Նոր որոշման հետևանքով իրանցիների հոսքը Հայաստան կտրուկ նվազել է. ըստ իրանահայ լրագրողի՝ մեր երկրի հեղինակությունը բարձրացավ, հիմա՝ ճիշտ հակառակը

Հուլիսի 15-ից հետո իրանցիների հոսքը Հայաստան կտրուկ նվազել է։ Իրանահայ լրագրող Ժորժ Աբրահամյանի դիտարկմամբ՝ նոր կարգավորումը և պատվաստման գործընթացի կազմակերպման ակնհայտ թերությունները հիմնական պատճառը դարձան, որ Իրանի քաղաքացիները չեղարկեն իրենց այցը Հայաստան։

«10 օրվա այցելության ժամանակ բավական գումար պետք է ծախսեն, դրա համար շատերը հրաժարվում են Հայաստան գալուց։ Պատվաստման միջոցառումը շատ փնթի էր արված, կարծում եմ՝ ոչ մի բան կազմակերպված չէր, թե ինչպես քաղաքակիրթ երկրի պես ընդունենք»,- ասում է լրագրողը։ 

Հուլիսի 15-ից ՀՀ առողջապահության նախարարության նոր որոշումն ուժի մեջ է մտել, ըստ որի՝ Հայաստանում օտարերկրացիները կարող են պատվաստվել միայն 10 օր Հայաստանում անցկացնելուց հետո։

Իրանահայ լրագրողի խոսքով՝ նոր որոշումն ու վերաբերմունքը հակառակ ազդեցությունն են ունեցել, հակաքարոզչություն է սկսվել:

«Նախ սա մարդասիրական բնույթ էր կրում, սակայն երբ ես փողոցում, այդ շոգ արևի տակ հանդիպում էի իրանցիների, ցավալի էր։ 

Իրանական մամուլում տարբեր լուսանկարներ տարածվեցին, գրում էին՝ տեսեք՝ Հայաստանում մեր հայրենակիցներն ինչպիսի պայմաններում են, մի՛ գնացեք, ձեզ էնտեղ նվաստացնում են: Սկզբում ինչքան մեր երկրի հեղինակությունը բարձրացավ, հիմա ճիշտ հակառակ էֆեկտը եղավ»,- ասում է Աբրահամյանը։

Ժորժ Աբրահամյանի փոխանցած տվյալների համաձայն՝ մինչև հուլիսի 15-ը ցամաքային սահմանով 14400 իրանցի է Հայաստան այցելել։ Այս ընթացքում Իրանից Հայաստան 35 թռիչք է տեղի ունեցել։

Սակայն այժմ հոսքը գրեթե դադարել է, դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ Իրանում պատվաստման գործընթացում ակտիվություն է նկատվում:

«Երեկ խոսում էի Թեհրանի ընկերներիս հետ, ըստ երևույթին, էնտեղ էլ է պատվաստման գործընթացն արագացել, և դա պատճառ է դարձել, որ իրենք սպասեն՝ հերթը հասնի»,- նշում է լրագրողը։

Իրանում կորոնավիրուսի վարակվածության կտրուկ աճը և «դելտա» շտամի տարածումը պատճառ էին դարձել, որ մարդիկ խուճապի մեջ հայտնվեն և փորձեն հնարավորինս արագ պատվաստվել։ 

Ըստ worldometers.info-ի տվյալների՝ ընդհանուր առմամբ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 3 միլիոն 501,079 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 86 հազար 966 մարդ, հուլիսի 17-ին՝ մեկ օրում 15 հազար 139 մարդ վարակվել է վիրուսով։

Ժորժ Աբրահամյանն ասում է, որ Իրանում ապրող իր ծանոթ բոլոր ընկերներն ու բարեկամները վարակվել են կորոնավիրուսով:

«Բազմաթիվ քաղաքներ կարմիրով են նշված, և շատ մարդիկ արագ վարակվում են»,- ասում է նա և կարծիք հայտնում, որ այն իրանցիները, որոնք արդեն Հայաստանում ստացել են առաջին դեղաչափը, կվերադառնան երկրորդ դեղաչափը ստանալու։

«Գոնե 10 հազար մարդ պետք է վերադառնա, բաց չեն թողնի երկրորդ դեղաչափը ստանալու հնարավորությունը, որովհետև հատկապես Իրանում «դելտա» շտամն է տարածվել, այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի պետը հայտարարել է, որ Իրանի գրեթե բոլոր նահանգներում շտամը տարածվել է»,- նշում է նա։

Այդուհանդերձ, Աբրահամյանի դիտարկմամբ՝ պատվաստման ճիշտ գործընթացի իրականացումը թույլ կտար, որ Հայաստանը ոչ միայն մարդասիրական օգնություն ցույց տար իրանցիներին նման դժվար իրավիճակում, նաև զբոսաշրջությունը կակտիվանար, եթե որոշումներն ու հայտարարությունները կտրուկ և անակնկալ կերպով չարվեին:

«Նույն այդ երկիրը 90-ական թվականներին մեզ ձեռք մեկնեց, շրջափակումից, սովից փրկեց, ուրեմն ավելի քաղաքակիրթ վերաբերմունք կարելի էր ցույց տալ: Կարծում եմ՝ հայտարարությունները ժամանակավրեպ էին, շատ արագ փոխվում էր, մարդիկ եկել էին պատվաստվելու հույսով, օրենքը միանգամից փոխվեց, շատ անելանելի վիճակում հայտնվեցին։ Այդ փնթի մոտեցումը պատճառ դարձավ, որ ձևավորվի «սև շուկա», յուրաքանչյուր դեղաչափը վաճառվում էր 50 դոլարով։ Այդ մասին իրանական մամուլում բազմաթիվ նյութեր հրապարակվեցին։

Մեր հնարավորությունների շրջանակում գուցե ճիշտ էր պատվաստանյութ ստանալու համար երկրում մնալու օրերի քանակ սահմանել, սակայն գուցե մի շաբաթն ավելի հարմար, ավելի տրամաբանական լիներ, քան 10 օրը: Պետք էր նայել, իմանային՝ մարդիկ քանի օրով են արձակուրդ գնում, որովհետև էդ հոսքը միանգամից դադարեց»,- նշում է իրանահայ լրագրողը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am