«Ոչ մի մասունք չեն ճարել, զոհվելու փաստը չենք կարողանում ապացուցել»․ Կատյան ամուսնու անունը զոհվածների ցուցակում տեսել է, բայց մեկ տարի է՝ մարմինը չի գտնվել

«Արդեն մի տարի անցել ա, պատերազմը մեզ համար չի ավարտվել»,- հուզմունքով ասում է 48-ամյա Կատյա Բուդաղյանը, որը պատերազմը սկսվելուց հետո՝ սեպտեմբերի 27-ից, ամուսնուց որևէ լուր չունի: Ամուսնու անունը հայտնվել է զոհվածների ցուցակում, բայց շուտով մեկ տարի է՝ մարմինը չի գտնվում։

«Անորոշության մեջ ենք ու ամեն օր սպասումներով՝ ԴՆԹ-ի պատասխան գուցե գա, ահավոր ա։ Զոհվածների առաջին ցուցակը որ կախել են, իրա անունը կար, բայց մինչև հիմա ոչ մի մասունք չեն ճարել, դրա համար իրա զոհվելու փաստը չենք կարողանում ապացուցել։ 

Ոչ մի կարգավիճակ չունենք՝ ո՛չ զոհվածի, ո՛չ անհայտ կորածի։ Իր անունը զոհվածների ցուցակում հայտնվել էր, բայց որ դիմում էինք զոհվածի կարգավիճակ ստանալու համար, ասում են՝ պետք ա դատաբժշկական փորձաքննության արդյունքները լինեն, որ մահվան վկայական տրվի: Դե, քանի որ մարմինը չեն գտել, չեն կարող ներկայացնել»,- պատմում է կինը։

Կատյան ասում է՝ կարգավիճակի չլինելու հարցը նաև հնարավորություն չի տալիս ֆինանսական փոխհատուցումներից օգտվել, ասում է՝ ցավը խորն է, կորուստը՝ մեծ, ֆինանսականի մասին անգամ մտածել չեն կարողանում, բայց կորցրել են տուն ու ունեցվածքը Հադրութի Թաղասեռ գյուղում, վերջին երկու ամիսներին 68-հազարական դրամ օգնությունն էլ չեն ստանում, ավելի խիստ են զգում սոցիալական խնդիրների ծանրությունը։

«Թոշակ չենք կարողանում ստանանք որպես զոհվածի կամ անհայտ կորածի ընտանիք, ոչ մի բանից չենք օգտվում, դատարան ենք դիմել կարգավիճակի հարցով, դատարանն անհայտ բացակայող ա ճանաչել, ասում են՝ նոյեմբերի 9-ին մի տարի լրանա, հետո նոր իրան մահացած կճանաչեն։ Պետք է մի քանի ամիս էլ սպասենք»,- պատմում է կինը:

Կատյայի ամուսինը՝ 48-ամյա մայոր Նիկոլայ Հայկյանը, 30 տարի զինվորական ծառայության մեջ է եղել: Կինը հուզմունքով ասում է, որ ամուսնու հետ կատարված դեպքից հետո անտարբերություն է տիրում, պետության կողմից որևէ մեկը չի հետաքրքրվում իրենց վիճակով, ամուսնու հետ կապված որևէ տեղեկություն այդպես էլ չեն ստանում։

«30 տարի ծառայել ա, էսօր կարծես էդ մարդը չի էլ եղել, ոչ մի ուշադրություն, գոնե հետաքրքրվեն, հարցնեն՝ սպայի ընտանիքը որտե՞ղ ա: Ոչ մի տեղեկություն չենք ստացել, միայն զոհվածների ցուցակում անունը կա»,- ասում է Կատյան։

Պատերազմի առաջին օրվանից, երբ վիճակը Հադրութի Թաղասեռ գյուղում վատացել է, Կատյան երեխաների հետ դուրս է եկել՝ ամեն ինչ թողնելով: Ասում է, եթե իմանար՝ այլևս չեն վերադառնալու, գոնե ոսկյա զարդերը հետը կվերցներ։ 

Կատյա Բուդաղյանը դստեր հետ

Կատյան երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան, որտեղ սկզբնական շրջանում հորեղբոր ընտանիքի հետ է բնակվել, այնուհետև, երբ մեծ տղան զինվորական ծառայությունից վերադարձել է, դիմել է պետական մարմիններ՝ պաշտպանության նախարարություն, սոցիապ նախարարություն, սակայն կացարանի հարցով որևէ տեղից աջակցություն չի ստացել: 

«Ոչ մի տեղից ոչ մի արձագանք, մեզ չեն բավարարում, մենք Աբովյանից հասանք Ջերմուկ, երկու ամիս մնացինք, բայց էլ չկարողացանք վարձը տալ, մեր համայնքի ղեկավարն էր հարցնում՝ ո՞նց եք, ինչպե՞ս եք ապրում։ 

Ես բացատրեցի, որ վիճակն էն աստիճան ա, որ չենք կարողանում վարձը տա: Ինքը մի բարերար գտավ, մի կին մեզ օգնեց՝ իմանալով, որ ամուսնուս հետ սենց հարցեր կան, մեզ հյուրատանը տեղավորեց: Որոշ ժամանակ անց տեղափոխվեցինք Շիրակացու ճեմարան՝ հանրակացարան: Մեր պայմանագիրն օգոստոսին վերջանում էր, բայց ասեցին՝ չեն կարող մեզ էսպես հանել, հիմա էստեղ ենք մնում, պայմանագիրը երկարացրին»,- ասում է Կատյան ու հուզմունքով շարունակում, որ սեպտեմբերի 27-ից սկսած կյանքը հետ է գնում։

Նիկոլայ Հայկյանը որդու հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

«Մինչև պատերազմը մենք շատ լավ էինք ապրում, հիմա մենք ոչ թե դոփում ենք տեղում, այլ անընդհատ հետ ենք գնում, թե հոգեկան աշխարհը, թե ամեն ինչ խառնվել են իրար, մենք չենք կարողանում վերադառնալ զրո կետին, անընդհատ հետ ենք գնում։ Հիմա էլ որ տղայիս տարան բանակ, ավելի վատ»,- ասում է Կատյան։

Ապագայի մասին Կատյան չի կարողանում մտածել, ասում է՝ անընդհատ տագնապի մեջ է, միայն ցանկանում է, որ խաղաղություն լինի:

«Ես չեմ կարողանում դեպի ապագա նայել, ես ոչ մի պլան չեմ կարողանում կազմել, մենք 26-ին էլ լիքը պլաններ ունեինք,- հուզվում է Կատյան ու ասում․- մեզ համար կարևորը խաղաղությունն է, երկու տղա ունեմ, մեկը՝ առաջնագծում, Աստված չանի՝ մի բան լինի, էլի մենք ենք տուժողը լինելու, էլի հասարակ մարդիկ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am