Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուսադրել է որ մինչև հունիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 000-ի:
«Մի անգամ մեջբերել էի մի մեթոդաբանություն և ասել, որ հնարավոր է՝ մինչև հունիսի վերջ ունենանք կորոնավիրուսով հաստատված 500 հազար դեպք և եթե նման սցենար լիներ, մեզ անհրաժեշտ կլիներ 300 մլն դոլար գումար։ Դա գնահատական էր։ Բարեբախտաբար մենք չենք ունենա այդքան դեպք նույնիսկ ահագնացող աճի դեպքում»,-նշել է նախարարը:
Թորոսյանը նաև քաղաքացիներին առաջարկել է դիմակները ճիշտ կրել, ձեռքերը հաճախ լվանալ ու ախտահանել և պահպանել սոցիալական հեռավորությունը, որպեսզի խուսափենք վատատեսական սցենարներից։