Հրեշը, «Դեկամերոնը» և համերաշխությունը

Վահրամ Թոքմաջյան

Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» վեպի հերոսները՝ ազնվազարմ պատանիներ և տիկնայք, հանդիպելով Սանտա Մարիա Նովելլա եկեղեցում, վիրուսով վարակված հեռանում են քաղաքից 2 մղոն հեռավորության վրա գտնվող առանձնատուն, որ այնտեղ փրկվեն հիվանդությունից։ Վեպի սյուժեի այս առանցքային կետը՝ մեկուսացումը, թվում է թե բխում է անձնային՝ բուժվելու նկատառումներից:

Հակառակ կողմից՝ այն նաև մարդասիրական ակտ է՝ չվարակել ուրիշներին: Ցուցաբերել սոցիալական համերաշխություն: Սակայն այդ համերաշխությունը ցուցաբերելիս վեպի հերոսներն ունեին երկու կարևոր սոցիալական հիմքեր՝ առանձնատուն քաղաքից դուրս և առանց աշխատելու ապրելու հնարավորություն: Չէ՞ որ նրանց մեջ կային ազնվազարմ պատանիներ:

Այլ էր իրավիճակը միջնադարում: Պետությունը չուներ այն սոցիալական պարտավորությունները, որոնք մենք ենք պատկերացնում: Ավելին՝ հասարակության հստակ՝ դասակարգային շերտավորումը չէր խրախուսում այդ սոցիալական համերաշխությունը:

Դեպքերից անցել է շուրջ յոթ դար: Պետության պարտավորություններն ավելացել են, իսկ սոցիալական բևեռացումը մնացել է նույնը: Իհարկե, ավելի մեղմ անուններ են հորինվել՝ միջին խավ, աղքատ մարդիկ, բարձր եկամուտ ունեցողներ և այլն: Սակայն այս բարեկիրթ հորինվածքից իրերի ուղին չի փոխվում:

Եթե մի կողմ դնենք բոլոր տեսակի դավադրությունների տեսությունները, ապա պետք է փաստենք, որ աշխարհի որևէ երկիր պատրաստ չէր այս համաճարակին: Ընդհանրապես, համաճարակները վատ բնավորություն ունեն. սովորաբար չեն հարցնում, երբ գալիս են:

Բազմաթիվ հանրույթներ բնազդային միավորումներ են ունենում ճգնաժամային իրավիճակներում: Այդ համերաշխությունն իր մեջ արտացոլում է երկու հայրենիքների սերը: Մեկ այլ առիթով կխոսենք, թե ինչ է ասել երկու հայրենիք: Հիմա կարճ՝ հոտի, համի, զգացողության, բնազդի հայրենիք և սոցիումի՝ քո գիտակցության մեջ ամրապնդած հայրենիք: 

Այդ համերաշխությունը մեզանում եղավ 1988-ին՝ Արցախյան պատերազմին, Ապրիլյանին: Իհարկե այդ ամենից դուրս են թալանչիները, դիակապտությամբ զբաղվողները, սպեկուլյանտները, արյան վրա հարստացողները: Մեր օրերում էլ կան, պակասություն չենք զգում: 

Ի՞նչ դրսևորումներ ունեցավ սոցիալական համերաշխությունը: Որոշ խմբեր սկսեցին նախաձեռնությամբ հանդես գալ ու կարիքավոր խմբերին բարիքներ բաժանել, դրսում ապրող հայերը այն երկրորդ՝ գիտակցված հայրենիքին քիչ, բայց ամեն դեպքում պետքական օգնություն ուղարկել, պետությունը կատարում է իր պարտավորությունը հիվանդների ու պոտենցիալ հիվանդների նկատմամբ, ծրագրեր է մշակում՝ սպասվող ճգնաժամը մեղմելու և այլն: Վերանանք այս ամենից:

Յուրաքանչյուր ճգնաժամ իր հետ բերում է խնդիրների փունջ: Խնդիրներ, որոնք եղել են մեր կողքին, ուղեկցել են մեզ, սակայն ժամանակ չենք ունեցել դրանցով զբաղվելու, զահլա չի եղել, իսկ շատ հաճախ էլ՝ քաղաքական կամք: Այդ խնդիրները սովորաբար փիլիսոփայական չեն, երևութական չեն, տեսական բնույթի չեն: Դրանք ամենօրյա են, խիստ պրագմատիկ, երբեմն՝ դաժան ու ոչնչացնող: Իսկ այդ խնդիրների կենտրոնում մարդն է, այս դեպքում՝ Հայաստանում ապրող մարդը:

Մեր պատմությունն ընդհանրապես հավաքական ողբերգությունների շղթա է, որոնց հազվադեպ օղակներում հանդիպում են հաղթանակներ: Այդ հավաքական ողբերգությունների ճգնաժամային շղթայից մենք չենք սիրում հետևություններ անել: Մերը սգալն է: Դրանով կարծես տեսնում ենք խնդրի լուծումը և անցնում առաջ: Բայց խնդիրը մնում է: 

Այդպես եղավ նաև հիմա:

30 տոկոս աղքատություն ունեցող երկիր: Դա նշանակում է, որ շուրջ մեկ միլիոն մարդ ամենօրյա հացի կարիք ունի: 

Հասկանո՞ւմ եք, հացի՝ մատնաքաշ, հրազդան, սոմին կամ պուրի, խոսքն այն հացի մասին չէ, երբ միմյանց ասում ենք՝ չգնա՞նք մի կտոր բան ուտելու: 

