ՀԱԿ հայտարարությունը`երիտասարդ ակտիվիստների գործով

ՀԱԿ հայտարարությունը`երիտասարդ ակտիվիստների գործով
ՀԱԿ հայտարարությունը`երիտասարդ ակտիվիստների գործով

ՀԱԿ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, այսօր՝ նոյեմբերի 12-ի դատական նիստում թույլ է տվել ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի մի շարք կոպտագույն խախտումներ։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր 8 միջնորդությունները եւ, ի պատասխան այդ ապօրինության դեմ բողոքի, ամբաստանյալներին հեռացրել դատարանի դահլիճից։ Դատարանն այդ քայլին գնացել է ստիպված՝ խուսափելու համար այն փաստերի քննությունից, որոնք ամբողջությամբ հիմնազուրկ են դարձնում մեղադրանքը։
Դատական նիստից հեռացված լինելու հանգամանքով ամբաստանյալները զրկվել են դատաքննությանը, դատական վիճաբանություններին մասնակցելու, իրենց դիրքորոշումները ներկայացնելու, պաշտպանական ճառի եւ վերջին խոսքի՝ օրենքով սահմանված իրավունքներից։ Մերժվել է պաշտպանական կողմի նկատմամբ հրապարակավ բացասական վերաբերմունք արտահայտած, ընդհուպ մինչև ամբաստանյալների հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տված դատավորներ Ա. Դանիելյանին եւ Մ. Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Դատարանի կողմից պաշտպանական կողմի միջնորդությունների մերժման հետեւանքով՝

– Խախտվել է դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը։

– Խախտվել է ամբաստանյալների դատական պաշտպանության իրավունքի սկզբունքը։

– Գործը չի քննվել անկախ եւ անաչառ դատարանի կողմից։

– Պաշտպանության կողմը զրկվել է վկաներ կանչելու իրավունքից:

Վերոհիշյալ խախտումներից յուրաքանչյուրն առանձին, առավել եւս բոլորը միասին հանգեցրել են արդար դատաքննության սահմանադրական իրավունքի խախտման: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս գործելակերպը եւ արձանագրում, որ այս ամենն, ակնհայտորեն, ունեն քաղաքական դրդապատճառներ եւ պայմանավորված են ամբաստանյալների՝ ընդդիմությանը հարելու, ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքով»:

© Medialab.am