«Փչացա՞ծ, թե՞ բոշա»․ արտահերթին սպասելիս

Վահրամ Թոքմաջյան

Հայաստանյան քաղաքական ճգնաժամը շարունակում է իջնել կորի ցածրագույն կետ։ Իսկ նման իջեցումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ 

Փողոցը մարդաշատ չէ, իշխանությունը չի հաղթահարել թեկուզ ներսի բարդույթները, երրորդ բևեռ չի ձևավորվում, սրան էլ գումարենք նախագահի ինստիտուտի անհասկանալի պահվածքը։

Այս իրավիճակում թևածում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության միտքը։ Իհարկե շահառու կողմերից յուրաքանչյուրն ունի իր մոտեցումները՝ իշխանությունը պատրաստ է արտահերթի՝ հուշագրի դեպքում, ՀՓՇ-ն՝ առանց Նիկոլ Փաշինյանի, Մարուքյանը՝ շտապ, Ծառուկյանը՝ լռում է, իսկ արտախորհրդարանական մյուս ուժերն էլ հստակ դիրքորոշում չեն արտահայտում։ 

Այս ամենով հանդերձ, կարծես բոլորի ուզածը մեկն է՝ արտահերթ ընտրություններ։ Տպավորություն է, որ արտահերթ ընտրություններով լուծվելու են Հայաստանի բոլոր խնդիրները, և մոռացվելու է ամեն ինչ։ 

Իրականում, ներքաղաքական այս ծայր լարվածությունը թուլացնելու այլ միջոց, քան արտահերթն է՝ իրավական ուղիով, չկա։ Սակայն կարծում եմ, որ ուռճացված են արտահերթ ընտրություններից սպասումները։

Արտահերթ ընտրություններով ճգնաժամը չի հանգուցալուծվելու։ Ավելին՝ հնարավոր է առաջանան նոր, ավելի անկանխատեսելի ճգնաժամեր։ Ես այստեղ չեմ մտնի այն պրիմիտիվ խոսույթի դաշտ, որով փորձում են կանխորոշել արտահերթի՝ իշխանությունների կողմից կեղծված լինելը։ 

Բնավ ոչ։ 

Իշխանությունն ընտրություններ կեղծելու ռեսուրսներ չունի։ Եթե ավելի անկեղծ լինենք, փողոցի ընդդիմությունն ու նրանց հովանավորներն ավելի շատ ռեսուրսներ ունեն ընտրություն կեղծելու կամ գոնե հարամելու, քան իշխանությունը։

Բոլոր հիմնական դերակատարները շտապում են։ Յուրաքանչյուրն ունի իր օբյեկտիվ պատճառները։ Իշխանության ռեյտինգը նվազում է, ինչը բնական է, ՀՓՇ-ն փորձում է ցույց տալ, որ իր ճնշումներն արդյունք են տալիս ու ավել միավորներ վաստակել, համընդհանուր հիասթափության ֆոնին նվազում են նաև ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» ձայները։ 

Իսկ դա նշանակում է, որ կառուցողական երրորդ բևեռը լուրջ շանսեր կարող է ունենալ՝ զգալի տոկոսներ վերցնելու։ Իհարկե երրորդ բևեռ ասելով ես բնավ նկատի չունեմ վերջերս առաջացած ինչ-որ հանդեսային խմբավորումներ, որոնց բոլորի հետևում երևում են նույն ականջները։ 

Այս շտապողականության արդյունքում մենք կարող ենք ունենալ քաղաքական համակարգի բազմաթիվ վնասներ, ինչպես ունեցանք 2018-ի անսպասելի ընտրություններում։ 

Այդ խորհրդարանի հետևանքները «վայելում» ենք մինչ օրս։ Ընտրությունների նախապատրաստվող կարևորագույն քայլեր դեռ կատարված չեն։ 

Դրանցից առանցքայինը թերևս նոր Ընտրական օրենսգիրքն է, որի մի շարք կարևորագույն դրույթներ առանց կյանքի կոչելու, նոր ընտրությունները կդառնան անիմաստ։ 

Սրան գումարենք վերը նշված հանգամանքը, որ շտապողականությունը թույլ չի տա հայհոյանքի դաշտում չգտնվող ուժերին մոբիլիզացվել ու պատրաստվել ընտրությունների։ Ընտրությունների արդյունքում, շատ հավանական է, ուժերից որևէ մեկին չհաջողվի վերցնել զգալի մեծամասնություն։ Հարդյունս՝ կունենանք հեղհեղուկ խորհրդարան։

Լավագույն դեպքում, եթե անգամ ստացվի ընդունել նոր Ընտրական օրենսգիրք, կարևոր՝ սահմանադրական նորմերը փոխել այս խորհրդարանով, կազմակերպել իդեալական ընտրություններ, հայաստանյան քաղաքական ճգնաժամը չի վերանալու։ 

Եվ չի վերանալու ոչ թե այն պատճառով, որ որոշ քաղաքական ուժեր պատրաստ են բզկտելու միմյանց, այլ պատերազմում պարտության պատճառով։ Պատերազմի հետևանքները մենք շատ երկար ժամանակ չենք հաղթահարելու։ 

Բարոյական, սոցիալական, հոգեբանական, տնտեսական ճգնաժամերը մեզ ուղեկցելու են։ Ցավով եմ ասում, սակայն մենք պետք է նորից վարդագույն ակնոց չդնենք ու սթափ նայենք իրերին՝ հասկանալով ապագայի բոլոր բարդությունները։ 

Հասկանալով, որ արտահերթ ընտրություններով մեր խնդիրների զգալի մասը չի լուծվում, բայց, միևնույն պահին, այդ ընտրություններն այլընտրանք չունեն։ Լավագույն դեպքում նոր խորհրդարանը լինելու է անցումային՝ իր բոլոր բաղադրիչներով։

Ես նաև դժվար եմ պատկերացնում, թե «փչացած, բոշա, փչացած, բոշա» քաղաքական ֆոլկլորից դուրս ինչ են խոսելու, ինչ օրակարգով են հանդես գալու գոնե հիմա դաշտում գտնվող ուժերը։ 

Բայց թերևս սրան առանձին կանդրադառնանք, քանի որ վերջին 30 տարիների դիլեման՝ պատերազմ, թե խաղաղություն, նորից կանգնած է մեր դռանը։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am