Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարի աշխատանքը

Հեղինակ MediaLab

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային կատարած գերազանց աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար և շեշտել Եվրոպայի խորհրդի աջակցության կարևորությունը՝  Հայաստանում ընթացող բարեփոխումների համատեքստում։

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը ևս շնորհակալություն է հայտնել փոխգործակցության համար և ընդգծել, որ, լինելով իրավաբան, Արդարադատության նախարարության հետ համագործակցությունն ու իրականացրած ծրագրերն իր համար հոգեհարազատ են եղել։

Հանդիպման ընթացքում հակիրճ անդրադարձ է կատարվել համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրերի արդյունքներին, որոնք վերաբերել են Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերին, պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, խոշտանգումների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին և այլն։

Անդրադառնալով դատական համակարգում վեթինգի իրականացման հարցին՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով ստեղծվել է անհրաժեշտ գործիքակազմը՝ այն արդյունավետ և եվրոպական ստանդարտներին ու արժեքների համահունչ իրականացնելու համար։

Նախարար Բադասյանը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով տիկին Վուտովային՝ ներդրած ջանքերի համար, ԵԽ-ի հետ համագործակցությունը նույն արդյունավետությամբ շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Նատալյա Վուտովան իր հերթին Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունն է հայտնել շարունակել Հայաստանին ուղղված աջակցությունը՝ օրենքի գերակայության ամրապնդման և բարեփոխումների իրականացման առաքելության ճանապարհին:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։