ՀՀ ԱԺ փոխնախագահը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:

ԱԺ փոխնախագահն արժեւորել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված Հայաստանի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր: