«Մենք գիտենք՝ ոնց կարելի է կանգնեցնել այդ պատերազմը, և ով կարող է ամենամեծ ներդրումն ունենալ». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, նորից Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշան։ Ինչպիսի՞ն է իրավիճակը վերջին ժամերի ընթացքում։

– Էականորեն փոփոխություն չկա, պատերազմ է, որն ընթանում է բոլոր ուղղություններով։ Տագնապ է եղել Ստեփանակերտում, ռմբակոծվում են տարբեր քաղաքներ, բնակավայրեր։ Այսինքն՝ էական, արմատական փոփոխություններ չկան։ Հակառակորդը նույն ինտենսիվությամբ հարձակվում է, մեր տղաներն էլ նույն համառությամբ դիմադրում են։

– Երեկ ներկայացվեց քարտեզ, որտեղ ընթանում են մարտերը։ Սա մարտավարական տեսանկյունից որքանո՞վ էր ճիշտ:

– Ասել, որ պետք չէր ներկայացնել կամ պետք էր ներկայացնել, այլ հարց է, ի վերջո, հասարակությանը պետք է ներկայացվի այնպես, որ հանկարծ տարբեր տիպի այլ տեղեկություններ չլինեն, չլինեն տեղեկություններ, որ չեն համապատասխանում իրականությանը և այլն։ Հիմա ներկայացվել է ճշմարտությունը։ Իհարկե, պատերազմն ունի իր կանոնները, բայց, ընդհանուր առմամբ, սա նեյտրալ բնույթ է կրում:

– Նկատո՞ւմ եք արդյոք Ալիևի մոտ հռետորաբանության փոփոխություն։ Մասնավորապես, նա նշել է. «Նրանք խնդրել են Ռուսաստանին ուղարկել իրենց ռազմական անձնակազմին հակամարտության գոտի։ Դա բացարձակապես անարդյունավետ է և հակասում է միջազգային իրավունքին։ Մենք չենք ուզում, որ ուրիշ երկրներ խառնվեն։ Մեր դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրները պետք է զերծ մնան հակամարտությանն անմիջական մասնակցությունից»։

– Իսկ երբ Թուրքիան մասնակցում է տարածաշրջանային զարգացումներին, իրավունք ունի՞, թե՞ ոչ։ Ընդ որում, Թուրքիան հակամարտության գոտու հետ ունի շատ քիչ սահման: Իսկ Ռուսաստանն ավելի ընդարձակ սահման ունի Ադրբեջանի հետ: Բացի դրանից, ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, դրան գումարած, որ միանշանակ է, որ Ռուսաստանը շահագրգիռ է, որ տարածաշրջանում լինեն խաղաղություն և կայունություն: Դա Ադրբեջանի որոշումը չէ՝ ով պետք է միջամտի, ով չպետք է միջամտի: Նրանք արդեն կողմնակի ուժեր են խառնել՝ սկսած Թուրքիայից, վերջացրած ահաբեկիչներով, որոնք ներկայացնում են տարբեր երկրներ և տարածաշրջաններ: 

– Ըստ էության, Ալիևն ասում է, որ դեմ չէ հրադադարին: Ինչո՞ւ է Ալիևը փոխել իր հռետորաբանությունը, և ո՞րը պետք է լինի մեր պատասխանը:

– Դեմ չէ, ուրեմն պետք է քննարկենք և զինադադարը հաստատենք: Ասելով չէ, պետք է նաև գործերով ապացուցել։ Որովհետև որքան պատերազմը երկարում է, այնքան մարդասիրական ճգնաժամը խորանում է։ Բացի դրանից, ինչքան երկարում է, այնքան երկրաչափական պրոգրեսիայով աճում է հավանականությունը, որ այս հակամարտությունը դառնա տարածաշրջանային և գլոբալ: Ամեն ինչ դրան է գնում: 

– Կարծում եք, որ պետք է ժամ առաջ հրադադա՞ր հաստատվի:

– Եթե շուտափույթ հրադադար չհաստատվի, շատ մեծ է հավանականությունը տարածաշրջանային և գլոբալ մի շատ սարսափելի հետևանքների:

– Նախօրեին Ֆրանսիան հետ կանչեց Թուրքիայում իր դեսպանին: Կարո՞ղ ենք արձանագրել, որ աշխարհն արդեն կոնկրետ ատամ է ցույց տալիս Էրդողանին

– Մենք տեսնում ենք Էրդողանի ագրեսիվ, լկտի պահվածքը, և դա ակնհայտ է: Բայց միայն հետ կանչելով չէ, որ հարցը պետք է կարգավորվի: Սա մարտահրավեր է, սա Ֆրանսիան նսեմացնելու ձև է Էրդողանի կողմից: Այսինքն՝ ոչ միայն Մակրոնին անձնապես, այլ նաև Ֆրանսիան է նսեմացնում:

Թե ի՞նչ է անելու Ֆրանսիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ցույց կտա ժամանակը: Բայց դրա հետ կապված մենք չպետք է հույսեր կապենք կամ բավարարվենք: Մենք գիտենք՝ ոնց կարելի է կանգնեցնել այդ պատերազմը, և ով կարող է ամենամեծ ներդրումն ունենալ:

Հենց դրանց հետ էլ պետք է աշխատենք: Իհարկե, նաև հասկանալով, որ իսկապես իրավիճակը բարդանում է: Էրդողանի այսպիսի քայլերն արդեն իսկ ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է լրիվ այլ տարբերակով զարգանալ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am