Գործարկվել է Ազգային գեոպորտալի քարտեզագրական բաղադրիչը

Գործարկվել է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ազգային գեոպորտալի քարտեզագրական բաղադրիչը, որը հասանելի է https://maparmenia.am/arpis/ հղումով, հայտնում է Կադաստրի կոմիտեն։

Քարտեզագրական բաղադրիչը հնարավորություն է ընձեռնում համացանցի օգտատերերին առցանց միջավայրում դիտելու կադաստրային քարտեզը՝ օդալուսանկարների (օրթոֆոտոհատակագծերի) հետ համադրված:
Քարտեզագրական բաղադրիչում հասանելի են հետևյալ շերտերը՝
վարչատարածքային սահմաններ (համայնք, մարզկենտրոն),
կադաստրային քարտեզ (հողամաս, շենք),
տեղագրական քարտեզ (ճանապարհներ, գետեր)
օդալուսանկարներ (օրթոֆոտոհատակագծեր)։

Առցանց միջավայրում համապատասխան գործիքի միջոցով հնարավոր է քարտեզի վրա չափել երկարություն և մակերես:


Կադաստրի կոմիտեն բաց է համագործակցության համար և իր պատրաստակամությունն է հայտնում լսելու մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների և շահագրգիռ կազմակերպությունների կարծիքները, Ազգային գեոպորտալի զարգացման իրենց մոտեցումները, որոնք անպայման կքննարկվեն՝ համակարգի արդիականացման գործընթացում ներառելու նպատակով: