Սրանով պետք է զբաղվեր ԱԱԾ-ն ու պարզեր՝ ինչպես է ստացվում, որ Հանրայինով պրոպագանդվում է մուղամը. Կոմիտասագետ

Արթուր Շահնազարյանը

«Բայց ո՞վ ասեց՝ իրենց երաժշտությունն է դա. մերն էլ է եղել մուղամը։ Կոմիտասը, որ հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել այդ քառորդ նոտաները, ու իրենց տհաճ է թվացել: Իսկ ինքը հայ երգը տարածելու համար հետ է եկել-ասել՝ չէ՛, չսիրեցին. բռնեք ջնջեք: Բոլոր քառորդ նոտաները ջնջել են: Ես այդ պատմությունը գիտեմ: Զուտ տարածելու համար, որ իր համերգներին մարդիկ հաճախ գան, բռնել-քառորդ նոտաները ջնջել են…»: Այս խոսքերի հեղինակը ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սարգիս Բալասանյանը՝ Սուպեր Սաքոն է։ Նա այս միտքը հնչեցրել է մայիսի 15-ին Հանրային հեռուստաընկերությունով հեռարձակվող «Կերպարից դուրս» հաղորդման ժամանակ, ինչն էլ հատկապես հարուցել է հանրության դժգոհությունը, որ բոլորիս հարկերով սնվող հեռուստաընկերությունը նման մարդկանց եթեր է տրամադրում։

«Մեդիալաբը» թեմայի շուրջ զրուցել է երգահան, կոմիտասագետ, խազագետ, «Ակունք» անսամբլի ղեկավար Արթուր Շահնազարյանի հետ։

– Պարո՛ն Շահնազարյան, հնչեցված մտքի ու Հանրային Հեռուստաընկերությամբ նման միտքը հեռարձակելու վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում։

– Նախանցած տարի, երբ Նոր տարվա օրը վարչապետի ու Վեհափառի խոսքից հետո հնչեց մուղամ, ես հոդված հրապարակեցի, որում ասում էի, որ Հանրայինում գործակալ կա, ու պահանջեցի, որ հայտնեն այդ գործակալի անունը։ Հիմա ձեր կողմից հիշատակված իրողությունը դրա շարունակությունն է, ես չեմ կարծում, թե դա արվում է առանց միտումի։ 

– Ո՞րն է նպատակը։

– Այլասերել հայ ժողովրդին, եթե Թուրքիայի դրոշը կախեին՝ այդքան վնաս չէր տա, որքան որ պրոպագանդում են մուղամը և ուզում են մտցնել մեր նոր սերնդի մեջ։

– Իսկ ձեր հոդվածին որևէ կերպ պատասխան եղա՞վ։

– Ո՛չ, պատասխան չեղավ, այդպես էլ չիմացանք, թե ո՛վ էր մուղամը միացնելու հրաման տվել։ Սա հենց այնպես չի արվում։ 

Մենք ունենք հոգևոր ու ֆիզիկական հայրենիք, եթե ֆիզիկական հայրենիքի սահմանները զինվորներն են պաշտպանում, ապա հոգևոր ու մշակութային հայրենիքի սահմաններ թշնամին վաղուց է ներխուժել ու այդ արևելյան կլկլոցներով գրավել մեր երիտասարդների ուշքն ու միտքը, փոխել մարդկանց տեսակը։ 

Սա պատերազմ է, սա երաժշտագիտական հարց չէ, որ ինձ եք ուղղում, սա ազգային անվտանգության հարց է, ու սրանով պետք է զբաղվեր ԱԱԾ-ն ու պարզեր՝ ինչպե՛ս է ստացվում, որ Հանրայինով պրոպագանդվում է մուղամը։ Զինվորականների շրջանում լրտեսների են բռնում, չէ՞, բայց սրանք ազատ են, ինչ ուզեն՝ կանեն։ Ես չգիտեի, որ Հ1-ով է դա եթեր գնացել, երբ ինձ ասացին՝ չէի հավատում։ 

Պետք է պահանջել, որ հնչեցնեն այդ գործակալի անունը, եթե թաքցնում են՝ իրենք էլ են մասնակից, ինչո՞ւ են թաքցնում, անցած անգամ էլ թաքցրեցին։ Երկու անգամ հոդված գրեցի ու պահանջեցի տալ հրաման տվողի անունը, որի հրամանով Նոր տարին մուղամով դիմավորեցինք։ Թող անուններ տան, սա՛ է իրականությունը։ Սրանով ողջ ազգը պետք է զբաղվի։ 

– Պարո՛ն Շահնազարյան, հիմա այդ միտքը հնչեցնողին պետք է պատժե՞ն, թե մեղավորը միայն նա չէ:

