

Հիշեցնենք, որ զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու գործով օրերս մի շարք պաշտոնատար անձինք են ձերբակալվել:

«Այնտեղ, որտեղ կա դեֆիցիտ, միշտ էլ կոռուպցիա կա»,- ասաց Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաև այն դեպքերի վրա, երբ առանց պատաճ ու հիմնավոր բժշկական զննության մարդկանց պիտանի են ճանաչում զորակոչի համար:

«Դա էլ կոռուպցիոն ռիսկ է: Միայն այդ դրսևորումները չկան, որ գումար են տալիս ու ազատվում զինվորական ծառայությունից: Կան դեպքեր, երբ ակնհայտ առողջական խնդիրների առկայության պարագայում երիտասարդներին զորակոչում են բանակ: Պետք է համակողմանի վերահսկողություն իրականացվի: Այն դեպքում, երբ ի նպաստ զորակոչի՝ քանակ է ապահովվում, այդտեղ աչք են փակում, իսկ այնտեղ, որտեղ կա զորակոչից խուսափելու դեպք, ուշադրություն են դարձնում»,- նշեց նա:

Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասնագետները զորակոչի ենթակա երիտասարդներին խորհրդատվություն տրամադրելով՝ պարզել են, որ բավական մտահոգություններ կան՝ կապված պատշաճ բժշկական զննության և ընդհանրապես զորակոչին պիտանի ճանաչելու հարցերի հետ:

«Մենք տեսնում ենք, որ խիստ մակերասային են մոտեցումները, հիմնավոր բուժզննություն չի անցկացվում: Ավելին, նույնիսկ որոշ դեպքերում, զորակոչիկը, որն արդեն իսկ երեք անգամ տարկետում է ստացած լինում և ըստ օրենքի՝ չորրորդ անգամ պետք է օրենքի պահանջով ճանաչվի ոչ պիտանի խաղաղ պայմաններում զինծառայության համար, էլի որոշում են, որ շարային ծառայության համար պիտանի է: Այն դեպքերով, որոնց մասին մենք իմանում ենք, միշտ ահազանգում  ենք, մեկ հոգու արդեն վերջերս ազատեցին: Բայց ստացվում է, որ եթե մենք հարցը չբարձրացնեինք, այդ երիտասարդին զորակոչի համար ճանաչելու էին պիտանի»,- ասաց Սաքունցը:

Նրա խոսքով՝ խնդիրն ունի երկու կողմ: Մի դեպքում տեսնում ենք, որ կա ակնհայտ մոտեցում, որ անկախ առողաջական վիճակից, երիտասարդին պիտանի են ճանաչում զիվորական ծառայության համար և զորակոչում բանակ, մյուս դեպքում էլ փորձ է արվում զինվորական ծառայությունից ազատել ապօրինի ճանապարհով: Այսինքն՝ ամեն գնով փորձ է արվում ապահովել թվաքանակը, և այդ պայմաններում նույնիսկ առողջական լուրջ խնդիրներով երիտասարդներին են զորակոչում: Զինված ուժերում, ըստ Սաքունցի, թվաքանակն ապահովվում է առողջական լուրջ խնդիրներ ունեցողների հաշվին, մյուս կողմից, ելնելով ծնողների ֆինանսական հնարավորություններից, խնդիրներ չունեցողներին ազատում են զինվորական ծառայությունից: 

Ըստ իրավապաշտպանի՝ խնդիրը համակարգային է և տնտեսական, սոցիալական, առողջապահական, դեմոգրաֆիական բնագավառների լուրջ խնդիրներով է պայմանավորված:

«Ինչպե՞ս կարող է մեծ ծավալի արտագաղթը չազդել զորակոչի վրա, դա անխուսափելի է: Դրա հետևանքով առաջանում է դեֆիցիտ: Իսկ առողջական խնդիրներ ունեցողները սոցիալապես անապահով խավն է: Քանի որ ընդհանուր դեֆիցիտը կա, դրան զուգահեռ կան ֆինանսապես ապահովված անձինք, որոնք կապեր ունեն ու իրենց երեխաներին ազատում են բանակից, այդ դեֆիցիտը լրացվում է հիվանդ երեխաների հաշվին»,- ասաց նա: Կարդալ ավելին