«Ռուսաստանը Երևանում փորձում է իր մկանների ցուցադրություն անցկացնել՝ բացարձակապես հաշվի չառնելով այն ռիսկերը, որի տակ դնում է Հայաստանին»․ Վերլուծաբան

«Ռուսաստանը Երևանում փորձում է իր մկանների ցուցադրություն անցկացնել՝ բացարձակապես հաշվի չառնելով այն ռիսկերը, որի տակ դնում է Հայաստանին»․ Վերլուծաբան
«Ռուսաստանը Երևանում փորձում է իր մկանների ցուցադրություն անցկացնել՝ բացարձակապես հաշվի չառնելով այն ռիսկերը, որի տակ դնում է Հայաստանին»․ Վերլուծաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

֊Պարոն Մեհրաբյան, Հայաստանում անցկացվեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին մասնակցեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի՞նչ սպասել Պուտինի այս այցից՝ հաշվի առնելով այն, որ ամեն անգամ նրա այցը Հայաստանը անպայման որևէ մեսիջ է պարունակում:

֊Չնայած այս միջոցառումը վաղուց էր պլանավորված, բայց չէր կարող իր վրա չունենալ ընդհանուր կոնտեքսի ազդեցությունը, որը կա այսօր: Ներկայումս Ռուսաստանը և նրա ղեկավարը արդեն անցել են միջազգային հարաբերություններում բոլոր թույլատրելի սահմանները, և այսօր նրանք ենթարկվում են ու էլ ավելի են ենթարկվելու միջազգային պատժամիջոցներին ու հակազդեցությանը: Դա կապված է թե Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ, թե այն զանգվածային սպանությունների, որը գործում է Պուտինի ռեժիմը Սիրիայում: Եվ դրա հետ կապված արդեն մի քանի երկրների ձայներ են հնչում, որ սրանք ռազմական հանցագործություններ են, և պետք է միջազգային քրեական դատարանում այս հարցը քննարկվի: Ավելին, ԱՄՆ-ն նաև քննարկում է ռազմական հակազդեցության տարբերակ:

Խոսքը վերաբերում է Սիրիային: Եվ այս ընդհանուր համատեքստում մենք տեսնում ենք մի բան, որ Ռուսաստանը Երևանում փորձում է իր մկանների ցուցադրություն անցկացնել: Բնականաբար, այդ երկիրը բացարձակապես հաշվի չի առել և չի էլ առնելու Հայաստանի շահը, այն ռիսկերը, որի տակ դնում է Հայաստանին իր այս պարզապես խուլիգանական պահվածքով: Եվ հայկական կողմից էլ մենք որևէ հակազդեցություն չենք տեսնում:

Ավելին, մենք տեսնում են միայն քծնանք, անողնաշար , չորեքթաթ ու ողորմելի պահվածք: Եվ այս ամեն ինչը լուրջ սպառնալիք է, որի պատասխանն այսօր չկա: Մենք այսօր Հայաստանի քաղաքական դաշտում տեսնում ենք միայն մեկ սուբյեկտ, դա «Ազատ դեմոկրատներն» են, որը հայտարարությամբ հանդես եկավ: Եվ մենք տեսնում ենք, որ բացի այդ ուժից, այսօր քաղաքական դաշտը լուռ է՝ լինի իշխանամետ, թե ընդդիմադիր հատված: Մենք տեսնում ենք, որ նրանք ընդհանրապես ասելիք չունեն, անգամ հայտարարության մակարդակով ասելիք չունեն:

֊«Ազատ դեմոկրատները» ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ անդամ երկրները ԱՄՆ և ՆԱՏՕ հակահրթիռային պաշտպանական համակարգերը համարում են իրենց անվտանգության սպառնալիք և պատրաստվում են դիմակայել այդ համակարգերին: Տեղեկություն կա, որ այդ հարցի վերաբերյալ դրույթը ներառված է կազմակերպության մինչև 2025 թվականի համար մշակված hավաքական անվտանգության ռազմավարության նախագծի մեջ, որը հաստատվելու է Հայաստանում: Դա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար:

֊Դա նախ նշանակում է, որ Հայաստանում քաղաքական դաշտը լցված է աղբով, և իբր քաղաքական պատասխանատվություն են ստանձնել ուժեր, որոնք քաղաքականության մեջ պարզապես գոյություն, ասելիք ու անելիք չունեն և զբաղված են միայն իրենք մանր չարչիական բիզնեսով՝ օգտագործելով քաղաքական լծակները: Իսկ արտաքին առումով դա նշանակում է, որ Հայաստանը փաստորեն միանում է Ռուսաստանին՝ Արևմուտքի դեմ դիմակայության մարտադաշտում:

Պետք է հասկանալ, որ Արևմուտքն այս ամենին խիստ փիլիսոփայորեն է նայելու և դիտարկելու է որպես անլուրջ պահվածք: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը կարող է դիտարկել որպես սպառնալիք իր համար, կարծում եմ, սրանից ավելի մեծ ապուշություն դժվար է պատկերացնել: Աա ապուշություն է, և ապուշ է լինելու նաև նա, ով դրա տակ կստորագրի: ԱՄՆ և ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանությունը ոչ թե սպառնալիք է Հայաստանի համար, այլ մեծ բարիք: Երկրորդը, դա լուրջ գործոն է, որպեսզի Հայաստանին սպառնացող վտանգը կարողանան զսպել: Իսկ այդ սպառնալիքը մեր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցն է, որը դամոկլյան սրի պես կախված է Հայաստանի գլխին և մի ծանր քարի պես՝ պարանոցին:

֊Արդյոք պատահականություն էր, որ նման հարցի քննարկումն ու հաստատումը պետք է Հայաստանում լինի, թե՞ նման հարցերում պատահականություն չի լինում:

֊Համենայնդեպս սա պլանավորված էր Հայաստանում, և այսրոպեական շահերը թելադրեցին, որ այդ հայտարարությունն արվի: Բայց, կրկնում եմ, սա նշանակություն չունի: Նշանակություն ունի այն, թե Հայաստանն ինչպես է կառուցում ու կառուցելու իր արտաքին քաղաքականությունը: Եթե դա արվելու է ապուշ եղանակով, ապա դա ուղղակի մեծ չարիք է դառնալու հայ ազգի գլխին: Հայաստանն այս ամենին դիմագրավելու և այս ամենից պատվով դուրս գալու համար ուներ ռեսուրսներ, բայց այդ ռեսուրսը մսխվեց հանուն մանր չարչիական ինչ-որ շահերի, ընդ որում, կոռուպցիոն շահերի: Եվ մենք հիմա կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, որոնք էլ ավելի են ահագնանալու ժամանակի ընթացքում: Ըստ ամենայնի մենք տեսնում ենք, որ Արևմուտքում այլևս կասկած չկա, որ Պուտինի հետ որևէ բան պայմանավորվելն այլևս իմաստ չունի:

Միակ բանը, որ կարելի է անել Պուտինի ռեժիմի հետ, դա սատկացնելն է Պուտինի ռեժմին, և սատկացնելու են, դրանում թող ոչ ոք չկասկածի: Պարզապես ամբողջ հարցն այն է, թե այդ ռեժիմի հետ մենք էլ պետք է սատկենք, մեզ էլ հետն էն սատկացնելու, թե՞ չէ։

Էմմա Մանուկյան

MediaLab.am