Մենք ունենք երկիրն առաջ մղելու ներուժ և վճռականություն. Քոչարյանը հանդիպել է Վայքի բնակիչների հետ

«Հայաստան» դաշինքն ունի ներուժ, կամք և վճռականություն՝ երկիրն առաջ տանելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վայքեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը, բնականաբար, ասելու են՝ իրենք են այն ուժը, որ երկիրն այս վիճակից կհանի:

«Մենք ներկայացնում ենք մեր թիմը, ասում ենք՝ ունենք այդ ներուժը, այդ կամքը, այդ վճռականությունը՝ երկիրն առաջ տանելու համար: Մենք ունենք ամենից կարևորը՝ փորձը, և արդեն մեկ անգամ դա արել ենք:

Մեր թիմում են մարդիկ, ովքեր կառուցել են հաղթանակած բանակ, վերականգնել են տնտեսությունը, ովքեր հասկանում են՝ ինչ է ներդրումային քաղաքականությունը, տնտեսական զարգացումը: Մենք նայում ենք ձեր աչքերի մեջ և ասում ենք՝ մենք ենք նրանք, ով ձեզ պետք է այսօր: Բայց որոշումը ձերն է», – ասաց Քոչարյանը:

Նա կոչ արեց իր համակիրներին աշխատել հարևանների, ընտանիքի անդամների, գործընկերների հետ, համոզել, որ «Հայաստան» դաշինքն է այն ուժը, ում պետք է վստահել:

«Ամեն ինչ լավ է լինելու»,- հայտարարեց Քոչարյանը: