Միջադեպ Որոտանի հատվածում․ ադրբեջանցները երեկ հայ սահմանապահներին սնունդ տանող մեքենան են կանգնեցրել․ Ազատություն

Գորիս կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահները երեկ կանգնեցրել են նաև հայ սահմանապահներին սնունդ տանող մեքենան, տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը, հայտնում է Ազատությունը։

Վարորդից բացի մեքենայում նաև որոտանցի երիտասարդներ են եղել, տհաճ միջադեպից հետո այսօր հայ ծառայողների համար հաց տեղափոխվել է հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։

Գորիսի փոխքաղաքապետն ասում է՝ իրավիճակն անփոփոխ է, մայրուղու այդ հատվածում այժմ էլ բազմաթիվ իրանական բեռնատարներ են խցանված կանգնած։

«Պարսիկները կանգնում են՝ չունենալով փող, որ կատարեն մուծում։ Մեջները կան, որ հիմնականում օգտագործում են ուրիշ մեքենաներ, իրենք որպես վարորդ են միայն հանդիսանում, ստիպված իրենք զանգում են իրենց տերերին, որ գումար ուղարկեն, կարողանան մուծում կատարեն, անցնեն», – «Ազատության»-ը փոխանցեց Կարո Քոչարյանը։

Վեցերորդ օրն է ադրբեջանցի դիմակավորված ու զինված ոստիկաններն ու սահմանապահները Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին, ստուգում փաստաթղթերը, գումար պահանջում, հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Իրանցի երկու վարորդ արդեն ձերբակալվել է, նրանցից մեկը ընտանիքով է եղել՝ կնոջ ու երեխայի հետ, նրանց ադրբեջանցիները տուն են ճանապարհել, վարորդներին՝ պահել, ասաց Քոչարյանը։

«Ասեցին, որ իրենք գնացել են Ղարաբաղ, հիմք է հանդիսացել Ղարաբաղ մտնելը», – նշեց Գորիսի փոխքաղաքապետը։

Բահման Ալիզադեն Իրանից Հայաստան բիտում է տեղափոխել ու մնացել այստեղ․ – «370 դոլար են ուզել, չեմ տվել՝ չունեմ, հիմա փող պիտի տամ, որ հետ գնամ»։

Գորիս-Կապան մայրուղու վրա՝ Սիսիանի մաքսային կետում, բազմաթիվ իրանական բեռնտարներ են շարված, բոլոր վարորդները նույնն են պնդում՝ փող չկա, որ ադրբեջանցիների հենակետում վճարեն։

Անելիանելի վիճակում են նաև հենց Որոտանի հատվածում խցանման մեջ մնացած վարորդները։ «Փող չտվիր, չեն թողնում, էստեղ կանգնած եմ։ Ասում են՝ 250 դոլար տուր, հետ գալուց՝ 130 դոլար, պիտի տաս, որ թողնեն գնաս», – ասաց «Ազատության» զրուցակիցը։

Ալիզադեի ընկերը՝ Աբասը, հենց ադրբեջանցի ոստիկանների մոտից էր զանգել, ասում է՝ ով փող ունի, անցակետն անցնում է։ «Երկու ավտոյից փող առան, էստեղ 100 ավտո կա, չեն թողնում»։

Տաթևի այլընտրանքային ճանապարհը դեռևս նորոգման փուլում է, դրանից բացի, այն բոլորովին հարմար չէ իրանական մեծ կցորդիչներով մեքենաների համար։ «Չէ, ճամփան խարաբ է, ժիգուլին սկի չի գալիս, ճամփեն շատ վատն է, ավտոն երկար է», – ասաց իրանցի վարորդը։