«Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այս հարցը պետք է փակված լիներ. պետք է ադրբեջանցիների հետ գնայինք հաշտության». Գագիկ Մելքոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը

– Պարո՛ն Մելքոնյան, Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

– Արցախում առկա այս վիճակը շատ վատ եմ գնահատում, այսինքն՝ թուրքերը, ադրբեջանցիները ցույց տվեցին, որ իրենք մտադրություն ունեն Արցախը հայաթափել։ Այս ու այլ քայլերով իրենք փորձելու են վախ մտցնել արցախահայության մեջ, որպեսզի նրանք դուրս գա Արցախից։ Իրենց հիմնական նպատակը սա է, որին չեն հասնելու։ Ամբողջ միջազգային հանրությունն արձագանքում է տարբեր տեղերից, և մեր իշխանություններն արդեն տարբեր տեղերում իրենց աշխատանքը կատարում են միջազգային կառույցների հետ, և ինձ թվում է՝ շուտով ճանապարհը կբացվի, բայց բուն հարցը վերջնական չի լուծվի։

– Սպասո՞ւմ էիք նման քայլի ադրբեջանական կողմից։ Եթե այո՛, ապա ի՞նչ քայլեր էր ձեռնարկում իշխանությունը դա կանխելու համար։

– Միշտ էլ սպասել ենք սրան, երբ Լաչինի միջանցքի երթուղին իրենք փոխեցին, մենք արդեն հասկացանք, որ իրենք ամեն պահի կարող են նմանօրինակ սադրանքների գնալ տարբեր ճանապարհներով․ այսօր բնապահպաններն են, վաղը հրշեջները կգան, մյուս օրը՝ հավատացյալները։ Այս ամենը Ալիևի գլխավորությամբ կազմակերպված գործողություն է, մենք պետք է միշտ պատրաստ լինենք վատագույնին։

– Բացի պատրաստվելուց, իշխանությունը դրանք կանխելու միջոցներ չի՞ ձեռնարկում։

– Իշխանությունն ամբողջ աշխարհով մեկ բոլորին տեղեկացրել է ու ակնկալում է նրանց բոլորի միջնորդությունը։ Խոսվել է Ռուսաստանի նախագահի հետ, ԱՄՆ-ի ղեկավարության հետ, եվրոպական երկրներին ենք դիմել, որ հարցին լուծում տան։

– Ադրբեջանի նման պահվածքն ինչի՞ հետևանք է, ըստ էության, նրան չեն կանգնեցնում ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահը։

– Դա հետևանք է նրա, որ ժամանակին բաց ենք թողել ամեն ինչը, հենց տասնյակ տարիներ առաջ մենք պետք է այս հարցը լուծած ու վերջացրած լինեինք։ Այսպես առկախեցին, դեռ հիմա էլ մեր դաշնակիցներն ուզում են առկախել այս հարցը։ 

– Պարո՛ն Մելքոնյան, ժամանակին ասելով նկատի ունեք, ինչպես ձեր քաղաքական ուժն է ասում, նախկինների՞ն։

– Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այս հարցը պետք է արդեն փակված լիներ, երբ փուլային ու փաթեթային առաջարկ էին անում, այսինքն՝ մենք պետք է գնայինք դրանց հետ հաշտության, ոչ թե «ոչ մի թիզ հող չենք տա, որ գանք իշխանության» ասեին, այլ պետք է համախմբվեինք ու այդ հարցը լուծեինք, ոնց որ հիմա պետք է համախմբվենք ու կարողանանք այդ հարցերը լուծել։

– Ընդդիմությունն էլ ասում է, որ ձեր իշխանությունը, չնայած սկզբում որդեգրել էր «ոչմիթիզականությունը», բայց հետո հրաժարվելով դրանից, այսպես ասած, թիզ-թիզ հողերը զիջեցիք, միևնույն է՝ հարցը չի լուծվում, Ադրբեջանը խաղաղության չի գնում։ 

– Ինքը հաղթել է պատերազմում ու չի համաձայնում, ու բնական է, որ չի էլ համաձայնի։ Գնդակը իրենց դաշտում է, ոնց ուզում են՝ այնպես էլ խաղում են։

– Խաղաղապահների գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում։

– Նոյեմբերի 9-ի համաձայնությունը որ կնքվել է, կնքվել է հետևյալ պայմանով, որ Հայաստանն իր զորքը հանում է Արցախից, ու Արցախի անվտանգությամբ զբաղվում է Ռուսաստանը, և մենք մեր զորքերը հանեցինք: Ռուսաստանն ինչ պահանջել էր, տվեցինք, իսկ հիմա Ռուսաստանը պետք է կատարի իր պայմանագրային կետերը։

– Չի՞ կատարում։

– Կատարո՞ւմ է։

– Ձեզ եմ հարցնում։

-Չէ՛, ես էլ ձեզ եմ հարցնում՝ դուք տեսնո՞ւմ եք, կատարվո՞ւմ է։

– Իսկ Հայաստանն այդ եռակողմ հայտարարությամբ որևէ պարտավորություն չունի՞։

– Հայաստանը պարտավորվել է ու իր պարտավորված բոլոր կետերը կատարել է։

– Ընդդիմությունը ձեր քաղաքական թիմին մեղադրում է, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները ու ձեռքերը լվացել է Արցախից։

– Ընդդիմությունն ո՞վ է, Քոչարյա՞նն է, ընդդիմության ղեկավարը Քոչարյա՞նն է։ «Հայաստան» խմբակցության ղեկավարը Քոչարյանն է, չէ՞, դե թող Քոչարյանը հիմա գնա Արցախ, վերցնի իր ղարաբաղցի մնացած ընկերներին էլ, կանգնի Արցախի ժողովրդի կողքին, մենք էլ երկրորդ օրը գնանք հասնենք իրենց, կանգնենք Արցախը պահենք։ Թե չէ այստեղ քուչեքում խոսում են, գալիս են Երևանի կենտրոնում կանգնում, գոռում են՝ Արցախին օգնենք։

Արցախի հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ բոլոր արցախցիներն այստեղից գնան Արցախ, մենք էլ իրանց հետևից գնանք, ոնց որ 90-ականներին, կանգնենք Արցախը պահենք, մնացածը լրիվ քամի է։

– Այսինքն՝ սպասում եք Ռոբերտ Քոչարյանը գնա՞, հաջորդ օրը միանաք նրա՞ն։

– Այո՛, բոլորս սպասում ենք, որ Քոչարյանը գնա, ամբողջ հայությանը հավաքի այնտեղ։ Թող հավաքվեն, իրար ձեռք բռնած գնան Արցախ, այստեղ հանրահավաքի տեղ չէ, որովհետև Արցախի համար ամենաշատը իրենք են մտածում, չէ՞, եթե իրենք են՝ թող ելնեն, գնան Արցախ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am