Բյուջեի մեծ լվացք Երեւանում

Բյուջեի մեծ լվացք Երեւանում
Բյուջեի մեծ լվացք Երեւանում

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանին մտահոգում է ինչպես Երևանի նախորդ տարիների, այնպես էլ 2014-ի բյուջեն, որում, նրա խոսքով, մի շարք անհիմն ծախսեր են ներառվել դարձյալ:

Մայրաքաղաքի 2014 թվականի բյուջեն հաստատված է եկամուտների գծով 69 մլրդ 091 մլն 815.9 հազ. դրամ,  ծախսերի գծով՝ 69 մլրդ 491 մլն 815.9 հազ. դրամ:

Lragir.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը նախ անդրադարձավ Երևանի 2013 թվականի բյուջեի կատարողականին՝ նշելով, որ որքան էլ կատարողական հաշվետվություններ են ներկայացվել, այնուամենայնիվ այդ բյուջեի ծախսը հարուցել է թե քաղաքի բնակչության, թե ավագանու ընդդիմադիր անդամների դժգոհությունը:

«Ցավոք սրտի, քանի որ ռեալ մեխանիզմներ չկան, մենք լավագույն դեպքում անարդյունավետ ծախսի վերաբերյալ գնահատական ենք տալիս: Անհասկանալի ծրագրեր են իրականացվել, որոշ ծրագրեր անարդյունավետ են եղել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ նույնանման ծախսեր հաստատվել են նաև այս տարվա բյուջեով: «Այդ ծախսերն իներցիայի ուժով շարունակվում են: Դա մի բանի մասին է վկայում, որ եթե այդ ծրագրերի արդյունքները տեսանելի չեն, բայց դրանք շարունակում են իրականացվել, ապա կարող ենք եզրակացնել՝ գործ ունենք փողերն ուղղակի մսխելու մեխանիզմի հետ, որը վերահսկելի չէ: Ցավոք, որքան էլ ավագանու խմբակցություններն օրենքով օժտված են վերահսկողական իրավունքներով, միաժամանակ օրենքի մակարդակով բացառված են այդ մեխանիմզները: Մի կողմից թղթի վրա ավագանու խմբակցություններին տրվել են իրավունքներ բյուջեի հետ կապված, մյուս կողմից կոնկրետ լծակներից զրկված ենք»,- ընդգծեց Երևանի ավագանու անդամը:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս տարվա բյուջեից մոտ 70 մլն դրամ դարձյալ նախատեսված է միջազգային շրջագայությունների համար: Նա նշեց, որ ամենևին դեմ չլինելով Երևանի միջազգային կապերի զարգացմանը՝ այս հատկացումը ուռճացված է համարում: Երևանի քաղաքապետին արտերկրյա հանդիպումներում ուղեկցող պատվիրակությունների կազմն, ըստ նրա, անհարկի մեծ է, բացի այդ, այդ պատվիրակություններում ընդգրկվում են բացառապես ՀՀԿ անդամները:

«Այդ շրջագայություններին մասնակցում են մարդիկ, ովքեր կարող են և չմասնակցել: Կարող էր այդ ծախսն ավելի համեստ լինել մի քանի տասնյակ միլիոնով»,- նշեց նա:

Երևանի այս տարվա բյուջեից 80 մլն դրամ է նախատեսված դրոշների համար: «Երբ իրենց հարց ես տալիս, թե քանի դրոշի մասին է խոսքը, տարեկան քանի դրոշ են փոխում, ինչո՞ւ է այդքան գումար հատկացվում, պատասխան չկա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա անարդյունավետ ծախս է համարում թափառող շների ստերիլիզացման ծրագիրը՝ նշելով, որ տարիներ շարունակ երևանցիների հարկերի հաշվին կլորիկ գումար է հատկացվում այդ ծրագրին, մրցույթը մշտապես շահում է միևնույն ընկերությունը, սակայն Երևանում թափառող շների թիվը չի նվազում:

Երևանի դալանների նկարազարդման համար, Ստյոպա Սաֆարյանի խոսքով, այս տարի նույնպես գումարներ են հատկացվել: Մեկ դալանի նկարազարդումը հարկատուների վրա նստում է 1.5 մլն դրամ: «Չեմ կարծում, որ այնտեղ աշխատանք են անում Լեոնարդո դա Վինչին, Պիկասոն կամ այլ հայտնի նկարիչ, որ այդպիսի հսկայական գումարներ են հատկացվում: Մենք բազմաթիվ անգամներ հուշել ենք, որ այդ աշխատանքները կարելի է անել, օրինակ, ուսանողների ջանքերով՝ փոքրիկ խրախուսումներ տալով նրանց»,- ասաց նա:

Ասֆալտապատման ծրագրերի հետ կապված նույնպես ավագանու ընդդիմադիր անդամներն ունեն մտահոգություններ: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ քաղաքապետարանը նախօրոք չի հրապարակում, թե որ փողոցներն են ասֆալտապատվելու, որքան մակերեսով, միայն նշվում է, որ շարունակվելու է ասֆալտապատումը, իսկ բյուջեում մի պատկառելի գումար է նշվում:

«Այսինքն՝ այս խնդիրը կա՝ այսքան փաստերը չեն կարող պատահականություն լինել, սա նշանակում է, որ մենք գործ ունենք բյուջեի լվացքի հետ»,- ասաց նա: Կարդալ ավելին