Պատգամավոր Արծվիկ Մինասյանին բռնության ենթարկելու դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բռնության ենթարկելու դեպքով: Այդ մասին տեղեկացրել է ԻՔՄ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

«Ցավով պետք է նշեմ, որ հիմքեր ունենք պնդելու, որ Արծվիկ Մինասյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնությունը եղել է ոչ միայն տեսախցիկների առջև (որը բոլորս տեսել ենք), այլև Ոստիկանության «Գազելում»:

Ընդ որում, դա արվում էր այն ժամանակ, երբ Մինասյանը պարզապես փոձում էր ոստիկանների ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ մի քաղաքացի ուշագնաց է եղել ու օգնության կարիք ունի:

Ավելին, որոշակի գործողություններ ենք կատարել Մինասյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնություն գործադրած ոստիկաններին նույնականացնելու ուղղությամբ (այդ պատճառով էլ հաղորդման ներկայացումը այսքան ժամեր տևեց):

Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ պատգամավորները ընտրված են ժողովրդի կողմից և հետևապես վերջիններիս նկատմամբ որևէ ապօրինություն դատապարտելի է կրկնակի:

Դա, բնականաբար, չի նշանակում, որ ԱԺ պատգամավորները կարող են ապօրինություններ գործել, բայց Արծվիկ Մինասյանի այսօրվա գործողություններում որևէ ապօրինի բան չենք տեսել», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Իոաննիսյանը: