«Երաժշտությունը երկխոսություն է աշխարհի հետ». Maestro Magazine-ի հարցազրույցը՝  17-ամյա  մրցանկակիր դաշնակահար Էդուարդ Արևշատյան հետ

Maestro Magazine-ը մասնագիտացված երաժշտական ամսագիր է, որն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում դասական երաժշտության ոլորտում աչքի ընկած կատարողներին։ Այն հրապարակում է հարցազրույցներ, ներկայացնում միջազգային մրցույթների հաղթողների պատմությունները և լուսաբանում նրանց երաժշտական ուղին ու նվաճումները։

Ամսագիրն ակտիվորեն համագործակցում է մի շարք հեղինակավոր մրցույթների հետ, այդ թվում՝ World’s Best Musicians Competition-ի և Classical Music Stars-ի, և իր էջերում հաճախ ներկայացնում է այդ մրցույթների հաղթողներին։

Maestro Magazine-ի վերջին համարում, Winner’s Voice խորագրի ներքո, զետեղվել է հարցազրույց Հայաստանից երիտասարդ դաշնակահար Էդուարդ Արևշատյանի հետ։

Էդուարդ Արևշատյանը միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր և մրցանակակիր դաշնակահար է, որը առանձնանում է իր վարպետությամբ, հուզական խորությամբ և ինքնատիպ երաժշտական ընկալմամբ։ Նրա անունը կապվում է մրցանակակիր կատարումների, բարձր պրոֆեսիոնալիզմի և երաժշտության միջոցով զգացմունքների ուժեղ արտահայտման հետ։ Դեռ պատանի տարիքից երաժշտությունը դարձել է Էդուարդի ինքնարտահայտման գլխավոր լեզուն։

Ներկայումս 17-ամյա Էդուարդը սովորում է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում։ Նա ավելի քան 20 միջազգային մրցույթի դափնեկիր է, այդ թվում՝ Սվյատոսլավ Ռիխտերի անվան մրցույթում Հարավային Կորեայում, Օրբետելոյի միջազգային մրցույթում Իտալիայում, ինչպես նաև Մոցարտի և Բախի անվան հեղինակավոր մրցույթներում Լեհաստանում։

– Էդուարդ, ո՞րն էր ձեր դաշնամուր նվագելու ամենավաղ փորձը, և ե՞րբ որոշեցիք, որ ցանկանում եք դաշնակահար դառնալ։

– Դաշնամուր նվագելու իմ առաջին փորձը ավելի շատ մի զգացողություն է, քան հստակ հիշողություն։ Ես ընդամենը մի քանի տարեկան էի, երբ առաջին անգամ դիպա ստեղներին։ Չէի պատկերացնում, որ դա մի օր կդառնա իմ կյանքի մի մասը։ Բայց արդեն այն ժամանակ զգում էի, որ երաժշտության հետ ունեմ յուրահատուկ կապ։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ դաշնամուրը սոսկ գործիք չէ։ Դա ինքնարտահայտման միջոց է, տարածք, որտեղ ես իսկապես կարող եմ լինել ես։ Երաժշտությանը լիովին նվիրվելու որոշումը կայացավ ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար՝ այն գիտակցման արդյունքում, որ դա իմ բնատուր լեզուն է։

– Կարո՞ղ եք նշել այն մարդկանց, որոնք Ձեզ ներշնչել են այս ճանապարհին։

– Իմ ներշնչանքի մեծագույն աղբյուրներն անշուշտ եղել են կոմպոզիտորները, որոնց երաժշտությունն ինձ խոր զգացմունքով է դիպել։ Բախը՝ իր ճարտարապետական հստակությամբ և ունակությամբ՝ խոր հույզեր փոխանցելու խիստ կառուցվածքների միջոցով։ Շոպենը՝ իր անկեղծությամբ, լիրիզմով և թախծոտ գեղեցկությամբ, որն անբաժան է մի տեսակ խորունկ տխրությունից։ Ռավելը՝ իր նրբագեղ գույներով ու զգացմունքային բարդությամբ։ Ռախմանինովը՝ իր հույզերի ընդգրկումով, կարոտն ու հույսը միավորող հնչյուններով։

Բայց միայն կոմպոզիտորները չէին։ Իմ ուսուցիչները, երաժիշտ գործընկերներս, հանդիսատեսն ու հարազատներս նույնպես ձևավորել են իմ ընթացքը։ Առանձնահատուկ տեղ ունի քույրս՝ Շուշան Արևշատյանը՝ դաշնակահար և կոմպոզիտոր, որ ոչ միայն ոգեշնչել է ինձ, այլ նաև ուղղորդել դեպի պրոֆեսիոնալ աշխարհը։ Նա կիսվել է իր փորձով, օգնել է հաղթահարել բարդ ստեղծագործություններ, սովորեցրել՝ ինչպես լսել նոտաներից անդին։ Նրա աջակցությունն ու հավատը ինձ ուժ տվեցին՝ հաղթահարելու դժվարությունները, գտնելու իմ սեփական ձայնը երաժշտության մեջ և երբեք կանգ չառնելու։ Առանց նրա իմ ճանապարհը լրիվ այլ կլիներ։

– Ինչպիսի՞ զգացողություն եք ունենում, երբ բեմ եք բարձրանում ու կիսվում երաժշտությամբ։

– Երբ բեմ եմ բարձրանում, երաժշտությունը դառնում է կենդանի մի բան, որ շնչում է։ Ժամանակը կանգ է առնում։ Մնում է միայն հնչյունը՝ իր խորությամբ ու շարժումով։ Այդ պահին ես այլևս պարզապես երաժիշտ չեմ, այլ մի միջանցք՝ հանդիսատեսի և անչափելի մի բանի միջև։ Ինձ համար երաժշտությունը նոտաները ճիշտ նվագելու մասին չէ միայն։ Դա մի ճշմարտության բացահայտում է՝ անկեղծ զրույց նրանց հետ, ովքեր լսում են։

– Ո՞ր բեմական փորձն էր Ձեզ համար ամենազգալին։

– Շոպենի Երկրորդ սոնատը նվագելը։ Դա մի ամբողջական ներաշխարհ է՝ ողբերգությամբ, ներքին պայքարներով ու ճակատագրականությամբ լի։ Առաջին անգամ երբ նվագեցի այն, զգացի ոչ միայն ստեղծագործության բարդությունը, այլ նաև հույզերի հսկայական ուժը։ Հատկապես «Թաղման քայլերթը», որտեղ յուրաքանչյուր ակորդ թվում էր՝ մի քայլ էր աշխարհի ու մահվան սահմանագծի վրայով։ Այդ պահին հասկացա՝ երաժշտությունը միայն հույզեր փոխանցել չէ, այն կարող է կիսել դրանք քեզ հետ։

– Ո՞րն է Ձեր երազանքը երաժշտական կարիերայում։

– Ես երբեք չեմ ձգտել արտաքին փայլուն հաջողությունների։ Ինձ համար կարևոր է խոր արտահայտչականությունը։ Կարևոր է ոչ միայն ճիշտ նվագել մի ստեղծագործություն, այլև դրանում ինչ-որ անձնական բան գտնել, հասկանալ։ Ես ուզում եմ, որ իմ երաժշտությունը խոսի մարդկանց հետ, լինի անկեղծ ու կենդանի, դիպչի նրանց ներսից։

– Ի՞նչ է Ձեզ հետաքրքրում երաժշտությունից դուրս։

– Ինձ ոգեշնչում են գրականությունն ու փիլիսոփայությունը։ Գրքերն օգնում են աշխարհը տեսնել բազմաշերտ, այլ դիտանկյուններից։ Դրանք օգնում են որոնել հարցերի պատասխաններ, որոնք հնարավոր չէ բառերով արտահայտել։ Երբեմն ինձ պարզապես անհրաժեշտ են լռությունը, բնությունը՝ որսալու այն հնչյունները, որոնք հետագայում կդառնան երաժշտությանս մի մասը։

– Ի՞նչն է Ձեզ մղում մասնակցել միջազգային երաժշտական մրցույթների։– Մասնակցել այնպիսի մրցույթների, ինչպիսիք են Classical Music Stars IMC, World’s Best Musicians IMC, Mozart IMC կամ BACH IMC, ինձ համար մրցակցություն չէ։ Դա ուրիշներին լսելու, երաժշտական ընկալումներ փոխանակելու հնարավորություն է։ Դա հնարավորություն է դուրս գալ սովորականից, ընդլայնել ընկալման սահմանները և ինքդ քեզ հիշեցնել՝ երաժշտությունը միայն անձնական փորձ չէ, այլ երկխոսություն աշխարհի հետ։