Հայաստանի ցանկացած կառավարություն այսուհետ պետք է կրի պատասխանատվություն իր կողմից ներկայացված ծրագրի չիրագործման համար․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր ժամանակ գտա և ծանոթացա կառավարության նիստում հավանության արժանացած նոր կառավարության հնգամյա ծրագրին, որը պետք է ներկայացվի Ազգային Ժողով՝ հավանություն ստանալու համար։

Բավականին ծավալուն փաստաթուղթ է, որի վերաբերյալ առաջիկա օրերի ընթացքում կխոսենք առավել առարկայական և ըստ ոլորտների։

Սակայն ինձ համար առաջին հերթին կարևոր է պատասխանատվության ինստիտուտի անշրջելիության գաղափարի արմատավորումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի ցանկացած կառավարություն այսուհետ պետք է կրի պատասխանատվություն իր կողմից ներկայացված ծրագրի չիրագործման համար, ինչ պատճառով էլ որ այն իրագործված չլինի։

Միայն պատասխանատվության ինստիտուտի արմատավորման միջոցով մենք կարող ենք հասնել ստանձնած հանձնառությունների լիարժեք իրագործմանը, հակառակ դեպքում՝ ցանկացած կառավարություն կարող է ներկայացնել այս կամ այն ծրագիրը, հետո չիրագործել այն, հետո ներկայացնել տարբեր դրդապատճառներ ու արդարացումներ, թե ինչու դրանք կյանքի չեն կոչվել»։