Հայաստանը և Արցախը, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը․

Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը: 

Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:

Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից:

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու և այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը:

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ: