Պատերազմում Ադրբեջանի զոհերի թիվը մանիպուլացվում է հայկական մեդիայում․ FIP.am

Lragir.am կայքը օգոստոսի 31-ին նյութ էր հրապարակել՝ «Բաքուն արդեն ընդունեց զոհերի 11 հազար թիվը․ դա դեռ ամբողջը չէ» վերնագրով։ 

«Բաքվի կառավարության որոշմամբ՝ 2021-2025 թվականներին պատերազմի զոհերի ու վիրավորների ընտանիքներին կտրվի 11 000 բնակարան։ Բաքուն պատերազմում զոհերի թիվը հայտարարում է մոտ 3000, վիրավորներինը՝ 1000։ Ավելի վաղ, Թուրքիայի կառավարությունը որոշում էր ընդունել օգնություն տրամադրել 6000 զոհերի ընտանիքների», — գրված է հոդվածում։

Նյութը արտատպել էին «Արցախպրեսը» և մի շարք այլ կայքեր։

Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի զոհերի իրական թվի թեման անընդհատ շահարկվում է, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Ադրբեջանի կառավարության որոշումը և հայկական մեդիայում տարածված պնդումների ճշմարտացիությունը։

Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի հրամանի համաձայն, 2021-2025 թվականներին ևս 11,000 բնակարան է նախատեսվում հատկացնել «պատերազմի հետևաքնով զոհված և հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներին»։ Հրամանը, սակայն, չի վերաբերում միայն Արցախյան երկրորդ պատերազմի զոհերին և վիրավորներին։ 

Նշենք, որ պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիր Ադրբեջանն իրականացնում է երկար տարիներ։ Այսպես, ըստ Ալիևի՝ նախորդ 17 տարվա ընթացքում ավելի քան 10 հազար բնակարան է տրամադրվել զոհերի և  հաշմանդամություն ձեռք բերած զինվորականների հարազատներին։ 

Պատերազմում զոհվածների ընտանիքներին և հաշմանդամություն ստացած զինծառայողներին բնակարանների տրամադրման հերթական հանդիպման ժամանակ՝ օգոստոսի 25-ին, Ալիևը հայտարարել է, որ միայն 2020 թ. ընթացքում 1572 բնակարան է հատկացվել զոհերի հարազատներին, ևս 3000-ը նախատեսվում է հատկացնել 2021 թ. ընթացքում։ 

Նա նշել է, որ որոշում է կայացրել բնակարան տրամադրել նաև պատերազմի՝ հերոսի կոչում ստացած մասնակիցներին։ Ծրագրի շրջանակում նաև շուրջ 7000 ավտոմեքենա է տրամադրվելու Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներին։ 

Ելույթի ընթացքում Ալիևը նաև հայտարարել է, որ, ըստ իրենց ունեցած տվյալների, Հայաստանն է թաքցնում զոհերի իրական թիվը, որը, ըստ նրա՝ տատանվում է 7000-8000-ի սահմաններում։ Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը կորցրել է շուրջ 3000 զինծառայող, քանի որ երկիրը «հակահարձակվողի» դերում էր։

Իմիջիայլոց, սա հակասում է նրա ավելի վաղ արած հայտարարությանը, որում Ալիևը պնդում էր, որ Մինսկի Խմբի շրջանակում բանակցությունների ձախողման պատճառով իրենք «սկսել էին փրկության պատերազմ»։

Ըստ պաշտոնական տվյալների՝ պատերազմի հետևանքով Ադրբեջանի զոհերի թիվը շուրջ 3000 է, հայկական կողմից՝ շուրջ 3800։

Այսպիսով, պաշտոնական Բաքուն չի ընդունել վերջին պատերազմում 11 հազար զոհ ունենալու փաստը և նշված թիվը վերաբերում էր նաև Արցախյան առաջին պատերազմում զոհված ու հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ 

Փաստերի ստուգման հարթակ