«Շատ տարածված է «հանուն պատվի» թանկ թաղում կազմակերպելը». Դագաղագործն ասում է, որ մահվան մասին աշխատելիս չի մտածում

«Շատ տարածված է «հանուն պատվի» թանկ թաղում կազմակերպելը». Դագաղագործն ասում է, որ մահվան մասին աշխատելիս չի մտածում
«Շատ տարածված է «հանուն պատվի» թանկ թաղում կազմակերպելը». Դագաղագործն ասում է, որ մահվան մասին աշխատելիս չի մտածում

Քարե պատերի ներսում, հողոտ ու փոշոտ խցում, արհեստավորների գործիքների սիմֆոնիկ աղմուկի մեջ իսկական աշխատանքային եռուզեռ է: Սենյակի պատերին կողք կողքի շարված են սրբապատկերներն ու խաչերը, որոնց մոտ` կիսավառված, չորացած մոմեր: Մեջտեղում մեծ վառարանն է, կողքի սեղաններին երկարությամբ փռված դագաղներ, որոնց ջանասիրաբար ձև ու չափ են տալիս բազմամյա փորձով վարպետները:

29-ամյա Վահե Զաքարյանը՝ ամենօրյա աշխատանքի ծխից ու փոշուց դեղնած շորերը հագին, գլխարկը գլխին ու կարճ մատիտը ականջի հետևը, ամեն առավոտ օրը սկսում է նույն կերպ:

Չափումներ անում, սղոցով տախտակները կտրում, մեխով իրար կպցնում, մակերեսը հարթեցնում ու մինչև օրվա վերջ արդեն 3-5 դագաղ կողք կողքի պատրաստի շարում արհեստանոցի միջանցքում:

«Արդեն 4-5 տարի է, աշխատում եմ որպես դագաղագործ: Դե, 17 տարեկանից հյուսնություն եմ սովորել: Սկզբից երկար ժամանակ կահույքի գործ էի անում, հետո սկսեցի դագաղագործությամբ զբաղվել»,- ասում է Վահե Զաքարյանը:

Նրա ձեռքերն արդեն գիտեն այս արհեստի բոլոր նրբությունները: Վահեն արագ-արագ հարթեցնում է վեցանկյուն դագաղի կողքերը և պատմում ընդունված չափանիշների ու արտառոց դեպքերում յուրօրինակ պատվերների մասին:

«Մերը հիմնականում ցածր և միջին խավի գործն է: Այնպիսի դագաղներ ենք պատրաստում, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսը դա է գնում, ամենաէժանն է: Երկարության ստանդարտ չափը 1 մետր 80 սմ է, իսկ ուսերի լայնությունը 60 սմ, բայց շտանգիստների դեպքում լայնությունը 67 սմ ենք անում, կամ բոյով մարդկանց համար երկարությունը մինչև 2 մետր 10 սմ ենք խփում»,- ասում է Վահեն:

Երիտասարդ դագաղագործը նշում է, որ տղամարդկանց դագաղները պատրաստվում են մուգ շագանակագույն, կանանցը՝ բաց, իսկ երիտասարդ աղջիկներինն ու երեխաներինը՝ սպիտակ:

«Արհեստավոր կա, երեխայի դագաղ չի սարքում, չի համաձայնում, վախում է՝ իբր իր երեխայի դեմը չբերի»,- ասում է Վահեն և հավելում, որ ինքը նման վախեր չունի ու մահվան մասին աշխատանքի ընթացքում չի էլ մտածում:

Նա նշում է, որ շատ հանգիստ է վերաբերվում իր աշխատանքի բնույթին և իր պրակտիկայի ընթացքում պատրաստել է 70 սմ-ից մինչև 1 մետր 50 սմ երկարության մանկական դագաղներ:

«Չեմ մտածում կամ վախում, նույնիսկ դեպքեր են եղել, որ մահացած մարդը անատոմիկում ընկել է դագաղից, քանի որ դագաղի տակը պոկվել է: Մենք գնացել ենք, դրել ենք, հավաքել ենք, նորից մարդուն տեղավորել ենք դագաղի մեջ ու եկել»,-ասում է Վահեն ու հավելում, որ սկզբնական շրջանում ընտանիքի անդամներին չի հայտնել, թե որտեղ է աշխատում:

