Տարօրինակ ընտրություններ

Վահրամ Թոքմաջյան

Հայաստանում նոյեմբերի 9-ից սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամը կարծես հանգուցալուծման նշույլներ է ցուցադրում։ Տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկիրը պարտության տարած քաղաքական ուժը վստահ հաղթանակ արձանագրեց։ 

Վերանալով անձերից ու կուսակցություններից՝ ուշադիր ընթերցողը կհարցնի․ իսկ որտե՞ղ է տրամաբանությունը։ Տրամաբանություն իհարկե կա, բայց դա առանձին խոսակցության թեմա է։ 

Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է ժամանակի մեքենայով ճանապարհորդենք հեռավոր 1988 թ․ և քննության առնենք վերջին 31 տարիների պատմությունը, բայց դա մեկ այլ առիթով։

Իսկ ինչո՞վ էին այս ընտրությունները տարօրինակ։ Երբեք չի եղել Հայաստանում մի իրավիճակ, երբ ընդդիմությունն ավելի շատ ռեսուրս ու հնարավորություն ուներ ընտրությունները կեղծելու, քան իշխանությունը։ 

Սա հենց այդ դեպքն էր, և ընդդիմության որոշ թևեր փորձեցին օգտվել այդ հանգամանքից կամ օգտվեցին։ Նախաքննությունը կպարզի, եթե գոյություն ունենա։

Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրություններ եղել են, բայց այդ շղթան կտրվել է։ Ընտրական մեխանիզմների չգոյության պարագայում էական կասկածների հիմք չեն տալիս 1990 թ․ Գերագույն խորհրդի ընտրությունները։ 

Էլ ավելի անկասկած անցավ Անկախության հանրաքվեն, իսկ դրան հաջորդեց Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելը, որը կասկածի տակ դրեց միայն Պարույր Հայրիկյանը, քանի որ Տավուշի գյուղերից մեկում ապտակ էր ստացել։

Հետո արդեն այս շղթան կտրվեց, և յուրաքանչյուր հաջորդ ընտրություն ավելի կասկածելի էր, ավելի դաժան ու բիրտ մեթոդներով կեղծվող։ Ու այդպես հասանք մինչև 2018 թ․ արտահերթի հանգրվանին։ Արտահերթը կեղծելու իմաստ չկար, քանի որ ժողովրդական զգացմունքային ալիքի վրա ի սկզբանե պարզ էր ամեն ինչ։ 

Այս ընտրություններում կար կասկած, որ իշխանությունը կգնա կեղծիքների։ 

Դրան նպաստող հանգամանքներն էին՝ պարտությունը պատերազմում, ընդդիմության ունեցած հսկայածավալ ռեսուրսները, հայհոյանքի, ատելության, չարիքի խոսքի ահռելի չափաբաժինը երկու կողմերից, զեղծարարության, ձեռնածությունների, կեղծ ինֆորմացիաների գերդոզավորումը, մուրճը, մանգաղը, քոքը, խորքը, մեյդն ու մնացածը։ 

Նախորդ հոդվածներից մեկում ես համոզում էի հայտնել, որ իշխանությունը չի կեղծելու այս ընտրությունները։ 

Վերը թվարկած փաստարկներին ունեի ընդամենը մեկ հակափաստարկ․ իշխանությունը չունի ռեսուրսներ և կայացած բրգաձև մեքենա՝ ընտրությունները կեղծելու համար։ 

Ընտրություն կեղծելը հանաք մասխարություն չէ, ամեն մեկի խելքի բանը չէ։ Անկախ գրանցված արդյունքներից, շատ էական է, որ այս գերլարված վիճակում գոնե ժողովրդավարության թելը չկտրվեց։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանն առայժմ կատարեց իր տված խոստումներից մեկը․ «Ձեռքերս կկտրեմ, բայց ընտրություն չեմ կեղծի»։

Գալով արդյունքներին՝ շատերը պարզագույն պատճառ են բերում, թե Քոչարյանի վերադարձը կանխելու համար մարդիկ գնացին ու ընտրեցին Փաշինյանին։ Սա սև սրտի մխիթարանք է և ուրիշ ոչինչ։ 

Այդպես կարող էին վարվել ընտրողների 10 տոկոսը, կամ առավելագույնը՝ 15, բայց ոչ ամբողջ էլեկտորատը։ Քանի տոկոսներից խոսք ընկավ, ապա ասեմ, որ գրանցված 49 տոկոսը չի համապատասխանում իրականությանը։ 

Եթե հաշվի առնենք Հայաստանի մշտական բնակչության թիվը, ապա ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 70 տոկոսից ավելին։ 

Հասկանալով հանդերձ, որ Հայաստանի իրական բնակչության թվի հայտարարումը կարող է նոր սպառնալիքներ ստեղծել, այնուամենայնիվ կարծում եմ, որ մենք պետք է ուղիղ նայենք ճշմարտության աչքերին։ 

Մարդիկ ընտրեցին Փաշինյանին՝ մի քանի խորքային խնդիրներից ելնելով։ Առաջնահերթն իհարկե կապիտալի անարդար վերաբաշխումն է։ 

Ուրվական, որը մեզ հետապնդում է անցնող 30 տարիների ընթացքում և դեռ երկար կհետապնդի։ Կապիտալի զգալի մասը կուտակված է ՀՀ երկրորդ, երրորդ նախագահների և նրանց մերձավոր շրջապատի ձեռքին։ 

Հայաստանցին սա շատ լավ գիտի։ Կապիտալի անարդար բաշխմանը զուգահեռ ձևավորվել են իրական պատմություններ և միֆեր։ Դրանք պակաս ազդեցություն չունեցան այս ընտրություններում կողմնորոշվելու մասով։ 

Եթե սրան գումարում ենք նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է տիրապետում ժողովրդի, ասել կուզի՝ հիմնական էլեկտորատի զգացմունքներին ու լեզվին, ապա պատկերը ոչ ամբողջությամբ, բայց ստանում է իր տեսքը։ 

Հայաստանի երեք նախագահները չեն խոսել անկախ Հայաստանի ժողովրդին հասանելի լեզվով։ Իսկ դա էականորեն փոխում է իրերի դասավորությունը։

Ի՞նչ ստացանք արդյունքում։ Պատերազմի երեք կուսակցությամբ և մեկ չեկիստի մասնակցությամբ խորհրդարան։ 

Միայն Փաշինյանի բացառիկ տաղանդն էր ի զորու բոլոր հավանական քաղաքական և իրավական մեղքերի մեջ մեղադրվող Քոչարյանից ստանալ ԱԱԾ սրբազան ջրով մաքրազերծված, 29 մանդատ ունեցող ուժ և քաղաքական խրամատը չլքող ու պակաս ազդեցություն չունեցող Սերժ Սարգսյան։ Հարդյունս՝ մեր պատմության վերջին փուլի սատանայի շրջապտույտը փակված չէ։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am