– Ո՛չ, նրան, ով այդ տղային բերել է եթեր։ Նման մտքեր հնչեցնողների բանակ կա, որ թրքացած հայեր են, որ պետական պաշտոն են զբաղեցնում և ֆինանսավորվում մեր՝ հարկատուներիս հաշվին ու նման քարոզ անում։ 

– Այս ամենն, ի վերջո, հանրության մտածողության վրա ազդեցություն ունենո՞ւմ է։

– Արդեն ունեցել են․ նստում ես տաքսի՝ արևելյան մի այլանդակ, այլասերված կլկլոց է հնչում, մտնում ես խանութ՝ այդ կլկլոցն է, հեռուստացույց ես միացնում՝ այդ կլկլոցն է։ Մեր նոր սերնդի գլխին մի ամբողջ ծրագիր են միացրել, փոխել են, ու մարդկանց մեծ մասը թուրքական էլ չէ, ախր, թուրքական երաժշտության աղավաղված տեսակն է լսում։ 

– Հիմա մենք ի՞նչ ենք լսում՝ մուղա՞մ։

– Ասացի արդեն՝ այդ կլկլոցները, քանի որ մուղամ էլ չեն երգում. մուղամն արևելյան դասական երաժշտության 12 եղանակների համակարգ է, որն ունեն պարսիկները, արաբները, նրանցից վերցրել են թուրքերը և ձևափոխել: Այդ կլկլոցներով համալիր են լցնում, հայ հարուստներն էլ հովանավորում են դրանց։ Կոմիտասի ժամանակներից է գալիս դա, Կոմիտասը հոդված ունի, որում փաստում է, որ հայ մեծահարուստները հովանավորում էին Պոլսի տիրացուներին, որ Պատարագը երգեն աղավաղված արևելյան կլկլոցներով, որովհետև իրենց դուր է գալիս «քաղցր ձայնը»: 

Այդ օրվանից մինչև հիմա այդ պայքարը գնում է, Խորհրդային Միության ժամանակ այս ժողովրդի մեծ մասը Զեյնաբ Խանլարովա էր լսում։ Անկախացանք, ասացինք՝ երևի պրծանք այս փորձանքից, բայց արի տես, որ ինչ-որ ուժեր այնպես արեցին, որ դա չկտրվի, ու հայ հարուստները հազարավոր դոլարներ են վճարում այդ երգիչներին, որ իրենց քեֆերին երգեն, նման մի կլկլոցի համար մինչև 6 հազար դոլար են տալիս։

– Պարո՛ն Շահնազարյան, այդ երևույթի դեմ ինչպե՞ս պայքարել։

– Դրա դեմ պայքարի մի ձև կա․ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի, որպեսզի գոնե պետական կառույցները չօժանդակեն դրան, որովհետև ոչ պետականի ձեռքը բռնելը դժվար է: Հաջորդը՝ պետք է դպրոց, մանկապարտեզ, ռազմական դոկտրինի նման դրվի այդ հարցը, որ այս սերունդը փրկվի, որ ազգային երգով մեծանա։ 

– Մի՞շտ է եղել այս վիճակը։

– Սա պատերազմ է, ասացի՝ Կոմիտասի ժամանակներից մինչև այսօր գալիս է։ Մշակութային պատերազմ է սա, դու ունես երկու հայրենիք՝ ֆիզիկական ու հոգևոր, եթե հոգևոր հայրենիքդ հանձնես, ֆիզիկականն արդեն կհանձնես ու կհանձնես։ Վահան Տերյանը 1914-ին գրում է «Հոգևոր Հայաստան» հոդվածը, որում ասում է, եթե չի լինելու հոգևոր Հայաստանը, ապա ինձ պետք չէ այդպիսի ֆիզիկական Հայաստան։ 

– Շատերի համար զարմանալի է, որ Հանրային հեռուստաընկերությամբ է նման բովանդակության հաղորդում հեռարձակվում: Նախկինում նման դեպքեր հիշու՞մ եք: 

– Երբեք չի հնչել նման բան, Խորհրդային Միության ժամանակ էլ թույլ չէին տալիս, որ Հանրայինով դա քարոզվի, երբեք, բայց մերօրյա Հանրայինով սա առաջին դեպքը չէ։ Նույն Հանրայինով ռաբիս երգիչներ են բերել, երգացնում են, մի հաղորդում ունեն՝ ռաբիս երգերը երգում են սիմֆոնիկ գործիքների տակ, մեր բյուջեից գումար են վատնում, բերում մի հատ ռաբիս երգիչ, որ ամբողջ օրը պորտապարի երգեր է երգում, բարձրացել է Հ1-ում ու այդ երգերը երգում ջութակների նվագակցությամբ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am