Նա նշում է, որ հայրը նույնպես հյուսն է, բայց երբեք դագաղագործությամբ չի զբաղվել:

«Դե, մի տարի գաղտնի եմ պահել, որ չվախենան: Կինս էլ հղի էր, աղջիկս պետք ա ծնվեր, մտածեցի՝ կարող ա ազդվի, մտածմունքների մեջ ընկնի, որ իմանա՝ որտե՛ղ եմ աշխատում: Դրա համար սպասեցի՝ աղջիկս ծնվի, նոր ասեցի կնոջս: Հիմա գիտեն ու նորմալ են նայում աշխատանքիս»,- հավելում է Վահեն:

Արհեստանոցում իր աշխատանքը վերջացնելուց հետո կիսապատրաստ դագաղները անցնում են կողքի սենյակ, որտեղ նրա գործընկեր վարպետները կատարում են վերջին աշխատանքները՝ «պլաստիկատ խփում, աբիվկա քաշում», ընթացքում էլ զրուցում, կատակներ անում, առօրյա հոգսերից խոսում:

Ամենքն իր գործն է անում ու մտածում պատվերը ժամանակին ավարտին հասցնելու, որակյալ պատրաստելու մասին:

Հիմնականում պատրաստում են վեցանկյուն դագաղներ, իսկ կափարիչները, երբեմն ըստ պատվերի, անում են երկու կամ երեք տումբայով:

«Սովորականի դեպքում քաշն էլ պետք է 60-100 կգ տանի, բայց ստանդարտից դուրս նույնիսկ 220 կգ-ի համար ենք պատրաստել, բռնակները վեցի տեղը ութ հատ դրել: Դեպք է եղել, որ դագաղ են ուզել, մարդը մեջը տեղավորվել է, բայց չաղ է եղել, մսերը կողքից դուրս են եկել, բերել են, փոխել ենք, ավելի բարձր ենք դրել բորտերը: Կամ՝ մարդ է եղել՝ բարձրահասակ, ոտքերը դուրս են մնացել, կափարիչը չի նստել, էլի փոխել ենք»,- պատմում է Վահեն:

Նա հավելում է, որ իրենց պատրաստած դագաղները խանութներում վաճառվում են կրկնակի, եռակի թանկ, մինչև 120 հազար դրամ արժեքով, իսկ եթե արհեստանոցից են գնում մեծ քանակով կամ անհատական պատվերով, կազմում է 25 հազար դրամ:

«Դե, խանութներում վաճառում են նույնիսկ 2-4 մլն դրամի հասնող դագաղներ, որոնք ամբողջովին պատրաստված են մաքուր փայտից, բայց ի՞նչ, որ մի ժամ հետո գնում է հողի տակ: Դե, ամեն մարդ էլ չի, որ կարա իրան թույլ տա, առնի դա: Դե, էդ թանկերը օլիգարխների համար է: Ո՞վ ունի 2 մլն, որ տա, դագաղ առնի»,- ասում է Վահեն ու նշում, որ այսօր սովորական, նորմալ հուղարկավորության ծախսը կազմում է շուրջ 200 հազար դրամ:

Նա նշում է, որ, այնուամենայնիվ, հայերի մեջ շատ է տարածված «հանուն պատվի թանկ թաղում» կազմակերպելը:

«Ես մարդ գիտեմ, լիքը պարտքերի մեջ է, կամ մարդ կա, ապրում է խոնավ, վատ տան մեջ, բայց որ իր հայրը մահացել էր, 25 հազար դրամանոց դագաղի փոխարեն գնել էր 70 կամ 110 հազար դրամանոց դագաղ, կատաֆալկան շքեղ մեքենա էր պատվիրել, գերեզմանն ավելի լավ տեղ էր ընտրել, այսինքն՝ 200 հազարի փոխարեն ծախսել էր 400 հազար»,- ասում է Վահեն:

Նա նշում է, որ իր համար անհասկանալի է սոցիալապես անապահով վիճակում գտնվող շատ ու շատ ընտանիքների կողմից նման մոտեցումը:

«Բայց ուրիշ բան, եթե մարդը շատ հնարավորություն ունի, գումար ունի ու կարող է թանկը առնել, շքեղ հուղարկավորություն անցկացնել: Այդ դեպքում թող իր ցանկությամբ անի»,- ասում է Վահե Զաքարյանը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am