«Քաղաքական սադրանք». Մայր Աթոռը դատապարտել է Անիի Մայր տաճարում կազմակերպված նամազը

«Քաղաքական սադրանք». Մայր Աթոռը դատապարտել է Անիի Մայր տաճարում կազմակերպված նամազը
«Քաղաքական սադրանք». Մայր Աթոռը դատապարտել է Անիի Մայր տաճարում կազմակերպված նամազը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Անիի Մայր տաճարում թուրք ազդայնականների կողմից կազմակերպած նամազը։ Այդ մասին նշված Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքիայի խորհրդարանի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, ուրբաթ օրը` թուրքական դրոշներ կրող աջակիցների հետ ժամանել է Անիի կիսավեր Մայր տաճար, որտեղ ավանդական ուրբաթօրյա աղոթքի` նամազի  արարողություն է կազմակերպել:
«Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ այսպիսով Բահչելին հետեւում է սելջուկ սուլթան Ալփ Արսլանի օրինակին, ով, 1064 թվականին գրավելով Անին, հրամայել է եկեղեցու գմբեթից հանել խաչը եւ նամազ է կատարել այնտեղ:

Նամազ անցկացնելու համար «Ազգայնական շարժումը» թույլտվություն է ստացել Թուրքիայի մշակույթի նախարարությունից: շ

Տեղի ունեցածը Մայր Աթոռը որակել է որպես «քաղաքական սադրանք»:

«Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում: Սույն քայլը քաղաքական սադրանք է և որևէ առնչություն չունի հոգևոր-բարեպաշտական զգացումների և կրոնական ազատության ու իրավունքների հետ»,- հայտարարել է Մայր Աթոռը:

Միաժամանակ, ըստ Մայր Աթոռի հաղորդագրության, «դա փորձ է ժխտելու հայկական պատկանելությունը Անիի մայր տաճարի, որ աղոթազրկվել է հայոց ցեղասպանության հետևանքով»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն և հայատյացություն:

«Բացարձակապես անընդունելի է նաև քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար այն դեպքում, երբ հետևողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսով, թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քայլերը` ուղղված հայկական հիշատակների ոչնչացմանը և հայոց պատմական սրբավայրերի ու մշակութային արժեքների յուրացմանը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ըստ Մայր Աթոռի, ակնհայտ է, որ այդ  քայլով Թուրքիան վերստին ի դերև է հանում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը` ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման և հարաբերությունների կարգավորման:

© Medialab.am