Ապտակ Ռուսաստանից, ի պատասխան Արցախի համերգի

Ապտակ Ռուսաստանից, ի պատասխան Արցախի համերգի
Ապտակ Ռուսաստանից, ի պատասխան Արցախի համերգի

«Ղարաբաղյան խանությունը եղել է այն ժողովուրդների բնիկ բնակատեղին, որոնք հետո ձեւավորեցին ադրբեջանական ազգն ու կոչում են իրենց ադրբեջանցիներ: Դրա համար էլ Ղարաբաղից նրանց վտարումը՝ հանցագործություն է, եւ միայն նրանց վերադարձից հետո կարելի է խոսել որեւէ հանրաքվեի մասին: Առանց փախստականների վերադարձի Ղարաբաղի տարածքում որեւէ հանրաքվե չի կարող լեգիտիմ լինել»:

Ի՞նչ եք կարծում, ով է այդ խոսքերի հեղինակը: Իլհամ Ալիեւ՞ը, թե տխրահռչակ ադրբեջանցի «ազգայնական» /ներողություն աշխարհի բոլոր ազգայնականներից/ Ակիֆ Նագին:

Ամենեւին, այդ խոսքերի հեղինակը Մաքսիմ Շեւչենկոն է, ռուս մեկնաբան, քաղաքագետ, որին, ի դեպ, կարծես թե բավական սիրալիր հյուրընկալել են Հայաստանում, նրան ասուլիսային սրահներ են տրամադրել, կարծես թե նաեւ Արցախ են ուղեկցել, որպեսզի հավանաբար նա այնտեղ ավելի կատարելագործի «ադրբեջանական ազգի» պատմության իր իմացությունը:

Իսկ ո՞վ է Մաքսիմ Շեւչենկոն: Շեւչենկոն Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների Խորհրդի անդամ է, այսինքն Կրեմլի համար ամենեւին էլ ոչ պատահական մի մարդ: Եվ հետեւաբար հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք այդ ոչ պատահական, Կրեմլին կից խորհրդատուներից մեկը Արցախի հարցում ասել պատահական բաներ: Իսկ այդ բաները Շեւչենկոն ասել է «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ զրույցում:

Այդպիսով, Ռուսաստանից փաստացի հնչում է Ղրիմի հարցում Հայաստանի ու Արցախի դիրքորոշման, նաեւ Ստեփանակերտի հրապարակում կազմակերպված համերգի պատասխանը: Հնչում է պատասխանը բոլոր այն մարդկանց, ովքեր քափ ու քրտինքի մեջ փորձում էին Հայաստանի հասարակությանը համոզել, թե Ղրիմը Արցախի համար նախադեպ է:

«Ղրիմի հետ չհամեմատվեք, հանցագործներ»: Փաստացի հենց դա է Շեւչենկոյի հայտարարությունների համատեքստը: Չէ՞ որ նա հայտարարում է, որ առանց ադրբեջանցիների Արցախի հանրաքվեն լեգիտիմ չէ, իսկ ադրբեջանցիներին Արցախից վտարելն էլ հանցագործություն է:

Փաստորեն, նախադեպի որոնումներում թափված քրտինքը իզուր էր, իսկ Արցախի հրապարակում կազմակերպված համերգն էլ ինչ որ մեկը Ռուսաստանում կվերածի ընդամենը անձնական հարցերի մանրադրամի:

Շեւչենկոն նաեւ հայտարարել է, որ Արցախում պատերազմի դեպքում Ռուսաստանը չի մտնի Ադրբեջանի տարածք, քանի որ ՀԱՊԿ-ն իրավասու է միջամտել միայն անդամ պետության դեմ ոտնձգության դեպքում, իսկ «Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի տարածք»: Այլ կերպ ասած, եթե հանկարծ Ադրբեջանն ինչ որ բան որոշի, կարող է Ռուսաստանից չվախենալ, ընդամենը պետք է համաձայնեցնել Ռուսաստանի հետ:

Երեւի պետք է Ղրիմի պաշտպանության համերգը ոչ թե Արցախում, այլ Երեւանի կենտրոնական հրապարակում անել: Միգուցե Ռուսաստանը այդ դեպքում գնահատի հայկական ջանքերը եւ Շեւչենկոյին հորդորի, որ Արցախի հանրաքվեն այլեւս ոչ լեգիտիմ չհայտարարի եւ Արցախից ադրբեջանցիներին վտարելը հանցագործություն չդիտարկի:

Մեկ էլ երեւի արժե, որ Զորի Բալայանը մի նամակ էլ գրի Պուտինին, իսկ պատճենը Շեւչենկոյին, կրկնելով Գյուլիստանի կամ Գյուլնազ տատի հեքիաթները Մոսկվայի համար, միգուցե այս անգամ օգնի: Կարդալ ավելին