«Ես ինքս բժիշկ եմ, մարդկանց խնդրում, համոզում, բացատրում եմ, ասում եմ՝ եկեք պատվաստվեք, էլ ի՞նչ անեմ». Սամվել Հայրումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է սրտաբան, ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը

– Պարո՛ն Հայրումյան, Հայաստանում պատվաստումային գործընթացը շուրջ մեկ ամիս է՝ մեկնարկել է, բայց բնակչության մեկ տոկոսը չի պատվաստվել: Նախարարության տվյալների համաձայն՝ շուրջ 20 հազար մարդ է պատվաստվել, սակայն մասնագետները պնդում են, որ պատվաստվածների թվում ամենաշատը օտարերկրացիներ են: Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել:

– Ճիշտն ասած, չեմ կարող պնդել, որ օտարերկրացիները շատ են պատվաստվածների մեջ… 

– Պատվաստումային գործընթացին մասնակից բուժաշխատողներն են այդպես ասում:

– Ամեն դեպքում, նման իրավիճակը պայմանավորված է երկու հանգամանքով. առաջին՝ շատ դժվարությամբ են մարդիկ համաձայնում պատվաստվել: Այնքան հակասական տեղեկություններ են փոխանցվել լրատվամիջոցներով, որ պատվաստանյութերի նկատմամբ վստահությունը նվազել է: 

Դրա համար օտարերկրացիները գուցե ավելի շատ են վստահում, հավատում և ավելի շատ են ուզում պատվաստվել: Դա նաև մարդկանց շրջանում բժշկական, առողջական գրագիտության պակասի մասին է խոսում:

Մեր կենտրոնի (նկատի ունի «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնը – հեղ.) վիճակագրության համաձայն, օրինակ՝ բուժաշխատողների 99 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, մեկը հղի է, չի պատվաստվել, մյուսն էլ նոր էր հիվանդացել, լավացել: 

Մի քանի հնդիկ ուսանողներ ենք ունեցել, որոնք պատվաստվել են, իսկ մնացած դեպքերում մեր բնակիչների շրջանում ենք պատվաստումներ իրականացրել: Երբ նրանց բացատրվում է, համաձայնում են, իհարկե կան մարդիկ, որոնք հրաժարվում են պատվաստվելուց:

– Պարո՛ն Հայրումյան, մեզ հետ զրույցում բուժաշխատողներ են եղել, որ վկայել են՝ պատվաստումների դեմ դժգոհություններ հնչում են նաև բուժաշխատողների շրջանակներից: Ստացվում է՝ մասնագիտական շրջանակները նույնպես դեմ են այս պատվաստմանը: Ինչպե՞ս եք դա բացատրում:

– Ճիշտն ասած, ես նման իրավիճակ չեմ պատկերացնում: Տրամաբանական չէ ու ճիշտ չէ: Էլի եմ ասում՝ մեր բոլոր բուժաշխատողները պատվաստվել են: Ավելին ասեմ, կային բժիշկներ, որ հենց «Աստրազենեկա»-ով էին պատվաստվել, այն դեպքում, երբ նրանց տարիքային խումբը պետք է «Սպուտնիկ  V»-ով պատվաստվեր: Բուժաշխատողները, եթե կարդում են վերլուծություններ, ուսումնասիրում են, նրանք հասկանում են, որ սա արտակարգ իրավիճակներում ստեղծված պատվաստանյութ է, որի փորձաշրջանը կարճ է տևել: 

Բայց, ամեն դեպքում, անվտանգությունը հաստատվել է, ու եթե, ասենք, մեկ միլիոն պատվաստումից մեկ բացասական դեպք էլ լինի, ապա այդ պատվաստանյութից վտանգը շատ քիչ է: 

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահերն ավելի շատ են, հետևաբար պետք է համադրելով այս ամենը՝ հասկանալ ռիսկերը ու որոշում կայացնել: Իսկ որոշումը միանշանակ պատվաստվելու օգտին է լինելու:

– Այդուհանդերձ, հաշվի առնելով հրապարակված տվյալները, արդյոք առողջապահության նախարարությունը չի՞ թերանում պատվաստումային գործընթացի քարոզչության հարցում:

– Իսկ ի՞նչ պետք է աներ, երբ ամենուր լրատվական աղբ է, կիսագրագետ նյութեր են հրապարակում, ու այդ պարագայում նախարարությունն ի՞նչ կարող է անել: Եկեք համեմատենք. 1 միլիոն պատվաստումից մեկ բացասական դեպք կամ բարդություն կարող է լինել, սակայն մեկ ասպիրինից կարող են ավելի շատ բարդություններ ու մահացու դեպքեր լինել, մինչդեռ մեր հանրության մեջ շատ են մարդիկ, ովքեր գնում են դեղատնից մի հատ ասպիրին առնում ու խմում՝ առանց բժշկի դեղատոմսի: Սա պարզ մի օրինակ է: 

Բայց հակաքարոզի դեմ ակցիաներ արվում են կարծես, ամեն օր տարբեր հայտնի մարդիկ, պաշտոնյաներ պատվաստվում են, հեռուստաալիքներով ցուցադրում են, շրջիկ պատվաստումներ են իրականացվում: Էլ ի՞նչ անեն:

– Բայց կարծես արդյունք չկա, պարո՛ն Հայրումյան, բնակչության 1 տոկոսը նույնիսկ չի պատվաստվել:

– Բայց էլ ի՞նչ կարելի է անել: Ես ինքս բժիշկ եմ, մարդկանց խնդրում, համոզում, բացատրում եմ, ասում եմ՝ եկեք պատվաստվեք, էլ ի՞նչ անեմ: Իմ մայրը 81 տարեկան է, տարել եմ առաջինը իրեն եմ պատվաստել «Աստրազենեկա»-ով, ես ինքս առաջինն եմ պատվաստվել, մյուսները տեսել են, հավատացել են, իրենք էլ են դիմել այդ քայլին: 

Բայց, միևնույն է՝ ինչ-որ հատված կա, որ ասում է՝ չէ, վտանգ կա: Եթե այդքանից հետո մարդիկ չեն գիտակցում, չեն հասկանում, էլ ի՞նչ կարելի է անել: Ուղղակի մարդկանց գրագիտության մակարդակը շատ ցածր է: 

Օրինակ՝ մի քանի օր առաջ իմ ծանոթ մարդկանցից մեկն է մահացել, ոչ մի ռիսկի հիվանդություն չի ունեցել ու նման շատ դեպքեր: Շատ մարդիկ նման հարազատ մարդկանց դեպքեր են ունեցել: Մի՞թե սա դաս չի լինում: 

Մի տեսակ աբսուրդային չէ՞ իրավիճակը, երբ մեր երկրի պետական բյուջեով գնված պատվաստանյութով անվճար պատվաստվում են օտարերկրացիներն այն դեպքում, երբ այդ երկրներում պատվաստվելը վճարովի է: Համենայնդեպս, Հայաստանում ակտիվորեն պատվաստվող իրանցիներն են իրենց երկրում վճարովի լինելու մասին ասել: 

– Այդ պատվաստանյութերի մեջ կան այնպիսիները, որոնց ժամկետը շուտով լրանալու է, և ավելի լավ է թափե՞լ այդ պատվաստանյութերը ժամկետը լրանալուց հետո, թե՞ պատվաստել այն մարդկանց, որոնք այստեղ են ու ուզում են պատվաստվել: Ինչքան պատվաստվածները շատ լինեն, այնքան հիվանդությունը կնահանջի, մահերը կնվազեն: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am