ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո Վաշինգտոնը զարգացող երկրների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում՝ ընդունելու այն միգրանտներին, որոնց օրինական ճանապարհով հնարավոր չէ վերադարձնել իրենց երկրներ։Այս մասին հայտնում է euronews-ը:
Երկուշաբթի հրապարակված հետաքննության համաձայն՝ ԱՄՆ-ը գաղտնի պայմանավորվածությունների շրջանակում 35 երկրների հետ ավելի քան 25,000 մարդու է արտաքսել երրորդ երկրներ, որոնց հետ այդ միգրանտները որևէ կապ չունեն։
«Forbidden Stories» կազմակերպության հետաքննության համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը 410 միլիոն դոլար (357 միլիոն եվրո) է նախատեսել՝ այն երկրներին, որոնք ընդունում են արտաքսվածներին, կամ ՄԱԿ-ի գործակալություններին ուղղակիորեն վճարելու և վերադարձի գործընթացը կազմակերպելու նպատակով։
«Forbidden Stories»-ի և միջազգային լրագրողների կոնսորցիումի հավաքագրած տվյալների համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ առնվազն 25,447 մարդ արդեն արտաքսվել է երրորդ երկրներ։
Նրանց ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 20,000 մարդ, ուղարկվել է Մեքսիկա, իսկ մնացածները բաշխվել են Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ևս 27 երկրների միջև։ Եվս յոթ երկրների հետ պայմանավորվածություններն արդեն վերջնականացվել են։
Պայմանավորվածությունները տարբեր են՝ այդ թվում արտաքսվողների քաղաքացիության և քրեական անցյալ ունեցող անձանց ընդունման վերաբերյալ։
AFP լրատվական գործակալության՝ այս տարվա սկզբին իրականացրած հետաքննությունը ցույց էր տվել, որ Վաշինգտոնը աֆրիկյան երկրների նկատմամբ կիրառում է վիզաների սահմանափակումներ և արգելքներ՝ նրանց վրա ճնշում գործադրելով՝ արտաքսված անձանց ընդունելու համար։
Իրավաբանները AFP-ին հայտնել են, որ արտաքսվածները հայտնվում են «իրավական սև խոռոչում»՝ առանց մեղադրանք ներկայացնելու պահվում են այն երկրներում, որոնց հետ որևէ կապ չունեն և որտեղ նրանց իրավունքները խիստ սահմանափակ են կամ գրեթե բացակայում են։
«Forbidden Stories»-ի տվյալներով՝ Աֆրիկայի 54 երկրներից 49-ի հետ կապ է հաստատվել՝ երրորդ երկրների քաղաքացիների արտաքսված անձանց ընդունելու հարցով։
«Forbidden Stories»-ի համաձայն՝ բանակցությունների և վճարումների մեծ մասը համակարգել է ԱՄՆ Պետքարտուղարության քիչ հայտնի ստորաբաժանումը՝ «Վերամիգրացիայի գրասենյակը» (Office of Remigration), որը ստեղծվել է 2025 թվականի մայիսին։
Գրասենյակը ղեկավարում է 41-ամյա դիվանագետ Քրիստիան Ջովե Էրհարդտը, որը նախկինում աշխատել է որպես անվտանգության ոլորտի պաշտոնյա։
Հետաքննությունը մանրամասներ է ներկայացնում նրա՝ Կամերուն կատարած այցերի մասին։ Կամերունը դեկտեմբերին ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել՝ արտաքսված անձանց ընդունելու վերաբերյալ։ Մեկ շաբաթ անց Կամերունը նաև ստորագրել է առողջապահական աջակցության հնգամյա ծրագիր՝ շուրջ 400 միլիոն դոլար (348 միլիոն եվրո) արժողությամբ։



















