Պարզվում են չորս մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Վանաձոր-Ալավերդի մայրուղու 12-րդ կիլոմետրում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 18-ին ժամը 23:10-ի սահմաններում հիշյալ վայրում «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել երկաթգծի վրա: Այդ ընթացքում բեռնատար գնացքը հարվածել է հիշյալ ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդն ու 3 ուղևորները մահացել են:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, հագուստների, դիակների, ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: