Եվրոպական հանձնաժողովը դադարեցրել է վրացական դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար Շենգենյան գոտի առանց վիզայի մուտքը։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Այսօր՝ մարտի 6-ին, Եվրոպական հանձնաժողովը դադարեցնում է վրացական դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքը։ Նրանք այժմ պարտավոր են վիզա ունենալ Շենգենյան գոտի պաշտոնական նպատակներով մուտք գործելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Եվրահանձնաժողովը նշել է, որ նման մեխանիզմ առաջին անգամ է կիրառվում, և որոշումը հաստատվել է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։
Ըստ հաղորդագրության՝ վիզաների կասեցման մեխանիզմը ակտիվացվել է՝ ի պատասխան «Վրաստանի կողմից ժողովրդավարության և հիմնարար իրավունքների կարևոր ոլորտներում առանց վիզայի ռեժիմի շրջանակում ստանձնած պարտավորությունների միտումնավոր և շարունակական խախտման»։
Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմը գործում է 2017 թվականից։ 2025 թվականին Վրաստանում ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից հետո կողմերի հարաբերությունները սրվել են։ ԵՄ ավելի քան 10 երկիր արդեն չեղարկել է վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ճանապարհորդությունները։



