Էդ մի կտորը սովորաբար լինում է թեթև թաշախուստով, քյաբաբով ու մնացածով սեղան: Չէ՛, էդ խմբի մարդկանց մոտ մի կտոր հացն ունի ուղիղ մի կտոր հացի նշանակություն և չի հանդուրժում որևէ այլաբանություն: 

30 տոկոս աղքատությունը նշանակում է, որ յուրաքանչյուր երրորդ երեխա սոված կամ թերսնված է քնում անգամ այն պայմաններում, երբ չկա արտակարգ դրություն, երբ կյանքն ընթանում է իր բնականոն հունով:

Իհարկե, այս տողերը շարադրելիս ես շատ լավ հասկանում եմ, որ մենք ԱՄՆ չենք, որպեսզի պետությունից պահանջենք ծրարով փող: Մենք Հայաստանն ենք: Փակ սահմաններով, կիսապատերազմ-կիսախաղաղություն վիճակում, բազմաթիվ հոգսերի տակ կքած: 

Բայց սա չի նշանակում, որ խնդիրները լուծումներ չունեն: 

Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարությունը փաթեթ է բերել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու: 

Գովելի է: 

Դա վերաբերելու է մարտի 16-ից հետո ծագած հարաբերություններին: Նվազագույն բան է, բայց ինչ-որ բան արել են: Գործատուներին կպարտավորեցնեն որոշակի գումար վճարել հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին:

Լուծվե՞ց խնդիրը: Իհարկե չլուծվեց:

Ինչպե՞ս ենք լուծելու այն տասնյակ հազարավոր մարդկանց օրվա հացի, լույսի, ջրի, գազի հարցը, որոնք ապրում ու աշխատում էին օրավարձով: Առանց բարաթի ու գրավոր պայմանագրի: 

Ա՛յ սրա մասին երեկ էր պետք մտածել: Չենք մտածել: Շատ հեշտ է ասել՝ իրավունք չունենք խառնվել գործատու-աշխատող հարաբերություններին: 

Չունե՞ք՝ ունեցե՛ք: Ո՞վ է բռնել ձեռքերդ: 

Օրե՞նքն է արգելում, ուրեմն՝ փոխեք, վատն է: Ի՞նչ անի թերի կրթություն ստացած, աղքատության շղթան չհաղթահարող, 15000 դրամի շահագործվող, բայց 3000 դրամ տուն տանող մարդը: Նա հիմա դա էլ չունի: Նա չգիտի իր իրավունքը: Հասկանո՞ւմ եք: 

Նախ նա չգիտի «իրավունք» բառը: Ո՞վ պետք է պաշտպանի էդ մարդուն, եթե ոչ համապատասխան կառույցը: Ի՞նչ անի 12 ժամ գրտնակով հացի խմոր բացող, առավոտյան վեցի կողմ ուժասպառ սեղանին հենված կինը: Շարքը չեմ շարունակում: 

Խնդիրն ամենուր է, բոլոր ոլորտներում: Սկսած մասնավորի ամենափոքր ձեռնարկությունից՝ վերջացրած օլիգարխների սուպերմարկետներով ու գործարաններով: Իմ իրավունքը պաշտպանել պետք չէ: Բավարար զոռբայություն ունեմ դրանք պաշտպանելու համար: Այդ մարդկանց է պետք պաշտպանել: 

Էներգիա արտադրող երկիրը՝ իր էներգակիր ռեսուրսներով, վասալական կախման մեջ է: Կարո՞ղ է պետությունը սեփականատիրոջն ասել, թե մի քիչ ուշ հավաքի վարձերը կամ չեղարկի: Չի՛ կարող, գռփել ու թալանել են, մսխել ու լափել: Հենց այդ պատճառով այսօր ռազմավարական կարևորության բոլոր ռեսուրսները՝ կապը, էներգետիկան, երկաթուղին, անգամ՝ սեփական լեռների ջուրը, մեծ հաշվով մերը չեն: Սրա մասին էլ երեկ պետք է մտածեինք: Մտածել ենք, բայց մի քիչ այլ ուղղությամբ:

Ո՞վ է շահելու այս ամենից: 

Հրեշը, որը կոչվում է բանկային համակարգ, սպեկուլյանտները և արյան վրա խրախճանք կազմակերպողները:

Եթե ուզում ենք հաղթած դուրս գալ, կարիք ունենք հետագայում ապահովագրելու մարդուն, Հայաստանում ապրող, աշխատող, բարիք ստեղծող մարդուն ու նրա իրավունքը: Պարտավոր ենք սոցիալական համերաշխություն եզրույթը կիրառել ուղիղ ու նպատակային, այլ ոչ որպես ճարտասանական հնարք:

Հ. Գ. «Վշտաբեկներին կարեկցելը մարդկային հատկություն է, ու թեև դա վայել է յուրաքանչյուրին, մենք առանձնապես այդ սպասում ենք այն մարդկանցից, ովքեր իրենք էլ զգացել են մխիթարության կարիքը և մխիթարվել ուրիշներից։ Եթե որևէ մեկը զգացել է մխիթարության անհրաժեշտությունը, և դա նրան բերել է սփոփանք ու բավականություն, ապա ես հենց այդպիսիների թվին եմ պատկանում»։

«Դեկամերոնի» նախաբանից, հատուկ կտրել եմ համատեքստից:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am