Հասարակությունը դեռ չէր մարսել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան, ինչպես նաև հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկությունները, և այսօր հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված տղամարդը մուտք է գործել «Էրեբունի պլազա», կրակոցներ արձակել: Նա վնասազերծված է: Այս թեմաների շուրջ Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:
– Պարո՛ն Բաբաջանյան, վերջին դեպքն ինչպե՞ս եք բնութագրում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում:
– Նաև Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի աշխատասենյակի պատուհանի գոգին գտնված կրակոցի ապացույցը ևս այս շղթան է անհանգստության, և ես կարծում եմ, որ սա ահազանգ է՝ մեր երկրում լրջագույն վերատեսության ենթարկելու իրավապահ համակարգը:
Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում կարող է սկիզբ դրվել մի՝ արդեն ահաբեկչության նմանվող հանցագործությունների շղթայի, շրջափուլի, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Եվ այս իմաստով չափազանց կարևոր է, որպեսզի իշխանության արդեն հանցավոր դանդաղկոտությանը վերջ տրվի, և մենք արագորեն լծվենք իրավապահ համակարգը թափ տալու, մաքրելու, այս դիմադրող ռեժիմից դուրս գալու և հատու քայլերով երկրում բույն դրած հանցավոր այս մտադրություններն արմատախիլ անելու համար:
Ես արդեն առիթ ունեցել եմ խոսելու, որ հեղափոխությունից 1.5 և ավելի ժամանակ է անցել, իրենց նախկին դիրքերին են վերադառնում օլիգարխները և նրանց ենթակա հանցավոր բանդաները, և մենք արդեն տեսնում ենք, որ առանձին օլիգարխներ, որոնք ամիսներ առաջ նույնիսկ կվախենային իրենց գտնվելու վայրի մասին հանրությանը տեղեկացնել, այսօր անարգել հայտարարություններ են անում, հոխորտում են իշխանություններին, ծաղրում ու հեգնում են իշխանությունների գործողությունները և իրավապահ մարմինների քայլերը:
Սա ուղղակի անթույլատրելի է, և ես կարծում եմ, որ անելիքի համալիր փաթեթ կա՝ իրավապահ, ուժային կառույցների՝ Ոստիկանության, ԱԱԾ-ի և հատկապես դատական իշխանության, որովհետև այնտեղ ևս մեծագույն դժվարություններ ունենք:
Դրա ապացույցն է, օրինակ, Մարտի 1-ի գործով ընթացող դատավարությունը, որի սկզբնավորումը պարբերաբար վիժեցվում է գործով մեղադրվողների պաշտպանների կողմից:
Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:
23.01.2020