Արցախյան պատերազմի հետևանքով 45-ամյա Արևիկ Թամրազյանի կյանքը գլխիվայր շուռ է եկել․ տղան զոհվել է հայրենիքը պաշտպանելիս, ամուսինը գերեվարվել է, տունն էլ, որը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում, անցել է ադրբեջանցիներին։
Արևիկ Թամրազյանը կորուստների մասին պատմում է շատ զուսպ, դանդաղ, հուզմունքը զսպելով, նկարագրում է՝ ինչպես է լքել տունը, ինչպես իմացել տղայի զոհվելու մասին և ինչպես է ամուսնու հետ հեռախոսով խոսելիս լսել ադրբեջանցիների ձայներ։
«Հոկտեմբերի 22-ն էր, գյուղից դուրս եկանք, վերևում ուրիշ գյուղ կար, գնացինք, որ երկու օր մնանք, հետո վիճակը լավանա, հետ գանք, բայց վիճակը վատացավ: Տղաս էլ Մարտունիում էր, զանգեց, ասեց՝ մա՛մ, Հայաստան գնա, երեխեքի մոտ գնա: Ամսի 23-ին եկել եմ Հայաստան՝ մեծ աղջկաս տուն։ Հետո ամսի 27-ին տղայիս լուրն եմ լսել, որ զոհվել է»,- պատմում է Թամրազյանը։
Տղայի մահվան լուրը լսելուց 7 օր հետո Արևիկ Թամրազյանի ամուսինը Արցախ է մեկնում՝ տղայի իրերը վերցնելու և չի վերադառնում։
«Ամուսինս գնաց Արցախ, որ ինչ մնացել էր՝ երեխայի շորեր, հեռախոս, հանի Մարտունու տնից, որտեղ երեխաս էր ապրում։ Տղաս Մարտունիում էր ծառայում՝ ավագ լեյտենանտ էր, վարձած սենյակ ուներ։
Ամուսինս գնացել էր նաև, որ տան համար նորից գրանցվեր, տան հոգս աներ, գոնե որ հետո վերադառնանք Ստեփանակերտ կամ ինչ-որ մի տեղ Արցախ։ Նոյեմբերի 27-ին գյուղ է գնացել, գյուղի մի մասը մեր ձեռքին է, մյուս մասը՝ ադրբեջանցիների: Հետո մտքովն անցել է հարազատների գերեզման գնա, ներքևի մասից անցել է վերևի մաս ու չի վերադարձել։
Վերջին պահին, որ զանգեց, ասում էր, որ գյուղում է, բայց ես ադրբեջանցիների ձայներ էի լսում: Ասեցի՝ ո՞ւր ես, ասեց՝ գյուղում կանգնած եմ, ասեցի՝ ի՞նչ ձայներ են, ասեց՝ թուրքերի մոտ եմ… Վերջին զրույցը էդ ա եղել»,- պատմում է Թամրազյանը։
Թամրազյանն ասում է, որ այժմ սպասողական վիճակում է, եղբայրները Ստեփանակերտում են, փորձում են ինֆորմացիա ստանալ ամուսնու մասին, սակայն ամուսնու վերադարձի հետ կապված որևէ տեղեկություն չկա։
«Ոչ մի նորություն չունենք, ոչ մի բան չկա»,- ասում է նա։
Արևիկ Թամրազյանն այս ընթացքում հանդիպել է Հայաստան վերադարձված գերիներից մեկի հետ և տեղեկացել, որ ամուսինը այդ գերիների հետ միասին է եղել:
«Անձամբ զրուցել եմ, պատմեց, որ ամուսինս իր հետ է եղել: Ամուսինս նրան պատմել է, որ անցել է առաջին պոստը, որը ռուսներինն է եղել: Մեջտեղում կանգնած է եղել ու չի հիշում՝ հետո ինչ է եղել, ինքը ադրբեջանցիների պոստը չի անցել, ինքը հիշում է, որ հետևից մեկը խփել է ու ընկել է»,- ասում է Թամրազյանը։
Այս ողբերգական և բարդ իրավիճակում Թամրազյանը հայտնվել է նաև փաստաթղթային քաշքշուկներում։
Արցախից Հայաստան գալիս անգամ չի կարողացել վերցնել տան փաստաթղթերը, իսկ իր անձնագիրն ու 13-ամյա աղջկա ծննդյան վկայականն էլ մնացել են գերեվարված ամուսնու մոտ, ինչի պատճառով էլ այժմ չի կարողանում նաև իրեն հասանելիք ֆինանսական աջակցությունից օգտվել ։
«Ոչ միայն տան փաստաթղթեր չունեմ, նաև անձնագիր չունեմ, փոքր աղջկաս ծննդական չունենք, չեմ կարողանում օգնություններից օգտվեմ, թուղթ են տվել, որ զոհված ծնողի մայր եմ, 83 հազար դրամը ստացել եմ, բայց աղջկաս համար պետռեգիստրացիա չկա, ոչ մի բան չեն տալիս, որտեղ գնում ես, ասում են՝ պիտի իսկականը լինի։
Զանգել են, ասել են, որ ձեր ամուսինը գերեվարված ա, ձեզ 300 հազար ա հասնում, բայց ես էլ անձնագիր չունեմ, որ տան, էդ թուղթն էլ ե՞րբ կտան՝ ով ա իմանում։
Երկու օր առաջ ՕՎԻՐ եմ գնացել, որ անձնագիր վերցնեմ: Սկզբում չեն համաձայնել, հետո անուն-ազգանուն են հարցրել, որ հաստատեն, տեսնեն կորուստ է, հետո ասեցին՝ կզանգենք, կգաք, անձնագիրդ կվերցնեք, բայց կզանգե՞ն, չեն զանգի, կլինի՞, չի լինի՝ չգիտեմ։ Էդ 300 հազար դրամն էլ, ասում են՝ մինչև ամսի 20-ն ա, եթե կարողանաս գրանցվել, կկարողանաս, եթե չէ՝ չէ»,- նեղսրտած ասում է Թամրազյանը։
Հարցին, թե այժմ ինչի կարիք ունի, ասում է․ «Ոչ մի բան չունեմ։ Շորերս, ինչ հագս ունեցել եմ, էդ ա»։
Թամրազյանը տուն-տեղ կորցնելուց, տղայի զոհվելուց և ամուսնու գերեվարվելուց հետո, ինչպես նաև փաստաթղթային քաշքշուկների մեջ ապագայի վերաբերյալ որևէ պատկերացում չունի։
Չգիտի՝ ինչ կլինի, ինչպիսին կլինի վաղվա օրը, որտե՞ղ կապրի՝ Հայաստանո՞ւմ կմնա, թե՞ Արցախ կտեղափոխվի, առայժմ այդ մասին մտածել չի կարողանում։
«Դեռ ոչ մի բան չեմ կարողանում պատկերացնել»,- ասում է նա։
Արևիկ Թամրազյանին օգնելու ցանկության դեպքում, խնդրում ենք կապ հաստատել՝ գրելով «Մեդիալաբի» Ֆեյսբուքի էջին։
Արփինե Արզումանյան
MediaLab.am