Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի

 «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը Կառավարության մարտի 23-ի նիստում հավանության  է արժանացել, ըստ այդմ՝ վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի:

«Գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Նախագծի ընդունմամբ՝ աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս՝ գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար կվճարվի աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։

Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, վերջինս ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում Պաշտպանության նախարարության կողմից ստանում է դիցուք՝ 80 հազար դրամ, ապա գործատուն կպարտավորվի վճարել աշխատավարձից դրական տարբերությունը, այսինքն՝ նշված դեպքում առնվազն 120 հազար դրամ»,- նշված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Այսպիսով՝ նախագիծը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։