Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարում

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նախագիծն ավարտված է, փորձաքննության աշխատանքների ավարտից հետո այն  կդրվի շինարարության մրցույթի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նշելով, որ այն կառուցվելու է  Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում և զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք:

Փամբուխչյանի խոսքով՝ կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների համար երկու դահլիճ, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության համար մրցումային դահլիճ՝ նախատեսված 532 անձի համար:

«Մարզադպրոցի նախագիծն ավարտված է, փորձաքննության աշխատանքների ավարտից հետո կդրվի շինարարության մրցույթի: Հավանաբար, շինարարական աշխատանքները կսկսվեն 2024 թվականի երկրորդ եռամսյակում: Մարզադպրոցի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին, քանի որ մարմնամարզության՝ 2027 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ՝ 2026 թվականին, նորակառույց մարզադպրոցում անցկացվելու են փորձնական մրցումներ»,-տեղեկացրեց քաղաքապետի տեղակալը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նախագիծը շատ կարևոր է  մայրաքաղաքի համար, քանի որ աշխարհի առաջնությունը պլանավորում են անցկացնել Երևանում:

«Քանի որ մենք ունենք ընդամենը 2 տարի ժամկետ շինարարությունն ավարտելու համար, հորդորում ենք և խնդրում  բոլոր խոշոր շինարարական ընկերություններին մասնակցել նախագծի համար հայտարարվող մրցույթին»,-ասաց նա:

Արմեն Փամբուխչյանը նաև նշեց, որ Բագրատունյաց 48/1 հասցեում նախատեսվում է կառուցել բարձրագույն վարպետության համալիր մարզադպրոց:

Ըստ նրա՝ այն լինելու է բազմաֆունկցիոնալ, որտեղ կանցկացվեն ոչ միայն մենապայքարային, այլև տարբեր մրցաշարեր։

«Մարզադպրոցի նախագիծը պատրաստ է, բացակայում է միայն ՀԷՑ-ի տեխնիկական պայմանների համաձայնեցումը։ Այն ներկայացվելուց հետո փաթեթը փորձաքննություն կանցնի։ Դրական եզրակացություն ստանալու դեպքում կուղարկվի համալիր փորձաքննության, այնուհետև կդրվի շինարարական մրցույթի»,-ասաց Փամբուխչյանը։