Վերջնականապես կկորցնենք Արցախը, եթե չվերցնենք պատասխանատվություն ու չգնանք արմատական քայլերի. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Արցախում, ըստ էության, ունենք նոր իրավիճակ, ադրբեջանցիները Լաչինի միջանցքը բացելու փոխարեն ավելի են խորացնում շրջափակումը՝ ունեն առաջխաղացում Արցախում։ Ինչի՞ հետևանք է սա։

– Նախ՝ ես կուզեմ ընդգծել, որ Արցախում նոր իրադրություն չկա․ Արցախում իրադրությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո և նոյեմբերի 9-ի թղթի կտորի ստորագրումից հետո մեծ հաշվով չի փոխվել։ Այն, ինչ տեղի է ունենում՝ այդ Փառուխ 1, Փառուխ 2, Փառուխ 3, դեռ շատ է լինելու, սա իրադրության փոփոխություն չէ, իրադրությունը մեկն է, որի տրամաբանությունը չի փոխվում․ Ադրբեջանը քայլ առ քայլ, սողացող ագրեսիայի միջոցով, հիբրիդային պատերազմի միջոցով առաջ է գնում։ Այնպես որ, այստեղ որևէ նոր բան չկա․ Ռուսաստանն ու Ադրբեջանը ունեն պայմանավորվածություն ու դա քայլ առ քայլ իրականացնում են, իսկ այս պայմանավորվածության մեջ հայկական շահ, արցախցու շահ չկա։ Իրավիճակը չի փոխվում, ստատիկ է, ու վաղը լինելու է յոթերորդ Փառուխը, ութերորդը, և ինչքան շուտ մենք սա հասկանանք, կկարողանանք այս իրավիճակից դուրս գալ։

– Այսինքն՝ սպասել, որ Ռուսաստանն ստիպելու է Ադրբեջանին, որ նա հետ քաշի զորքը Արցախի այն հատվածներից, որտեղ չպետք է լիներ ադրբեջանական զորքը, անիմա՞ստ է։

– Իհարկե անիմաստ է, ես զարմանում եմ, որ դեռ մարդիկ կան, որոնք դա չեն հասկացել։

– Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի ու Արցախի իշխանությունները դա չեն հասկացել։

– Իշխանությունները դա վաղուց են հասկացել, այստեղ հասկանալ-չհասկանալու խնդիր չկա, խնդիրն այստեղ այն է, որ, բազմիցս եմ ասել, հիմա էլ կրկնեմ, մենք պատերազմից հետո վերադարձել ենք 88-91-92 թթ․ ընկած ժամանակահատվածը։ 

Առաջին մեղավորը, որ մենք կրկին հասել ենք այդ վիճակին, մենք ենք: Ինչո՞ւ է այդպես, որովհետև ոչ ոք չի ուզում արմատական որոշում կայացնել ու ամենագլխավորը՝ պատասխանատվություն վերցնել այդ որոշման համար, այսինքն՝ բոլորին ձեռնտու է, որ այս վիճակը՝ սողացող ագրեսիան, շարունակվի, մեղադրենք Ադրբեջանին, մի քիչ մեղադրենք Ռուսաստանին, իրենք իրենց գործն անեն, իսկ մենք անընդհատ կորցնենք մարդկային կյանքեր ու տարածքներ։ 

– Այսինքն՝ հիմա ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում չկա՞ այդ պատասխանատվություն կրողը, այդ իրավիճակում ի՞նչ սպասենք։

– 92 թվականին իրավիճակն Արցախում նույնն էր, ինչ հիմա, միգուցե՝ ավելի վատ, երբ պատային իրավիճակ էր, Արցախից մնացել էր մի փոքր կտոր, բոլոր կողմերից շրջապատված ազերիներով, ու այդ ժամանակ պետք էր մարդ, որն իր վրա պետք է վերցներ պատասխանատվությունը։ 

Վերջապես եկավ մի պահ, երբ պատասխանատվությունն իր վրա վերցրեց Սամվել Բաբայանը, ու սկսվեց որոշակի առաջխաղացում, ու մենք տեսանք արդյունքը։ Հիմա ես չեմ ասում, թե դա Սամվել Բաբայանը պետք է անպայման անի, ես ուղղակի տրամաբանությունն եմ ասում։ Եթե մենք չենք վերցնում պատասխանատվությունը ու չենք գնում արմատական քայլերի, լինելու է այսպես, մինչև վերջնականապես կորցնենք Արցախը ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին։

– Եթե այդ պատասխանատվություն կրողն ի հայտ գա, կկարողանա՞նք բեկում մտցնել իրավիճակում, որովհետև կարծիքներ կան, թե պատերազմից հետո մենք թուլացել ենք, բանակն այն վիճակում չէ և այլն, պարո՛ն Ստեփանյան։

– Կա երկու ճանապարհ, ու երկուսի հիմքում էլ ընկած է քաղաքական պատասխանատվությունը․ առաջին ճանապարհը՝ կրկնել 92 թվականից սկսած գործողությունները, այսինքն՝ կոնսոլիդացվել ու դուրս գալ պայքարի, որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե դա ինչով կավարտվի։

Երկրորդ՝ դա անել քաղաքական, դիվանագիտական միջոցներով, այստեղ կրկին գալիս է պատասխանատվության հարցը, որի ածանցյալը քաղաքական վեկտորի փոփոխությունն է։ Երրորդ ճանապարհն էլ այն է, որում կանգնած ենք, ու որը մեզ տանում է դեպի վերջնական կործանում, որովհետև Արցախը կորցնելուց հետո կորցնելու ենք Հայաստանը:

Ալիևն Արցախով կանգ չի առնի, նա փորձում է Հայաստանը որպես գործոն վերացնել ու շատ ճիշտ է անում, անում է այն, ինչ մենք չենք արել 94-ից սկսած։ Հիմա մենք Ալիևի դեմը պետք է առնենք, որովհետև ուրիշ հնարավորություն չունենք։ 

– Իսկ այդ պատասխանատվություն կրողն ի վերջո թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, ըստ ձեզ, լինելու է գործող իշխանության ներկայացուցի՞չ, թե՞ ոչ։

– Ես չեմ տեսնում այդպիսի պոտենցիալ, ցավոք սրտի։ 100 տոկոսով դա չկա Արցախում, բայց հույսեր դեռ պահպանում եմ, որ Հայաստանի իշխանությունը փորձում է այդպիսի բան անել, ուղղակի փորձում է շատ զգույշ անել, որովհետև այս գործում զգուշավորություն է անհրաժեշտ։ Պետք է լինի քաղաքական կամք, իսկ էլիտայի ներսում՝ հստակ որոշում, թե ինչպես ես դու լուծում այդ հարցը։ 

Թողնել իրավիճակն այնպես, ինչպես հիմա է, նշանակում է կորցնել Արցախն ու Հայաստանի մի մասը ու, ընդհանրապես, կորցնել երկիրը որպես սուբյեկտայնություն։

Հիմա մենք չենք կարող շարունակել այսպես, ռուսական անվտանգային ճարտարապետությունը, որում մենք կանք, գոյություն ունի դե յուրե, բայց դե ֆակտո չկա, մինչև սա չփոփոխենք, ես ասացի՝ ինչպես, ղեկավարությունը թող որոշի՝ ո՛ր տարբերակն է ճիշտ, բայց ճանապարհը այդ երկուսն է, երրորդը, որում կանգնած ենք, տանում է մեզ դեպի կործանում որպես պետականություն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am